Երևանում տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի առաջին հավաքը, որին Դմիտրի Կիսելյովի հետ ներկա է եղել է ռուսաստանահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կարեն Շահնազարովը: Հավաքի քննարկման հիմնական թեմաներից է եղել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ Գյումրիում կատարած ոճրագործությունը:
1in.am-ի հաղորդմամբ՝ հավաքին քաղաքական ու մշակութային ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների հետ ներկա են եղել այդ ակումբի անդամներ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը: Վազգեն Մանուկյանը հեռախոսազրույցում հաստատել է, որ մասնակցել է հավաքին, բայց չի մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկել: «Ճաշկերույթ է եղել կապված Կարեն Շահնազարովի այցի հետ»,- ասել է նա, Գառնիկ Ասատրյանը տեղեկացրել է, որ ռուսական կողմը մտահոգված է Գյումրիում իրենց զինվորի կատարած սպանդի համար. «Մտահոգված էին, որ այդ դեպքերի արդյունքում կարող է հակառուսական տրամադրություններ առաջանալ»: Քննարկվել է նաև վարկածը, որ այդ սպանությունների հետևում կարող են կազմակերպիչներ լինել: Պատասխանելով հարցին` ռուսական կողմին չէ՞ր մտահոգում, որ այդ ոճրագործության ու հատկապես հետաքննության նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքն է Հայաստանում խորացնում հակառուսական տրամադրությունները, մեր զրուցակիցը կարճ պատասխանեց. «Իհարկե»: «Խոսում էին, որ լավ չեղավ, իսկապես ողբերգություն է: Որ այս դեպքը չպետք է ստվերի մեր բարեկամությունը, պետք է ամեն ինչ անել, որ չխաթարվի մեր բարեկամությունը: Իհարկե, չի խաթարվի, բայց կարող է առիթ հանդիսանալ, որ որոշակի ուժեր փորձեն հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրել: Որոշակի երրորդ ուժեր փորձեն դա օգտագործել և դրանից դիվիդենդներ քաղել: Պետք է այդպիսի բան թույլ չտալ»,- ասել է Ասատրյանը: «Ռուսաստանցի գործիչներն ի՞նչ ենթադրություններ ունեին հանցագործության պատճառների մասին` ինչո՞ւ է Պերմյակովը նման ոճրագործության գնացել, ո՞րն է մոտիվացիան» հարցին նա պատասխանել է. «Խոսում էին, թե կարող է այդ տղան խելակորույս լինել՝ նկատի ունենալով ընտանիքը, որովհետև դեպքը կարծես թե չմոտիվացված է: Խոսում էին, որ կարող է կազմակերպված լինել: Եթե կազմակերպված է, ով է կազմակերպել: Հետաքննությունը պետք է դա պարզի, այդ մարդիկ ոչինչ չեն կարող անել»: Հավաքին մասնակցելու համար Հայաստան ժամանած Կարեն Շահնազարովը Sputnik-Armenia ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Գյումրու ողբերգության հետևում կարող է ավելին կանգնած լինել, քան «պարզապես հանցագործի խելագարությունը»: «Իմ կարծիքով` անհրաժեշտ է մանրազնին հետաքննել: Հարցն այդ տականքի ճակատագրի մեջ չէ, նրա ճակատագիրն ակնհայտ է, սակայն անհրաժեշտ է հասկանալ նրա դրդապատճառները, քանի որ այս հանցագործության մեջ շատ բաներ կան, որ հարցեր են առաջացնում. արդյոք այս ամենի հետևում ինչ-որ ավելի լուրջ բան չի կանգնած, քան պարզապես հանցագործի հիմարությունը»,- ասել է Կ. Շահնազարովը: