Հունիսի 5-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում կլոր սեղան էր հրավիրվել ժամանակի ամենաակտուալ թեմաներից մեկի վերաբերյալ՝ «Ընթացիկ իրավիճակը արաբական երկրներում և ազդեցությունը տարածաշրջանի վրա»: Կլոր սեղանը կազմակերպել էր Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտը, վարում էր ինստիտուտի փոխտնօրեն ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Ելույթ ունեցողների ցանկը պատկառելի էր՝ գործնականում բոլոր մասնակիցները հասարակությանը լավ հայտնի դեմքեր էին: Մասնագիտական տեսակետից հազիվ թե որևէ մեկը հիմքեր ունի կասկածելու արաբական աշխարհում ստեղծված իրավիճակի, Արաբական Արևելքի երկրների հայ համայնքների նկատմամբ սպառնալիքների ու ռիսկերի գնահատականներին, որ հնչեցին կլոր սեղանի շուրջ: Հայկական պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի ներկայացուցիչներ ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆԸ և ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փորձագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆԸ, Երևանի պետհամալսարանի իրանագիտության ամբիոնի ներկայացուցիչներ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ՎԻԿՏՈՐՅԱ ԱՌԱՔԵԼՈՎԱՆ և ՎԱՀԵ ԲՈՅԱՋՅԱՆԸ լուսաբանեցին Սիրիայից Եմեն տեղի ունեցող իրադարձությունների բոլոր կողմերը` հատկապես անդրադառնալով տարածաշրջանի հայերի ու Մերձավոր Արևելքի արևելյան քրիստոնյաների ապագային:
Կլոր սեղանին որոշակի ուղղություն տվեց առաջին ելույթ ունեցող Սերգեյ Շաքարյանցը: Նա Մերձավոր Արևելքում կատարվողը բնութագրեց տարածաշրջանում ապրող ժողովուրդների ցեղասպանություն, ընդգծելով իրավիճակի ողբերգականությունը Եմենում, որ ռմբակոծվում է Սաուդյան Արաբիայի արմատական վարչակարգի կողմից, իսկ հիմա ենթարկվում է բացահայտ ռազմական ագրեսիայի՝ առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնության: Իրավիճակը բարդացնում է այն, որ մի կողմ են մնում այն երկրները, որ հովանավորում ու ոգևորում են Եմենի շիաների նկատմամբ սաուդցիների բացահայտ ցեղասպանությունը: Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ բնաջնջման էությունը, որի զոհ են դառնում հիմնականում խաղաղ բնակիչները, նույնն է, ինչ Իրաքում, Սիրիայում: Սաուդյան Արաբիան, ինչպես «Իսլամական պետության» ահաբեկիչները, իրենց անպատժելիության մեջ վստահ են, որովհետև կատարում են ԱՄՆ-ի ու Իսրայելի աշխարհաքաղաքական պատվերը: Նա հիշեցրեց, որ դեռ 2014-ի օգոստոսին իրանական հատուկ ծառայությունները բացահայտել ու հրապարակել են տվյալներ, համաձայն որոնց «Իսլամական պետության» և մի քանի այլ սուննիական ու սիրիական կազմակերպությունների ստեղծմանը մասնակից են հենց ԱՄՆ-ը և Իսրայելը, իսկ ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին, իրանական հետախուզության տվյալներով, իրականում իսրայելական հատուկ ծառայության՝ Մոսադի հրեա գործակալ Շիմոն Էլիոթն է: Ի հետևանս՝ հարցականի տակ է դրված հայկական եկեղեցիների գոյության ու գործունեության փաստը, այսինքն՝ և հայ համայնքների, որ կան ոչ միայն Սիրիայում ու Իրաքում, այլև Եմենում: Զեկուցողը Հայաստանի հասարակությանը և իշխանություններին կոչ արեց աչք չփակել այդ ողբերգական փաստերի առաջ և առաջնորդել աշխարհում Եմենի, Սիրիայի ու Իրաքի ժողովուրդների ցեղասպանության դեմ պայքարը: «Ո՞վ, եթե ոչ հայերը, որ աշխարհում առաջինն են իրենց մաշկի վրա զգացել ցեղասպանության և նրա հետևանքների ծանրությունը, այսօր պետք է խոսեն ցեղասպանության մասին և հիշեցնեն, որ կանանց, երեխաների, ծերերի այսօրվա սպանությունները նշված երկրներում հնարավոր են, որովհետև Արևմուտքը, առաջին հերթին ԱՄՆ-ը և Իսրայելը, այդպես էլ չդատապարտեցին հայերի ցեղասպանությունը Թուրքիայում, և հայերի ցեղասպանության մեղավորներն այդպես էլ անպատիժ մնացին համաշխարհային հանրության կողմից»,- ընդգծեց Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ հիմա ցեղասպանությունը սպառնում է միայն Մերձավոր Արևելքի հայերին, սպառնալիքի տակ են և՛ շիաները, և՛ ալավիները, և՛ եզդիները, և՛ մյուս ազգություններն ու կրոնական համայնքները: Այդ առիթով նա հիշեցրեց ռազմական դաշինքի մասին, որ անցյալ տարեվերջին կնքեցին Լիբանանի շիաներն ու քրիստոնյաները (այդ թվում՝ հայերը)՝ համատեղ պայքարի նպատակով ԻՊ-ի ահաբեկիչների ագրեսիայի դեմ: «Այդ դաշինքն արդեն ռազմական հաջողություններ ունի, մասնավորապես, Կալամուն լեռնանցքի շրջանում, շիաների և քրիստոնյաների համատեղ գործողություններ են ծրագրվում Սիրիայում, բացառված չէ՝ Իրաքում»,- ասաց զեկուցողը: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի ապաքրիստոնեացման փորձերը և շիաների վրա բացահայտ հարձակումները վկայում են, որ ներկա ցեղասպանության նախաձեռնողների գլխավոր նպատակը շիական Իրանն է, և բացառված չէ, որ իրադարձությունները Սիրիայում, Իրաքում ու Եմենում նպատակ ունեն շիաների ու սուննիների միջկրոնական տևական պատերազմ հրահրել:
Անդրկովկասի սպառնալիքները կապված են այդ ցեղասպանություններում Թուրքիայի մասնակցության հետ, որ հրաժարվեց Իրանի առաջարկից՝ միաժամանակ ԻՊ-ը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն և համատեղ պայքարել նրա դեմ: Սպառնալիքները միանգամայն ռեալ են նաև ժամանակակից ողբերգության զարգացման բոլոր վարկածների ու սցենարների դեպքում: Տարբերակներից մեկն է, որ Իրանին ու շիաներին համատեղ ուժերով կհաջողվի տարածաշրջանից վտարել օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին, որոնք կփախչեն հենց Թուրքիա: Եթե թուրքերը կարողանան նույնիսկ հանցագործների ալիքներից գլուխ հանել, Անկարան կջանա նրանց իր տարածքից «դուրս շպրտել»: «Իսկ ճանապարհները երկուսն են՝ Բալկանները և Կովկասը, - ասում է Սերգեյ Շաքարյանցը:- Պարզ է, որ Հայաստանի տարածքով շատ բան չի ստացվի, բայց որքան բաց է Թուրքիայի ու Սիրիայի սահմանը, նույնքան բաց կլինեն Թուրքիայի, Վրաստանի և Նախիջևանի սահմանները»: Մնացածը ժամանակի ու տեխնիկայի խնդիր է՝ կարծում է զեկուցողը, նաև՝ կոնկրետ հրամանների` Արևմուտքի վարձկաններին ու ահաբեկիչներին:
Անհանգստացնող են և արաբագետ Արաքս Փաշայանի ու իրանագետ Վիկտորյա Առաքելովայի զեկույցի տվյալները: Նրանք կոնկրետ օրինակներով, դաշտային ուսումնասիրությունների արդյունքներով նշում էին, որ պետությունն ու հայ հասարակությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Մերձավոր Արևելքի հայերի խնդիրներին: Զեկուցողները վստահ են, հիմք ընդունելով տարածաշրջանի հայերի վկայությունները, որ Մերձավոր Արևելքի հայկական քրիստոնեությանը անխուսափելիորեն վերջ կտրվի, խնդիրը միայն ժամկետներն են՝ 10 կամ 20 տարում: Նրանց հետ ոչ ամեն ինչում է համաձայն փորձագետ և սիրիահայ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, թեպետ նա էլ ընդունում է, որ հայկական համայնքները աղետալի վիճակում են, և անհապաղ պետք է նրանց փրկությամբ զբաղվել: Գառնիկ Սարգսյանը կարծում է, որ Սիրիայի, Իրաքի, Եմենի հայերի դրության գոնե թեթևացման երաշխիքը Իրանի ու տարածաշրջանի շիաների հետ կապերի ամրապնդումն է: Փորձագետ Սամվել Մարգարյանը ներկայացրեց Եմենի ներքաղաքական ճգնաժամի պատճառները, որոնք հանգեցրին օտարերկրյա ագրեսիայի: Նրա համոզմամբ` հետագայում իրավիճակը միայն խորանալու է՝ հաշվի առնելով Իրանի վճռականությունը՝ օգնել եմենցի շիա զեյդիտներին: Փորձագետներ Հայկ Քոչարյանը և Վահե Բոյաջյանը ելույթ ունեցան ոչ թե զեկույցով, այլ փաստերի ու գաղափարների քննարկման ժամանակ:
Կլոր սեղանի արժանիքներից էր, որ կազմակերպիչները կիրառել էին ազատ մասնակցության ձևաչափը, որից օգտվեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Երվանդ Բոզոյանը և այլ լրագրողներ կարծում էին, որ զեկուցողներն ու մասնակիցները պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն Հայաստանի իշխանություններին ու հասարակությանը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ հիշեցրեց, որ կլոր սեղանի կազմակերպիչները ոչ մեկից որևէ «հանձնարարություն» չեն ստացել, և նրանց տեսակետները որևէ մեկի շահերը չեն ներկայացնում: Մասնագետները պարզապես անհրաժեշտ են համարել արձագանքել արդիական մարտահրավերին և ազատ քննարկել որոշակի հարցեր, որոնք առնչվում են Մերձավոր Արևելքի իրավիճակին: Փորձագետներ Փաշայանը և Քոչարյանը հաստատեցին, որ իրենց տվյալներին ու հաշվարկներին ծանոթ են պետական կառույցները, սակայն որևէ մեկը մասնագետների տեսակետներով լրջորեն չի հետաքրքրվել:
Իհարկե, մեկ կլոր սեղանը չի կարող հասարակության տրամադրությունները փոխել, առավել ևս՝ իշխանությունների արձագանքը: Կլոր սեղանի կազմակերպիչները տեղեկացրին, որ ծրագրում են պարբերաբար վերադառնալ այս թեմային, նաև միջազգային կոնֆերանս անցկացնել Երևանում Մերձավոր Արևելքի անվտանգության խնդիրներով:
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ