Եվրոպացի քաղաքական գործիչները դատապարտել են «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրության վրա ահաբեկչական հարձակումը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումն անվանել է բարբարոսական ահաբեկչություն: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Թվիթերում Ֆրանսիայի նախագահին ուղղված աջակցության խոսք է գրել: Նա նշել է, որ սարսափի ու տագնապի զգացում է ապրել: Ահաբեկչությունը դատապարտել են և բրիտանացիները՝ վարչապետ Դևիդ Քեմերունը և արտգործնախարար Էդ Միլիբենդը: «Փարիզի սպանությունները արգահատելի են: Մենք աջակցում ենք Ֆրանսիայի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում՝ ի պաշտպանություն խոսքի ազատության»՝ ասել է Դևիդ Քեմերունը:
Ահաբեկիչների ստոր հարձակումը դատապարտել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Ես շոկի մեջ էի, երբ իմացա այդ ստոր ու զազրելի հարձակման մասին,- գրել է կանցլերը Ֆրանսիայի նախագահին,- ուզում եմ իմ աջակցությունը հայտնել Ձեզ և Ձեր հայրենակիցներին այս դժվար պահին իմ և գերմանացի ժողովրդի անունից»:
Զոհերի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ նախագահ Պուտինը խոր ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին, փարիզեցիներին ու բոլոր ֆրանսիացիներին: Կրեմլը վճռականորեն դատապարտում է ահաբեկչությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փարիզյան հաձակումն անվանել է «վրդովեցուցիչ գրոհ խոսքի ազատության դեմ»: Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները, որի կազմում է և Ֆրանսիան, «համատեղ են գործում ահաբեկչության դեմ, որի հետ չի կարելի հաշտվել և որը չի կարող արդարացվել»: Ահաբեկչությունը դատապարտել են նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիևան, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Վատիկանը: