Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցին անդրադարձել են թուրքական հայտնի լրատվամիջոցները։ Թուրքական Hurriyet-ը գրում է, որ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան է մեկնում։ «Հայաստանում Քարդաշյան ընտանիքի անցկացրած 8 օրերը նկարահանվելու են և ամեն ինչ ցուցադրվելու է Keeping Up With The Kardashians ռեալիթի ծրագրում»,- գրում է Hurriyet-ը։ ԱՄՆ-ի հեռուստատեսությունում Ցեղասպանության քարոզչություն։ Նման վերնագրով է Քարդաշյանի հայաստանյան այցը մեկնաբանել թուրքական Superhaber.tv-ն։
Թուրքական Internethaber կայքն էլ գրում է, որ Քիմ Քարդաշյանը օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համար է այցելել։ «Հայրս՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայ էր, և այս այցը մեր ընտանիքի համար շատ կարևոր է»,- Քիմի խոսքերը մեջբերում է Internethaber-ը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ Քիմ Քարդաշյանին Հայաստանում պետք է արժանապատիվ ընդունելության արժանացնել: Նրա բախտը չի բերել՝ օրակարգում Քիմ Քարդաշյանին ընդունելու հարց չկա:
Հարցին, թե համամի՞տ է, որ Քարդաշյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից շատ բան արեց Հայաստանի համար, նա պատասխանեց. «Համենայն դեպս նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ` Շառլ Ազնավուրը, կարող եմ էլի թվարկել, նրանք, բնականաբար, մեր ազգի զավակներն են և իրենց գործունեությամբ ու ճանաչելիությամբ նպաստում են նաև մեր երկրի հետագա բարեփոխումների ճակատագրին»: Իսկ Հովիկ Աբրահամյանի բախտը բերեց՝ Քարդաշյան քույրերն այցելեցին վարչապետին, ու նա կարևորեց Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան այցելելը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Քարդաշյան ընտանիքը, ինչպես և աշխարհասփյուռ հայությունը, չեն մոռանում իրենց արմատները և պատմական հայրենիք այցելությամբ ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանը: Քարդաշյանները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ տպավորված են Հայաստանով և մարդկանց ջերմ վերաբերմունքով: Նրանք նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով՝ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու և նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով: Քիմն ու Քլոյեն երկար են երազել պատմական հայրենիք այցելելու մասին և երջանիկ են, որ իրենց երազանքի երկրում են: Նրանք հայերեն են սովորում և շարունակելու են պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար և կարևորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը: Հովիկ Աբրահամյանը լսել է նրանց, հուզվել և հանդիպման ավարտին անմոռուկներ է նվիրել: Քիմ Քարդաշյանը քրոջ, ամուսնու ու դստեր հետ մեկնել է Գեղարդ: