Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում

Նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում
07.05.2015 | 13:19

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Սենատի հանրապետական և դեմոկրատ այլ անդամներ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական փոխգործակցությանն ու երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացման և խորացման հարցեր, անդրադարձել այդ հարաբերություններում ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարությանը: ՀՀ նախագահի խոսքով, նաև սենատորներ Միտչ Մըքոնելի և Հարրի Ռիդի ակտիվ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցներին՝ տարիներ շարունակ Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում առանձնահատուկ վերաբերմունք և հոգածություն ցուցաբերելու համար:
Հանդիպմանը մասնակիցները համակարծիք են եղել, որ ՀՀ անկախության ճանաչումից ի վեր հայ-ամերիկյան հարաբերություններն ընդգրկել են համագործակցության լայն շրջանակ: Հայաստանը և ԱՄՆ-ի ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե երկկողմ, թե բազմակողմ հարթություններում:
Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ-ի աջակցությունը՝ միտված ՀՀ պետականության ամրապնդմանը:
Նախագահը բարձր է գնահատել նաև ԱՄՆ-ի դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, այդ թվում՝ ԱՄՆ-ի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվող հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին, այդ թվում՝ ՀՀ նախագահի այցի շրջանակներում Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին: ՀՀ նախագահը և ԱՄՆ-ի սենատորները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Սենատորներն իրենց խոսքում կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի շրջափակման պայմաններում երկրին անհրաժեշտ տրանսպորտային և էներգետիկ այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։
Մայիսի 6-ին Վաշինգտոնում ՀՀ նախագահը այցելել է Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան և ծանոթացել է ցուցադրանյութին: Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում. «Խորապես ազդված եմ տեսածից: Սա մի վայր է, որն իր պատերի ներքո ամփոփում է խոր թախիծ և միաժամանակ հույսի մեծ շող՝ շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունն ընդդեմ անցյալի ժխտման և քողարկման: Սա մի անգնահատելի ներդրում է՝ որպես ապահով ապագայի լուռ, բայց խոսուն երաշխավոր: Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները, ինչպիսիք են Հոլոքոստին նվիրված այս հուշահամալիր-թանգարանը, Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ոչ միայն զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար են, ոչ միայն վերապրածների հիշողությունների խտացված ամփոփումներն են, այլև հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու և դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»:
Նույն օրը Սերժ Սարգսյանն այցելել է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարան, որը զգալիորեն հարստացվել է՝ հավաքագրելով նաև տեսագրություններ, ձայնագրություններ, թվային նյութեր: Նախագահը շրջել է գրադարանում, ծանոթացել ցուցանմուշներին, հայերեն և Հայաստանի մասին բազմաթիվ նյութերին՝ պատմաբանների հիշատակումներին, Հայաստանի հիշատակմամբ հին քարտեզներին, ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի և այլոց կողմից Հայոց ցեղասպանության վկայություններին: Նա կարճատև զրույց է ունեցել Կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգտոնի հետ: Նախագահը ներկա է գտնվել նաև «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով նոր նամականիշերի մարման արարողությանը. ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն մարել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով նամականիշ և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ նամականիշ:
Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն» Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը՝ Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ