Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կորեայում տարեկան նկարահանվում է 230 ֆիլմ

Կորեայում տարեկան նկարահանվում է 230 ֆիլմ
13.07.2015 | 21:00

«Դոն-հո Կիմը (Հարավային Կորեա) պրոդյուսեր է, ռեժիսոր, մշակութային ու քաղաքական գործիչ: Հիմնադրել է Պուսանի կինոփառատոնը, որն իր հեղինակության համար անվանում են Ասիական Կանն: 2006-ին եղել է «Ոսկե ծիրան» փառատոնի ժյուրիի անդամ: 2013-ին մասնակցել է արտամրցութային ծրագրին` «Ժյուրի» կարճամետրաժ ֆիլմով: Պրոդյուսերն է «Ոսկե ծիրան» փառատոնի «Խաղարկային ֆիլմերի» մրցույթում ներկայացված «Ձմռան վերջը» ֆիլմի (ռեժիսոր Կիմ Դե-Հուան)»,- Դոն-հո Կիմին այսպես ներկայացրեց «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, հավելեց, որ 2005-ից Պուսանի, Ռոտերդամի և «Ոսկե ծիրան» փառատոները հռչակագիր են ստորագրել` դառնալով քույր փառատոներ:

Դոն-հո Կիմը Դանկոկի համալսարանի կինոդպրոցի տնօրենն է, որտեղ ապագա կորեացի կինեմատոգրաֆիստներ է պատրաստում: «Ձմռան վերջը» նրա ուսանողների աշխատանքն է:
Ֆիլմում յուրաքանչյուր ոք կարող է տեսնել ինքն իրեն, իր ընտանիքը: irates.am-ը հետաքրքրվեց` գրավո՞ւմ է «Ձմռան վերջը»` ընտանեկան թեման երիտասարդներին:

«Որդիս սովորում և աշխատում է ԱՄՆ-ում, դուստրս` Ասիայում: Ես շատ երկար ժամանակ չեմ կարողանում տեսնել զավակներիս, բայց անընդհատ մտածում եմ նրանց մասին, նրանք էլ` իմ մասին: Այսինքն, երիտասարդներին հետաքրքրում են ընտանիքի պատմությունը, հայացքների տարբերությունն ու բախումը, որ ներկայացված են այս ֆիլմում»,- ասաց Դոն-հո Կիմը` նշելով, որ տարբեր փառատոներում ներկայացված ֆիլմը մեծ արձագանք է գտել հենց երիտասարդների շրջանում:
Իսկ ֆիլմի պատմությունն այսպիսին է: Չերուոնի տեխնիկական դպրոցի ուսուցիչ Սուն-գընի ընտանիքի անդամները երկրի տարբեր կողմերից հավաքվում են Չերուոնում՝ նշելու նրա թոշակի անցնելը: Ընտանեկան հավաքույթի ժամանակ Սուն-գընը հայտնում է կնոջն ու զավակներին, որ մտադիր է բաժանվել և մնալ Չերուոնում: Իրավիճակն ավելի է սրվում, երբ ավտոբուսների երթևեկությունը դադարում է ձնաբքի պատճառով, և հարազատները ճարահատյալ երեք օր մնում են Սուն-գընի տանը որպես մի ընտանիք:
Միալար, անշտապ ձգվում է ընտանեկան դրաման, բացվում են հայր-որդի, հարս-սկեսուր, այր և կին հարաբերությունները: Տպավորիչ էր վիրավորված կնոջ կատաղի պայքարը, որն անզոր էր ամուսնու որոշման ու անհասկանալի լռության դեմ: Ինչո՞ւ է թոշակի գնացող ամուսինը լքում կնոջը: Թվում է` ռեժիսորը այս հարցի բանալին թաքցնում է շատ խորքերում: Հենց սկզբից տպավորություն ունեի, որ ոչինչ չի լինելու ֆիլմում: Դեպքերը չեն զարգանալու, հանգուցալուծում չի լինելու, պատմությունը չի ավարտվելու: Եվ իսկապես, էկրանին անավարտ պատմություններ են: Վերնագրին համահունչ վերջանում էր ձմեռը:
Հավելեն, որ Հարավային Կորեայում տարեկան նկարահանվում է 230 ֆիլմ: Տարեց տարի արտադրվող ֆիլմերի քանակը ավելանում է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ