Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Բոլոր մարդիկ լավն են, եթե նրանց իրենց տեսանկյունով ես նայում»

«Բոլոր մարդիկ լավն են, եթե նրանց իրենց տեսանկյունով ես նայում»
31.07.2015 | 12:00

Երեկ «LOFT» ժամանցային կենտրոնում տեղի ունեցավ Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…» գրքի շնորհանդեսը, որը վարում էր գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Գիրքն ընթերցողին է ներկայացնում «Զանգակ» հրատարակչությունը, թարգմանիչը Արամ Արսենյանն է:

«ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԴԵՄ ԵՆ ԳՆՈՒՄ, ԻՆՉԸ ՄԱՐԿԵՏԻՆԳԻ
ՏԵՍԱԿԵՏԻՑ ՍԽԱԼ ՔԱՅԼ Է»


-Հայ ընթերցողին Հարփըր Լիի հանրահայտ վեպը ծանոթ է «Սարյակ մի՛ սպանիր» անվանումով: Ինչո՞ւ է փոխվել վեպի վերնագիրը, և ինչո՞վ է առանձնանում նոր թարգմանությունը:
-Վեպն առաջին անգամ է հայերեն թարգմանվում բնագրից: Վերնագիրը փոխվել է, որովհետև բնագրի վերնագիրը «To kill a mockingbird» է, իսկ mockingbird բառի հայերեն համարժեքը ծաղրասարյակն է: Նոր թարգմանությունն ավելի մոտ է բնագրին, առավել ամբողջական է արտահայտում բնագրի գեղարվեստական առանձնահատկությունները, պատումի կերպը, համապատասխանում է ժամանակակից մտածողությանը: Լուրջ, համալիր մոտեցում է եղել թարգմանական այս նախագծի նկատմամբ, վեպի առանձին հատվածներ մանրամասն քննարկվել են ապագա թարգմանիչ-ուսանողների և թարգմանիչների հետ: Օրինակ, կա անունների հայացման խնդիր, շատ անուններ տարօրինակ կթվան, որովհետև ուրիշ ձևով են մեզ ծանոթ, ուրիշ ձևով են տպավորվել, իսկ այստեղ բնագրին ավելի մոտ են և ավելի ճիշտ: Ռուսերենը (չգիտեմ կայսերական մտածողության, թե ինչի արտահայտություն է) սիրում է իրենով անել պատումը ու երբեմն բավական հեռանում է բնագրից, գրեթե դառնում է ինքնուրույն ստեղծագործություն: Եթե նորից կարդաք, շատ բաներ կբացահայտեք այս թարգմանությամբ, որն ընդհանրապես չի կրկնում հինը: Ընթերցողը գնում է այն, ինչ ծանոթ է իրեն, այս դեպքում գուցե չհասկանա, որ նույն վեպն է: Հրատարակչություններն ընդհանուր պատկերացումներին դեմ են գնում, ինչը մարկետինգի տեսակետից սխալ քայլ է: Բայց նրանք միայն վաճառքի մասին չեն մտածում, ուզում են մեր մշակույթի, լեզվի համար կարևոր մի բան անել:
-Կա կարծիք, որ գրականագետներն անտեսում են թարգմանական գրականությունը` առաջնությունը տալով հայ ժամանակակից գրականությանը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Չեմ կարծում, թե անտեսելու խնդիր կա: Քանի որ գրականագետները, գրաքննադատները քիչ են, նախընտրում են անդրադառնալ մեր գրականությանը, որն ավելի շատ ունի ներկայացման կարիք, քան ՈՒմբերտո Էկոյի «Վարդի անունը», նույն «Ծաղրասարյակ սպանելը…» և այլն: Դրանք բեսթսելլերներ են և վերլուծելու կարիք չունեն: Շատ գրքեր են գրվել դրանց մասին, գրախոսություններ են եղել: Իհարկե, մեր գրականագետները թարգմանական նոր գրքերի առաջաբաններ գրում են:
-Արամ Արսենյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշել էր, որ թարգմանական դաշտում խնդիրը ոչ թե թարգմանիչների՝ օտար լեզուն լավ իմանալն է, այլ հայերեն չիմանալը: Իբրև գրականագետ` ի՞նչ կասեք այս մասին: Ի՞նչ խնդիրներ եք արձանագրում թարգմանական գրականության հետ առնչվելիս:
-Թարգմանական գրքերը տարբեր են: Ես համաձայն եմ Արամ Արսենյանի հետ, բայց այստեղ ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի խնդիր կա: Պետք է և՛ օտար լեզուն լավ իմանալ, և՛, բնականաբար, հայերենը: Յուրաքանչյուր թարգմանություն նաև լեզվաշինություն է: Դու քո լեզվում գտնում ես մինչ այդ բացակայող իմաստները, քո լեզուն կենդանի շրջանառության մեջ է մտնում այլ լեզվի, այլ գրականության հետ, նոր որակներ ստանում: Այս տեսակետից կարևոր է հայերենին լիարժեք տիրապետումը: Գուցե այդ բացը կա, գուցե թարգմանական ֆակուլտետ ավարտողները ինչպես հարկն է հայերենին չեն տիրապետում, բայց լավ թարգմանության համար նաև փորձառություն է պետք, որը տարիքի հետ է գալիս: Չեմ կարող ասել, թե ամբողջությամբ չհաջողված թարգմանություններ լինում են, քանի որ, ի վերջո, կան խմբագիրներ, աշխատում են, փոփոխում, քննարկումներ են լինում: Թարգմանական գրքի հրատարակումը բավական թանկ գործընթաց է` սկսած հեղինակային իրավունքը գնելուց:

«ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՈՐ ՀԱՐՓԸՐ ԼԻՆ ՈՒՆԻ ՄԵԿ ՈՒՐԻՇ ՎԵՊ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է «ԳՆԱ ՈՒ ՊԱՀԱԿ ԿԱՆԳՆԻՐ»


-Ի՞նչ կարող է ասել Հարփըր Լիի վեպը այսօրվա ընթերցողին:
-Գրական մեծ ստեղծագործությունները ասելիք ունեն բոլոր ժամանակներում: Այս պարագայում տեսնում ենք երեխայի տեսանկյունից պատում, որտեղ արտացոլվում է 30-ականների ամերիկյան իրականությունը` ռասայական խտրականություն, անարդարություն, բիրտ բարքեր և այլն:
Այսօր էլ կան այդ խնդիրները: Բոլորովին վերջերս Հարավային Կարոլինա նահանգի աֆրիկյան մեթոդիստական եկեղեցում սպիտակամորթ տղան ինը սևամորթի էր գնդակահարել: Վեպում բարձրացվում են նաև երեխաների դաստիարակության, մարդկանց ճանաչելու, հասկանալու խնդիրները, որոնք արդիական են բոլոր ժամանակներում:
-«Համարյա բոլոր մարդիկ էլ լավն են, երբ նրանց վերջ ի վերջո հասկանում ես»,- ասվում է վեպի վերջում: Համամի՞տ եք հեղինակի այս եզրահանգմանը:
-Այո, բոլոր մարդիկ լավն են, եթե նախապաշարված չլինենք միֆերով ու փորձենք մարդկանց ինքնուրույն ճանաչել: Բայց այդ ճանաչողությունը պետք է ընթանա` մարդկանց հենց իրենց տեսանկյունից նայելու միջոցով. սա վեպի ամենամեծ խորհուրդներից է: Եվ պետք է չվնասել մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին, գուցե աննկատ են, խեղճ կամ իրավազուրկ: Պետք է չսպանել ծաղրասարյակներին: Ինչպես վեպում է նշվում` ծաղրասարյակը ոչ ոքի վնաս չի տալիս, այգիներում երգում է:
-«Ծաղրասարյակ սպանելը…» Հարփըր Լիի միա՞կ ստեղծագործությունն է:
-«Ծաղրասարյակ սպանելը…» 1960-ին է լույս տեսել, որից հետո Հարփըր Լին գրեթե ոչինչ չի հրատարակել: Սակայն վերջերս պարզվել է, որ Հարփըր Լին ունի մեկ ուրիշ վեպ, որ կոչվում է «Գնա, պահակ կարգիր»: Գիրքը լույս է տեսել օրերս` հուլիսի 14-ին: Գրվել է ավելի վաղ, քան «Ծաղրասարյակ սպանելը…», սակայն հրատարակիչը համոզել է չտպագրել դա, այլ գրել նախապատմությունը: Հետաքրքիրն այն է, որ գրքի շարունակությունն ավելի վաղ է գրվել: Մի կարևոր հանգամանք էլ. երբ նոր գրքի առաջին գլուխը հրապարակվեց համացանցում, գլխավոր հերոսներից մեկի՝ դատապաշտպան Աթիքըսի արդարության մարտիկի կերպարը փուլ եկավ, պարզվեց, որ նա ռասայական խտրականության կողմնակից է: Համաշխարհային մամուլում բուռն քննարկումներ են ընթանում: Հարց է առաջանում` հեղինակը ո՞ր վեպում է ավելի անկեղծ եղել: Ի վերջո, Աթիքըսը ամերիկացիների սիրած կերպարն է, նրանց մշակույթի կարևոր մասը:
-Ի՞նչ է ասում հեղինակն ինքը:
-Դեռ ոչինչ չի ասել, հարցազրույցներ չեն եղել:
-Հայերեն թարգմանվելո՞ւ է:
-Պարզ չէ, քննարկումների փուլում է: Նորընծա գիրքը բեսթսելլեր է, մեկ շաբաթում մեկ միլիոնից ավելի օրինակ է վաճառվել: Պետք է հեղինակային իրավունքները ձեռք բերել, որն ավելի թանկ կարժենա: Առայժմ ընթերցողի դատին ենք հանձնում «Ծաղրասարյակ սպանելը…»:

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ