«Ադրբեջանի ահաբեկչական-ֆաշիստական էությունը ապացուցվեց ևս մեկ անգամ` դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում իրականացված դիվերսիոն գործողության ժամանակ»՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա՝ հայկական կողմի համար նորություն չէ Ադրբեջանի կերպարն ու գործողությունները, սակայն նման գործողություններով հերթական անգամ այդ երկրի ահաբեկչական տեսակն է ամրապնդվում միջազգային հանրության աչքում: «Սա առաջին դեպքը չէ, և նախորդ բազմաթիվ դեպքերի պես Ադրբեջանի զինուժը հետ է շպրտվել: Ցավոք, գործողությունների ընթացքում հայկական կողմը մեկ զոհ է տվել, ադրբեջանական զոհերի թիվը հասնում է 7-ի»,- հայտնեց Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, սահմանին իրավիճակը վերահսկելի է. լարվածություն կա, սակայն սահմանին հայկական զինված ուժերն են իրավիճակի տերը: «Խուճապ չկա ոչ երկրում, ոչ էլ, առավել ևս, սահմանին: ԼՂՀ պաշտպանական բանակը վերահսկում է իրավիճակն ու խուճապի որևէ առիթ չկա և չի էլ կարող լինել»,- ասել է Դավիթ Բաբայանը: Դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԼՂՀ պաշտպանության բանակը կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը: Հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել և հակառակորդը 5-7 զոհ է տվել: Հայկական կողմը ունի մեկ զոհ. հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր, որով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։