«Մարդ հաճա՞խ է հասցնում ժամանակի մեջ ինքն իրեն ճանաչել, հասցնո՞ւմ է արժևորել, գնահատել իր արածը: Եթե այո, և եթե նա այդ «ինքնաքննության» պահին թաքցնելու բան չունի, ուրեմն նրա անցած կյանքը երբևէ պարապ օրեր չի ունեցել»: Այսպես մտորում էր ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնաթող անդամ ՄԻՔԱՅԵԼ ՍԵՎՅԱՆԸ, երբ իր ծննդյան 80-ամյակը լրանալու օրը հրավեր ստացավ իր նախկին աշխատավայրից: Երանելի վիճակ է, երբ բարի հետք ես թողնում քո նախկին աշխատավայրում, և նախկին գործընկերներդ քեզ մեծարելու համար հրավեր են ուղարկում:
ՍԴ-ի ստեղծման հիմնադիր անդամներից է եղել Սևյանը, աշխատել է մինչև սահմանված իր 70 տարին լրանալը, ապա ՍԴ նախագահի խորհրդական էր, որովհետև բանիմաց, իր գործին հրաշալի տիրապետող մասնագետի ներկայության կարիքը շարունակում էր զգացվել: ՈՒ հիմա, երբ արդեն վաստակած հանգստի է, նրա նախկին գործընկերների ջերմ մաղթանքներին ի պատասխան մարդկայնորեն հուզված է և գործընկերների այս ջերմ վերաբերմունքին պատասխանելու որևէ բան չի գտնում ասելու՝ ի՞նչ ասես, ի՞նչ լրացնես:
Իսկ նրանք՝ աշխատանքային ընկերները, ակնածանքով խոսում են Սևյանի բարձր պրոֆեսիոնալիզմի, հարգանք ներշնչող մարդկային որակների մասին, մարդ, ումից կոլեկտիվը միշտ ստացել է մարդկային տեսակին, լավ մասնագետին, իսկական հային և քաղաքացուն հարիր պոզիտիվ էներգիա: Սևյանը միշտ առանձնահատուկ է եղել այս բոլոր որակների մեջ:
...Այդ օրը մի գեղեցիկ պահ էր Սևյանի համար, գեղեցիկ պահ կոլեկտիվի համար, որի կողմից Սևյանին շնորհվեց Սահմանադրական դատարանի ոսկե մեդալ և «Երկիր դրախտավայր» հուշագիրքը:
Բոլոր գործընկերների անունից՝
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ