Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

21-րդ դարի մարդը քայլում է «աշխարհը գրպանում» ու մենակ

21-րդ դարի մարդը քայլում է «աշխարհը գրպանում» ու մենակ
18.07.2015 | 10:21

Բջջային հեռախոսը անհրաժեշտություն է մեր օրերում: Սա անվիճելի է: Իսկ որտե՞ղ է սահմանը անհրաժեշտության և կախվածության: Ինչ -որ ժամանակ մարդիկ ապրել են առանց անթել հեռախոսի և իրենց անապահով ու մենակ չեն զգացել: 21-րդ դարի մարդը քայլում է «աշխարհը գրպանում» ու մենակ: Իսկ ի՞նչ, եթե հանկարծ պարզում ես, որ բջջայինդ մոռացել ես տանը: ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ մեր զրույցը նոմոֆոբիայի (առանց բջջային հեռախոսի, առանց կապի մնալու վախ) մասին է:

-Երբ հեռախոսի բացակայությունը առաջացնում է խուճապի զգացողություն, սա մեր օրերին, մեր կենսակերպին բնորոշ բնակա՞ն վիճակ է, թե՞ անհիմն վախ:
-Մեր օրերում հաղորդակցության ինֆորմացիոն, հուզական և գործնական ֆունկցիաների իրականացման հիմնական միջոցներից մեկը կարծես թե դարձել է հեռախոսը: Սակայն հեռախոսային տեխնիկայի նկատմամբ մարդկանց մեծ մասի մեջ ձևավորվել է ոչ առողջ վերաբերմունք, այն դարձել է նաև հոգեբանական ապահովության և կարծես միջավայրի հետ շփման, մենակության վախի հաղթահարման, ինչու չէ, նաև կարևորության զգացողության ամրապնդման միակ ձևը: Եվ պատկերացրեք, մարդը, որի բավարարվածությունը ապահովվում է միայն հեռախոսի միջոցով, հանկարծ հայտնաբերում է, որ հեռախոսը իր մոտ չէ, ինչպիսի դատարկություն, վախ, տագնապ և նույնիսկ ագրեսիվ զգացողություններ է ունենում: Այս երևույթը կոչվում է նոմոֆոբիա, որն ուղակի հեռախոսի բացակայության հիվանդագին վախ է:

-Անհաշիվ անգամ մարդը ստուգում է նամակները, ձեռքն է առնում հեռախոսը` տեղին-անտեղի. սա կախվածությո՞ւն է:
-Կախվածությունը որոշվում է հետևյալ չափանիշներով.
.Անհաղթահարելի հակում օգտագործելու կամ կիրառելու հարաբերության որևէ ձև՝ հեռախոս կամ որևէ իր:
. Կախվածություն առաջացնող օբյեկտըՙ հեռախոսը կամ հարաբերության որևէ ձև գերիշխող է և խանգարում է ձևավորել այլ հետաքրքրություններ:
. Այդպիսի վարքը կամ հակվածությունը ունի աճելու միտում ամսվա կամ տարվա կտրվածքով:
Կախվածությունը բնութագրվում է նաև երբ մարդը դրական հույզեր և բավարարվածություն է ստանում միայն որևէ կպչուն օբյեկտից կամ հարաբերությունից: Իհարկե, եթե նրա դրական ապրումները և սպասելիքները պայմանավորվում են միայն ու միայն հեռախոսի զանգերի և հաղորդագրությունների միջոցով, կարող ենք ասել, որ գործ ունենք կախվածության հետ:
-Հեռախոսը (համակարգիչը), որում ամփոփված է ողջ աշխարհը` լրատվությունը, ընկերները և այլն, մեզ դարձնում է մեկուսացած, անհատապաշտ: Համամի՞տ եք:
-Հարաբերությունների կառուցման և շրջապատող աշխարհն ընկալելու ուրույն և ավելի հեշտ ձև է: Ամեն ինչ ավելի թվացյալ է, մտացածին: Ավելի հեշտ են կարողանում հարաբերվել, միմյանց ասել բառեր և ունենալ հուզական դրսևորումներ, որոնք իրական կյանքում և հարաբերություններում մեծ լարումներ և ապրումներ են առաջացնում: Մարդը համակարգչի առաջ կամ հեռախոսային զրույցի ժամանակ կարող է թաքցնել հույզերը: Ոչ վերբալ հաղորդակցման ձևերը տեսանելի չեն, կարող է հեշտորեն ստել, կեղծել, ներկայանալ իրենց ցանկալի ամենատարբեր ձևերով: Իհարկե շփման և հաղորդակցման այս ձևը որոշ դեպքերում ինքնամփոփ, փոխհարաբերություններում խիստ դժվարություններ ունեցող մարդկանց համար կարող է օգնող դեր կատարել հաղթահարելու իրենց ամոթը և զարգացնելու հաղորդակցման հմտությունները: Բայց, ինչ խոսք, սա հարաբերությունների, իրական հուզական ապրումների խաթարման և դեգրադացիայի ճանապարհ է:

- Տեղեկատվական տեխնոլոգիաներից կախվածությունը բուժելու համար մարդիկ դիմո՞ւմ են հոգեբանին: Կա՞ն բարդ դեպքեր, կամ ե՞րբ է պետք անհանգստանալ:
-Տեղեկատվական տեխնոլոգիաներից կախվածությունն ընկալվում է հասարակայնորեն ոչ վնասակար և պատժելի, ինչպես, օրինակ,ալկոհոլամոլությունն է, թմրամոլությունը կամ խաղամոլությունը: Կարող եմ ասել, որ որպես կանոն չափահաս անձանց կողմից դա չի դիտարկվում կախվածություն: Այցելում են այլ գանգատներով, օրինակ, միջսեռային փոխհարաբերություններում կոնֆլիկտներ, մենակության զգացողություն, կամ տարաբնույթ վախեր, հետո նոր են գիտակցում, որ այդ հոգեկան դժվարությունների փոխհատուցման ձևը դարձել է հեռախոսը կամ համակարգիչը, որը արհեստական է. ուստի և կախվածություն: Ավելի շատ որպես կախվածությունը հաղթահարելու առաջնային ձև դիմում են հատկապես դեռահասների կամ պատանիների ծնողները, այդ տարիքային շրջափուլում է կարծես հեռախոսից կամ համակարգչից կախվածության խնդիրը բարձրաձայնվում և սկսում անհանգստություն պատճառել:
Այո, կան բարդ դեպքեր, երբ 13- ամյա դեռահասը հրաժարվում է նույնիսկ դպրոց հաճախելուց, որևէ ընկերոջ կամ համադասարանցու հետ շփվելուց, և բավարարվել առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 10 -ը միայն համակարգչային խաղեր խաղալով: Եվ երբ փորձել էին վերցնել համակարգիչը, բարձրացել էր շենքի տանիքը ու փորձել էր ինքնասպան լինել:
Պետք է անհանգստանալ, երբ առկա են վերը նշված հիմնական չափանիշները:

-ՈՒրիշ մի վիճակ եմ նկատել. մշտապես հասանելի լինելը հոգնեցնում է, նյարդային դարձնում, կարիք ես զգում իսկապես մենակ լինելու, աշխարհի հետ վիրտուալ կապը կտրելու...
-Առողջ հոգեվիճակը և դրական ապրումները ապահովողը սեփական ես-ն է: Եթե մարդու մեջ ապահովված է սեփական անձի սիրված և հարգված լինելու զգացողությունը, մարդը կարողանում է սնվել ինքն իրենից, արտաքին օբյեկտից կամ հարաբերության որևէ ձևից կախվածություն չի ձևավորվում: Երբ անձը կորցնում է իր ներսից սնվելու հիմնական ձևը, փնտրում է այն դրսում և հենց դա է, որ կոչվում է կախվածություն: Կախվածությունը հենց այն դեպքն է, որ նույնիսկ ցանկության դեպքում երբեք չես կարող կտրվել, տվյալ դեպքում, ոչ հեռախոսից, ոչ էլ համակարգչից և լինել մենակ, ինչպես, օրինակ, հարբեցողը հետ գալու փուլում խոստանում է, որ երբեք էլ չի խմելու բայց չանցած ժամեր՝ նորից շշերով է պատում իրեն:
Սակայն ոչ հիվանդագին հարաբերությունների դեպքում իսկապես պահանջմունք է ժամանակ առ ժամանակ կտրվել արտաքին ազդեցություններից, լինել ինքդ քեզ հետ, վերանայել անելիքներդ, վեր հանել ներքին ուժերդ, սա շատ նորմալ և առողջ մարդու կենսակերպ է:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

faces="false">

Սոցցանցային գրառումներ

Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ
Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք