Գյումրու 102-րդ ռազմաբազայի շրջակայքում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպելու եկած Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հեռախոսազրույցից հետո, վկայակոչելով գլխավոր դատախազին, նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի ճակատագրի վերաբերյալ խորհրդակցություններ են տեղի ունենում, որոնք շարունակվելու են նաև վաղը։
«Խորհրդակցությունների ավարտից հետո դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ»,- հեռախոսազրույցից հետո փոխանցեց Ասլանյանը:
Ցուցարարները 22 ժամ տվեցին դատախազությանը՝ խոստանալով 22 ժամ հետո կրկին հավաքվել ու, կախված դատախազության պատասխանից, որոշել իրենց հետագա քայլերը։ Բողոքի ակցիայի մասնակիցները հասել էին 102-րդ ռազմաբազայի մոտ, որտեղ ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել։ Քաղաքացիները պահանջում են վեց հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին։
Պերմյակովի խափանման միջոցի հարցը որոշելու է Երևանում տեղակայված ռուսական հինգերորդ կայազորի դատարանը։ Պերմյակովին Երևան չեն տեղափոխելու, ռուս դատավորն է ժամանելու Գյումրի ու հենց ռուսական զորամասում էլ կայանալու է դատական նիստը։
Գյումրեցի փաստաբանները հրաժարվել են պաշտպանել Պերմյակովի շահերը։ Փաստաբանների պալատից ևս տեղեկացրին, որ Պերմյակովին փաստաբան տրամադրելու համար իրենց չեն դիմել։ Գյումրեցիները բողոքի ավտոերթով ուղղվեցին դեպի ՌԴ հյուպատոսարան՝ պահանջելով Ավետիսյանների ընտանիքի անդամներից 6-ին սպանելու և մի քանի ամսական փոքրիկին ծանր վիրավորելու համար կասկածվող Պերմյակովին և գործի քննությունը հանձնել հայկական կողմին։
Իրավապահները ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ հյուպատոսարանին, հաջորդեց հրմշտոց, ցույցի մասնակիցները ուղղվեցին դեպի Շիրակի մարզպետարան: Այստեղ նրանք ձվեր նետեցին շենքի վրա և ռուսերեն «Կոշկին դոմ» գրությամբ թղթեր փակցրին ապակիներին, ինչին ևս հաջորդեց հրմշտոց ոստիկանների հետ։
Գյումրեցիների բողոքի ակցիային հետևեց Հայաստանի քննչական կոմիտեի հայտարարությունը, որում ասվում էր, որ որոշում է կայացվել Պերմյակովին Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության մեղադրանքով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրեց, որ Հայաստանի օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ:
«Ավետիսյանների ընտանիքի վեց անդամի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հայաստանում շարունակում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողությունները հանցագործության բացահայտման ուղղությամբ։ Այսինքն բոլոր հանգամանքների հետազոտման, պարզաբանման համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում են հարցաքննություններ»,- «Ազատությանը» փոխանցեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության հիմնական կասկածյալին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, փաստարկելով, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և այդ երկրի Սահմանադրության համաձայն չի կարող հանձնվել այլ պետության։