ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր է պատրաստվում

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր է պատրաստվում
16.03.2015 | 18:33

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը, որի քառօրյա աշխատանքներին մասնակցում են Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների պատվիրակությունները, բացի Ադրբեջանից։ Ըստ եվրոպացի պաշտոնյաների, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիր է բանակցվում:
«Եվրանեսթ»-ի համանախագահ Հեյդի Հաուտալան ասել է, որ դա չի լինի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, այլ լինելու է փաստաթուղթ, որով Հայաստանը մի շարք ոլորտներում բարելավելու է իր գործունեությունը։ Եվրոպան Հայաստանին կաջակցի մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում։
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար, կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին կարծում է, որ Հայաստանը գնաց Եվրասիական միություն, քանի որ Սերժ Սարգսյանը անվտանգության երաշխիքներ էր ստացել ԵԱՏՄ մտնելու համար, մինչդեռ, նրա վերլուծությամբ Հայաստանի սպասումները չարդարացան, ուստի ժամանակն է վերանայելու, թե որքանով են այդ երաշխիքները իրական եղել։ Նա, որպես օրինակ, խոսեց վերջին շրջանում սահմանին տիրող լարվածությունից՝ նշելով, որ Ադրբեջանը օրեցօր ավելի վատն է դառնում, իսկ Հայաստանի անվտանգությունը չի բարելավվում։ Ըստ կոմիտեի լեհաստանցի համանախագահի, Հայաստանը պետք է վերանայի այս մասով իր քաղաքականությունը, քանի որ չստացավ անվտանգության երաշխիքներ։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չցանկացավ արձագանքել եվրոպացի պաշտոնյայի այս դիտարկմանը։
ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին համոզված է, որ Հայաստանի ապագան Եվրոպան է: Իսկ թե ինչ քայլեր են արվում այդ ուղղությամբ՝ լրագրողների հարցին, Քշիշտոֆ Բոբինսկին նշեց, որ ՀՀ կառավարությանը որպես օրակարգային հարց մնում է լիարժեք իրականացնել Ասոցացման համաձայնագրից բխող մնացած բոլոր գործողությունները, որոնք կարող են ապահովել սերտ ինտեգրում եվրոպական արժեքներին: Քշիշտոֆ Բոբինսկին նկատեց, որ եթե Ռիգայում ակնկալվում է ստորագրել որևէ շրջանակային համաձայնագիր, պետք է հաշվի առնել, որ բավական քիչ ժամանակ է մնացել: Նա ասաց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ՝ փաստաթղթի ձևավորման շուրջ: Առաջիկա 2 ամսվա ընթացքում անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի կառավարության կամքը՝ փաստաթղթի ձևավորման ուղղությամբ, այլև՝ Եվրամիության 28 անդամ-պետությունների համաձայնությունը, որը այս պահին դեռևս ձեռք բերված չէ: Քշիշտոֆ Բոբինսկին կարծում է, որ սեպտեմբերի 3-ի որոշումը չի նշանակում, թե ավարտվում են բոլոր հարաբերությունները Եվրոպայի հետ: «Ես մի քիչ չեմ համաձայնի այն մտքի հետ, որ Եվրոպական հարևանության կամ Արևելյան գործընկերության քաղաքականությունը պետք է փոխել, որովհետև սխալ է եղել, կամ չի աշխատել, այլ անհրաժեշտ է վերանայել այդ քաղաքականությունը, որովհետև տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ: Սակայն այն, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, որ Եվրոպան շատ հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրներով, քան ասենք հետաքրքրված էր 5 կամ 6 տարի առաջ»,- ասել է նա: Հայաստանին պակասող անվտանգության երաշխիքների համար Բոբինսկին կարծում է, որ նախ անհրաժեշտ է ստորագրել համաձայնագիր, որտեղ կձևավորվեն հիմքեր:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ