Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, ապրիլի 16-ին, Ժնևի հայտնի «Շատո դը Պանտ» թանգարանում կայացավ «Շվեյցարիա-Հայաստան. Հիշողության ճանապարհին» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին դեսպաններ, Շվեյցարիայի հասարակական-քաղաքական գործիչներ, տեղական իշխանության մարմինների ղեկավարներ, տարբեր պարբերականների խմբագիրներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Շվեյցարիայի հայկական հիմնադրամների օժանդակությամբ կազմակերպված ցուցահանդեսը ներկայացնում էր ցեղասպանությունից հետո Հունաստանի Սալոնիկ քաղաքում ապաստան գտած Կալֆայան ընտանիքի երեք սերունդների ձեռք բերված 14-19-րդ դարերի հայ արվեստի և արհեստագործության եզակի և թանկարժեք նմուշները:
Ցուցահանդեսի բացմանը նախորդեց մամլո ասուլիս՝ շվեյցարական թանգարան-ինստիտուտի տնօրենի, Կալֆայան ընտանիքի ներկայացուցիչների, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ: Շվեյցարական լրատվամիջոցների ուշադրությանը ներկայացվեց ցուցահանդեսի ընդհանուր գաղափարը` ցուցադրել Արևմտյան Հայաստանի աշխարհիկ և կրոնական կյանքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ պատմական հիշողության պահպանման նպատակով: Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց Սիրիայում հայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման խնդիրներին, հայկական եկեղեցիների, այդ թվում նաև` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերմանը: Ընդգծվեց, որ հատկապես վերջին տարիներին համամարդկային մշակութային ժառանգության տարբեր բարձրակարգ նմուշները հաճախ հայտնվում են տարբեր բարբարոսների պատանդի կարգավիճակում, հիշատակվեց Նոր Ջուղայում հայկական հազարավոր խաչքարերի վայրենաբարո ոչնչացումը: Բացման խոսքով հանդես եկավ Հասմիկ Տոլմաջյանը և անդրադարձավ հայ-շվեյցարական ավանդական բարեկամական կապերին, երախտագիտություն հայտնեց Շվեյցարիային և շվեյցարացի ժողովրդին ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած մեծ համերաշխության, հազարավոր մազապուրծ հայերին օգնության ձեռք մեկնելու և ապաստան տալու համար, ընդգծեց հիշողության և սեփական պատմության հետ առերեսվելու կարևորությունը ժողովուրդների հաշտեցման և խաղաղ ապագայի համար: Շվեյցարիայում առաջին անգամ ցուցադրվող ճենապակյա և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ձեռագիր մատյանները, կրոնական արվեստի, ձեռագործության բարձրարվեստ նմուշներն ու զարդերը խոսուն վկայությունն են արևմտահայության զարգացած քաղաքային կյանքի և հարուստ կենցաղի, քաղաքակրթությունների և կրոնների խաչմերուկում գտնվող Հայաստանի ակտիվ մշակութային կապերի: Ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը: