Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ով է ՎՊ-ում գլխավոր «քերողը»

Ով է ՎՊ-ում գլխավոր «քերողը»
07.07.2015 | 01:11

Վերջին օրերին հեռուստաեթերից չի «իջնում» Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով համատեղմամբ նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է: Մինչդեռ վերջին շրջանում ԱԺ-ում երբ քննարկվում են ՎՊ-ի հաշվետվությունները, այդ կառույցի ղեկավարը մշտապես բացակա է: Պատգամավորներն այդ «խորհրդավոր անհետացման» առնչությամբ անգամ «հետախուզում» էին հայտարարել: Հենց այդ օրերին էր Զաքարյանը, իբր, արձակուրդ կամ գործուղման մեկնում: Բայց դա զուտ քողարկման ձև էր ու արհամարհական վերաբերմունք երկրի երկրորդ օրենսդիր մարմնի նկատմամբ: Ասել է` այն կարևոր խոսափողը, որով ժողովրդին հաշվետվություն պիտի ներկայացնի, Իշխան Զաքարյանն անտեսում է կամ քամահրական մոտեցում ցուցաբերում:
Ըստ էության, վերջին տարիներին Վերահսկիչ պալատը դարձել է «գորշ» կառույց, քանի որ ոչ մի լուրջ, իրական «վերահսկիչ» գործողություն հանրության դատին չի ներկայացվում: Տպավորությունն այնպիսին է, որ Իշխան Զաքարյանը «ստվերում» է աշխատում, և տեղեկության որոշ արտահոսք է լինում այն ժամանակ, երբ իրեն է դա հարկավոր:
Վերջերս «Իրատեսին» մի ուշագրավ պատմություն ներկայացրին, ինչը, կարծում ենք, եզակի դեպք չէ: Հերթական ստուգումից հետո «ստուգվողը» պատահաբար հանդիպում է ՎՊ-ի ստուգում իրականացրած շարքային աշխատակցին: Զրույցի ընթացքում «ստուգվածը» հեգնախառն նետում է. «Լսիր, լավ էլ քերեցիք»: ՎՊ-ի «ռևիզորը» զարմանում է, թե ինչ «քերելու» մասին է խոսքը, եթե իրենք տեղը տեղին արձանագրել են խախտումներն ու ներկայացրել ղեկավարությանը:
Բնականաբար, նոր չեն այն խոսակցությունները, թե ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները «վերջնագրում» հանկարծ կորչում են, իսկ թե ինչպես և ում են «պարտական» դրա համար, ակնհայտ է «ներդրումներով» կառուցված պալատների, հյուրանոցների ու շատ այլ բիզնեսների ֆոնին:
Այսքանից հետո մնում է մտածել, որ Իշխան Զաքարյանը ճիշտ կաներ զբաղվեր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեով, նրան դա լավ հաջողվում է: Շատ ավելի հաջող, քան ՎՊ-ում: Թե չէ ստացվում է՝ մի տեղ փող ենք աշխատում, ներդրումներով տուն կառուցում, մյուս տեղն էլ «խաղերով» զբաղվում: Պետք չէ բացառել, որ մի օր էլ ՎՊ-ի ղեկավարի դռանը կչոքեն վերահսկող-հետաքննող մարմինները ու շատ հասարակ հարց կտան. «Չինովնիկի աշխատավարձով էդ ինչերի՞ տեր ես, հը՞»:
Ի դեպ, երկար տարիներ գործող իշխանության երաշխավորությամբ զբաղեցնելով այս «յուղոտ» պաշտոնը, Իշխան Զաքարյանը հեռու չէ նաև քաղաքական նկրտումներից, պարզապես գործում է կուլիսների հետևում ու անաղմուկ` միաժամանակ երկու «լարի» վրա սեփական հմտությունները փորձարկելով (նրա քաղաքական նախասիրությունների մասին՝ մեկ այլ առիթով):
Բնականաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իշխանությունն այդքան «դողում» Իշխան Զաքարյանի վրա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ