Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ջորջ Քլունիի մասնակցությամբ Նյու Յորքում մեկնարկել է «100 կյանք» նախագիծը

Ջորջ Քլունիի մասնակցությամբ Նյու Յորքում մեկնարկել է «100 կյանք» նախագիծը
12.03.2015 | 14:40

Նյու Յորքում մարտի 10-ին հայտարարվել է «100 կյանք» նախագծի մեկնարկը, որի նպատակն է երախտագիտություն հայտնել այն անձանց ու կազմակերպություններին, որ հերոսաբար փրկել են հայերի կյանքը հարյուր տարի առաջ կատարված Ցեղասպանության ժամանակ։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել ցեղասպանության խնդիրը, մարդու իրավունքների ոտնահարումը, գնահատել այդ իրադարձության հետագա ազդեցությունը երեք հիմնական ուղղություններով։
Միջազգային գործարարներ և բարեգործներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, բարերար Վարտան Գրեգորյանը նախագիծը հիմնադրել են ցույց տալու Հայոց ցեղապանության հետևանքները, թե որքան մեծ է Ցեղասպանությունից փրկված հայերի և նրանց ընտանիքների ներդրումը մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության և բիզնեսի ոլորտներում։ Բրիտանական «The Daily Mail»-ը գրում է, որ Հոլիվուդի աստղ Ջորջ Քլունին միացել է նախաձեռնությանը և իր աջակցությունը հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ։ Նյու Յորքում կայացած «100 կյանք» նախաձեռնութան շնորհանդեսին 53-ամյա դերասանը մասնակցել է կնոջ՝ մարդու իրավունքների գծով հայտնի փաստաբան Ամալ Քլունիի ուղեկցությամբ։ Բեմ բարձրանալով՝ Ջորջ Քլունին և նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը խոսել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշանակության մասին։ Ինչպես հաղորդում է PRNewswire-ը, Ջորջ Քլունին հումանիտար ոլորտի առաջնորդներին միացել է՝ հիմնադրելու համաշխարհային նոր՝ «Ավրորա» մրցանակը, որը շնորհվելու է «մարդկության արթնացման» համար։
Պարզաբանելով իրենց նպատակները՝ Քլունին և Ռուբեն Վարդանյանը բացատրել են, որ իրազեկության մակարդակի մշտական և հետևողական բարձրացմամբ անհրաժեշտ է պայքարել ապատիայի դեմ, որը Ցեղասպանության հարցի լուծման ճանապարհին ամենամեծ խնդիրներից է։
«Մենք իսկապես ուզում ենք, որ մարդիկ մասնակցեն այս նախագծին, որպեսզի ըստ արժանվույն գնահատվեն նրանք, ովքեր հաղթահարելով իրենց բաժին հասած դժբախտությունները՝ կարողանում են բարություն վերադարձնել ուրիշներին, այնպես ինչպես հայկական համայնքն է դա անում հարյուրամյակին»,- ասել է Քլունին։
«Մարդասիրությունը, շռայլությունը, ուժն ու ինքնազոհությունը, որ դրսևորել են նրանք, ովքեր փրկել են այդքան մեծ թվով հայերի, պարտավորեցնում են մեզ պատմել այս պատմություններն աշխարհին։ Ժամանակն է ստվերից դուրս բերել այդ անձանց, դասեր քաղել մեզ համար ու արտահայտել մեր երախտագիտությունը այդ մարդկանց հերոսական արարքների համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
«Ավրորա» մրցանակը միջոց է աջակցելու նրանց, ովքեր այսօր վտանգում են իրենց կյանքը այլոց փրկելու համար։ Ամենամյա դրամաշնորհը, որի մրցանակային ֆոնդը 1 մլն դոլար է, կփոխանցվի մրցանակակրին, իսկ նա՝ այն կազմակերպությանը, որ իրեն ոգեշնչել է մարդասիրական քայլերի դիմել։
«Ավրորա» մրցանակը կմեկտեղի մարդու իրավունքների պաշտպանության առաջատար գործիչներին ամբողջ աշխարհից, այդ թվում՝ օսկարակիր Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էլի Վիզելը և Օսկար Արիասը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանութան հարցերով խորհրդական Հարեթ Էվանսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների պաշտպանության գծով նախկին հատուկ ներկայացուցիչ, աշխարհահռչակ ու հեղինակավոր իրավապաշտպան Հինա Ջիլանին և «Քարնեգի» կորպորացիայի նախագահ Վարտան Գրեգորյանը, նրանք կդառնան հիմնադիր կոմիտեի անդամներ։ 2016 թ. ապրիլի 24-ին Ջորջ Քլունին Երևանում կհանձնի առաջին մրցանակը։
«Ինձ համար «100 կյանք» նախագծին մասնակցելը մեծ պատիվ է, քանի որ այն և իմ Not On Our Watch հիմնադրամը նույն նպատակն են հետապնդում, այն է՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ցեղասպանության հետևանքների վրա և ջանքեր գործադրել աշխարհում դաժանություններն արմատախիլ անելու համար։ Մեզ բոլորիս պետք է անհանգստացնի այն հանգամանքը, որ այսօր աշխարհում դեռևս տեղ են գտնում ցեղասպանության դրսևորումներ։ Մենք բոլորս՝ որպես անհատ, թե որպես ամբողջական հասարակություն պետք է պայքարենք նման երևույթների դեմ»,- նշել է Քլունին։
Ջորջ Քլունին հոլոքոստի հարցով ԱՄՆ-ի հուշագրային խորհրդի նախագահ Էլի Վիզելի հետ կդառնա այս մրցանակը սահմանող հանձնաժողովի համանախագահներից մեկը։ Հանձնաժողովի մյուս անդամները դեռ կորոշվեն։ Նրանք աշխարհի տարբեր ծայրերում կներկայացնեն մարդու իրավունքների ոլորտում իրենց փորձը։
«Ես անձամբ ցեղասպանության հետևանքով առաջացած ավերածությունների ականատեսն եմ եղել։ Դրա տխուր հետևանքները շարունակվում են մինչ օրս։ Սակայն ես նաև գիտակցում եմ մարդկային հոգու ուժը։ Մենք պետք է հիշենք և հարգենք այն հերոս մարդկանց ջանքերը, որոնք 100 տարի առաջ միջամտեցին նման վայրագությունները կանխելուն»,- նշել է Էլի Վիզելը։
«Ավրորա» մրցանակը կոչվել է Ավրորա Մարտիգանյանի պատվին, որ դեռ երեխա ժամանակ ականատես է եղել Հայոց ցեղասպանության գազանություններին՝ կորցնելով հորն ու եղբայրներին: Նրան հաջողվել է փրկվել, և 1917-ի սկզբին հայտնվել է ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող Էրզրում (պատմական Կարին) քաղաքում: Այստեղ նա ծանոթացել է Մեծ իշխան Նիկոլայի հետ, նրա աջակցությամբ տեղափոխվել Թիֆլիս, 1917-ի հոկտեմբերին՝ Պետերբուրգ: Շատ դժվարությունների միջով անցնելով և հրաշքով մահից փրկվելով, Ավրորա Մարտիգանյանը հասել է Նորվեգիա, իսկ հետո ԱՄՆ: Չնայած բոլոր փորձություններին, Ավրորա Մարտիգանյանը ողջ է մնացել և իր ամբողջ կյանքը նվիրել կարիքավորների օգնությանն ու Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության տարածմանը: 1919 թվականին ԱՄՆ-ում էկրան է բարձրացել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որում նկարահանվել է նաև ինքը:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ