Լոս Անջելեսում փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվող Հենրի Գևորգյանը՝ հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին, դեպքի պահին մեքենայի ղեկին չի եղել՝ ասել է ընտանիքի ընկեր Կարեն Ֆիդանյանը: Կա տեսանյութ, որտեղ պարզ երևում է՝ Հենրի Գևորգյանը մեկնարկի մրցավարն է: «Վթարը եղել է 3 օր առաջ, իսկ տեսագրությունը փաստաբանի մոտ հիմա է հայտնվել: Այս տեսանյութն ապացուցում է Հենրիի անմեղությունը: Համոզված եմ, որ շուտով նրան ազատ կարձակեն»,- կարծում է Կարեն Ֆիդանյանը: ԱՄՆ KTLA հեռուստաալիքին տված հարցազրույցում Հենրի Գևորգյանի փաստաբան Քեյթ Հարդին հայտնել է, որ իր պաշտպանյալը կատարվածի հետ որևէ առնչություն չունի: «Տեսանյութում պարզ երևում է, որ Հենրին կանգնած է երկու մեքենաների մեջտեղում»,- ասել է փաստաբանը:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լոս Անջելեսում ապօրինի փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 21-ամյա Հենրի Մայքլ Գևորգյանը, մեկ այլ մեքենայի հետապնդելիս, չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է մայթին կանգնած անձանց։ Վթարի հետևանքով մահացել էին երկու երիտասարդ, իսկ մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց: Փետրվարի 28-ի երեկոյան Հենրի Գևորգյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: