Նախագահական նստավայրում ՀՀ նախագահի 2014- ի մրցանակներն են հանձնվել: Տարբեր բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Նախագահը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ
Հարգելի մրցանակակիրներ,
Սիրով ողջունում եմ ձեզ և շնորհավորում ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ բոլորիդ անձամբ հանդիպելու և շփվելու հնարավորության համար: Ճանաչումը կարևոր է յուրաքանչյուր անհատի, առավել ևս՝ ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար, վկայում է, որ մարդն օտարացած չէ հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերն արդյունք են տվել և գնահատվել են: Ձեզնից յուրաքանչյուրը, փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել և գտել է արարման իր ուղին: Մենք հենց այդ պայքարն ենք արժևորում:
Ոչ պակաս կարևոր եմ համարում, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին և կրտսեր սերնդի ներկայացուցիչները: Մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է թույլ չտալ սերունդների կապի խզումը: Գիտելիքի և կարողության, տաղանդի ու փորձի այն հարուստ պաշարը, որ ունի հայ ժողովուրդը, մենք պետք է փոխանցենք սերնդեսերունդ և բազմապատկենք:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրահատուկ խորհուրդ է հաղորդում նաև այս մրցանակաբաշխությանը: Անշուշտ, հարյուրերորդ տարելիցը ոչ որևէ բանի վերջն է, ոչ էլ՝ սկիզբը, ընդամենը պայմանական սահմանագիծ է հայ ժողովրդի հարատևման ճանապարհին:
ՈՒղիղ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերին պարտադրեցին Գողգոթա՝ միայն իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Դահիճները որոշել էին հայի անունը վերացնել աշխարհի երեսից: Այսօր այդ դժնդակ տառապանքներն անցած, նման ողբերգություն վերապրածների ժառանգները սպեկտրաբևեռաչափ են ստեղծում և նանոկառուցվածքներ ուսումնասիրում:
Սրանք հիրավի հպարտանալու ձեռքբերումներ են: Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել ու վերացնել ծրագրողներին ու ցանկացողներին:
Այս պատասխանը տվել են առաջին հերթին հենց Հայոց ցեղասպանությունը վերապրածները՝ նրանք, ովքեր կարողացան հիմնահատակ ավերված մեր տունը կրկին կառուցել ու շենացնել: Վերապրածների այդ մեծագույն ավանդը գնահատելու նպատակով այս տարի մասնագիտական հանձնաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնել այսօր Հայաստանում բնակվող 23 վերապրած կանանց:
Փառք ձեզ, սիրելի մայրեր, փառք ու պատիվ ձեզ: Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում: Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում և այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում ՈՒմբերտո Էկոյի նշանավոր գիրքը:
Հայոց ցեղասպանության դժնդակ ժամանակահատվածում գտնվեցին բարի կամքի տեր մարդիկ, ովքեր փրկեցին տասնյակ հազարավոր գաղթականների և որբերի: Դրանց շարքում անգնահատելի էր Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքը: Այսօր մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակը և երախտագիտություն ենք հայտնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնելով Մերձավոր Արևելքի հիմնադրամին:
Գնահատանքի հատուկ խոսք եմ ուղղում նաև հարգարժան Պողոսյան ընտանիքին, որ իր ուժերի չափով մասնակցում է մայր հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին՝ նաև այս մրցանակաբաշխությանն աջակցելու ճանապարհով:
Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն: Թող ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Խաղաղություն ձեզ և ձեր ընտանիքներին, ձեր հարազատներին և նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի: Շնորհավորում եմ մեկ անգամ ևս:
ՀՀ նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014-ի մրցանակը շնորհվել է՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (այժմ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ)` Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014-ի մրցանակ շնորհվել է նաև ցեղասպանության ենթարկված՝ ՀՀ-ում բնակվող կանանց՝
Երևանից՝ Արևալույս Խաչատուրի ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ ծնված 1913-ին, Սիլվարդ Հայրապետի ԱՏԱՋՅԱՆԻՆ՝ ծնված 1912 -ին, Մարի Ստեփանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1908-ին, Մարիամ Տիգրանի ՄԵՅՄԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1912-ին, Մարգարիտ Ներսեսի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915-ին, Նվարդ Մկրտիչի ՍՈՒԴՋՅԱՆԻՆ՝ ծնված 1915-ին, Արագածոտնի մարզից՝ Խազալ Օզմանի ԱՄՈՅԱՆԻՆ՝ ծնված 1912-ին, Ֆարխա Գուրգենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ծնված 1908 -ին, Գույնա Նազարեթի ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1910-ին, Արարատի մարզից՝ Մարիամ Շմավոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1907-ին, Հերիքնազ Բարեի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1909-ին, Մարիամ Հովհաննեսի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ՝ ծնված 1915-ին, Արմավիրի մարզից՝ Նեկտար Թովմասի ԱԼԱՏՈՒԶՅԱՆԻՆ՝ ծնված 1914 -ին, Եպրաքսի Գևորգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ՝ ծնված 1914-ին, Արեգնազ Պողոսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915-ին, Օվսաննա Սիմոնի ՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ՝ ծնված 1915-ին, Արշալույս Եղիազարի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1912-ին, Սուտե Ալոյի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1909-ին,
Լոռու մարզից՝ Լուսիկ Թորոսի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ՝ ծնված 1912-ին, Մարգարիտ Պողոսի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1913-ին, Կոտայքի մարզից՝ Արաքսի Պետրոսի ԵՆԳՈՅԱՆԻՆ՝ ծնված 1910-ին, Հերսիկ Մարկոսի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1913-ին, Շիրակի մարզից՝ Բուրաստան Իսահակի ՈՒԳՈՒՄՅԱՆԻՆ՝ ծնված 1913-ին: Կանանցից յուրաքանչյուրը ապրիլի 24-ին պարգևատրվել է 1 միլիոն դրամով: Մրցանակի գումարը՝ 23 միլիոն դրամը, հատկացվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:
Հանրապետության նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ նախագահի 2014 թվականի մրցանակ է շնորհվել՝ տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հակոբ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, Նունե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և Վալերի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ` «Նոր սերնդի օպտիկական տարրի հիման վրա ստեղծված սպեկտրաբևեռաչափ» աշխատանքի համար, արվեստի բնագավառում՝ Ռուբեն ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ՝ «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համար, Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ, Լալա ՊՈՒԼՈՒԶՅԱՆԻՆ, Ավետիք ԽԱԼԱԹՅԱՆԻՆ, Արսեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ և Վահագն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ` Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար, բժշկագիտության բնագավառում` Հովհաննես ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆԻՆ, Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ և Արմեն ԽԱՆՈՅԱՆԻՆ` «Շնչափողի սպիական նեղացման վերականգնողական և վերակառուցողական վիրաբուժական բուժման ներդրումը ՀՀ-ում» աշխատանքի համար, Արա ԲԱԲԼՈՅԱՆԻՆ, Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Սահակ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Խաչատուր ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻՆ և Հելեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ` «Հայաստանում քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների ֆիզիկական և սոցիալական ռեաբիլիտացիայի երկարատև ուղին. Հայկական առաջին տրանսպլանտ խաղեր» աշխատանքի համար, ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Խաչատուր ՆԵՐԿԱՐՅԱՆԻՆ և Արսեն ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ` «Մակերևութային պլազմոն պոլյարիտոնների գրգռման և տարածման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում» գիտական հոդվածների շարքի համար, գրականության բնագավառում՝ Զավեն ԲՈՅԱՋՅԱՆԻՆ` ՈՒմբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար: ՀՀ նախագահի 2014 թվականի մրցանակներ չեն շնորհվել բնական գիտությունների և հումանիտար գիտությունների զարգացման բնագավառներում:
ՀՀ նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝ արվեստի բնագավառում՝ Մանվել ՂԱԼԱՉՅԱՆԻՆ՝ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար, Արևիկ ԱՐՈՅԱՆԻՆ՝ «Գևորգյան ճեմարանի սաները» կտավի համար, Արեն ՄԱԼԱՔՅԱՆԻՆ՝ «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար: Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝ «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ և Անդրանիկ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ, «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Սերգեյ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (կլառնետ), Շողեր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (դաշնամուր) և Արտավազդ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ (դաշնամուր): ՀՀ նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ չի շնորհվել գրականության բնագավառում:
ՀՀ նախագահի մրցանակի հիմնման օրվանից ի վեր (2001-2015 թթ.) 306 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի, այդ թվում՝ 19 միջազգային: