Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլուն։ Վրաստանի խորհրդարանի նախագահը, Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, շեշտել է, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության առավել ընդլայնմանը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: «Դավիթ ՈՒսուպաշվիլին և Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը, կարևորեցին միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացումը։ Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրների: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։
ՈՒսուպաշվիլին հանդիպել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ ՀՀ վարչապետը և Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել են հայ-վրացական քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի խորացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված քայլերին՝ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել ներդրումային նոր նախագծերի իրականացումը և հայ ու վրաց գործարարների կապերի սերտացումը: Իսկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար առևտրատնտեսական նոր հնարավորություններ է բացում դեպի մեծ շուկա՝ նշելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին որևէ կերպ չի կարող խոչընդոտել հարևան բարեկամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը:
ՈՒսուպաշվիլին նշել է, որ Հայաստանի և Վրաստանի ընտրած ինտեգրման տարբեր ուղիները չպետք է խոչընդոտեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ընդհակառակը, երկու պետությունները պետք է կարողանան դա օգտագործել ի շահ երկու երկրների և ժողովուրդների: