Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փիթեր Բալաքյան. Թուրքիան պետք է վերջ դնի Հայոց ցեղասպանության 100-ամյա ժխտմանը

Փիթեր Բալաքյան. Թուրքիան պետք է վերջ դնի Հայոց ցեղասպանության 100-ամյա ժխտմանը
22.04.2015 | 20:13

Ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանը հոդված է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը հրապարակվել է The Guardian-ում: Նա ներկայացրել է, թե ինչպես և ինչ պատճառներով է 100 տարի առաջ իրականացվել ցեղասպանությունը: Պատերազմից հետո հայերի բնաջնջման մերժումն առասպելներից մեկն է, որի վրա հիմնված է ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը: Հայերի հետ տեղի ունեցածը համարվել է նրանց իսկ մեղքը, և այս թեման տաբու է դարձել, գրում է հեղինակը: Բալաքյանը գրում է, որ Թուրքիայի կրթական համակարգում հայկական անցյալի ներկայացումը կամ բացակայում է, կամ նվազեցված է մի քանի նախադասության, որտեղ հայերը բացասաբար են ներկայացված: Թուրքիայի ավտորիտար ուսումնական ծրագիրը համապատասխանում է երկրում ինտելեկտուալ ազատության ճնշմանը, որի պատճառով Թուրքիան ունի մարդու իրավունքների վերաբերյալ ամենավատ բնութագրերից մեկը: Շարունակական մերժումը կապված է նաև փոխհատուցման վախի հետ: Ի՞նչ օրինական փոխհատուցում կարող է լինել կորցրած հայկական սեփականության և հարստության կամ ավերված 2500 հայկական եկեղեցիների ու վանքերի և մոտ 2000 դպրոցների համար: Թուրքիան ազգային հպարտությունն ավելի վեր է դասել պատմական ճշմարտությունից, գրում է Բալաքյանը: Թուրքիայի մերժողական քաղաքականությունը տարբեր միջոցներով է իրականացվում: Այս տարի ցեղասպանության հիշողությունը թուլացնելուն ուղղված մարտավարություններից մեկն է եղել ապրիլի 25-ի փոխարեն ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառում կազմակերպելը: Բալաքյանի կարծիքով՝ այդ պատճառով է այդքան կարևոր դարձել այն փաստը, որ Հռոմի պապը հաստատել է, որ հայերի կոտորածը եղել է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»՝ չնայած Թուրքիայի հռետորաբանությանը, որի համաձայն պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը ճգնաժամ կառաջացնի մուսուլմանների և քրիստոնյաների միջև: Հռոմի պապը բարոյական հարցն է՜լ ավելի խորն է ներկայացրել, երբ խոսել է Թուրքիայի ժխտողականության մասին՝ ասելով. «Չարը ժխտելն ու թաքցնելը նշանակում է թողնել վերքն արյունահոսի՝ առանց վիրակապելու»: «Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին Թուրքիան իր ազգային պատվի համար լավ կանի, եթե լսի Հռոմի պապին: Չի կարող լինել հաշտեցում, քանի դեռ չկա ճշմարտություն»,- եզրափակում է Բալաքյանը:

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ