ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 է կործանվել

Թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 է կործանվել
24.11.2015 | 22:58

Թուրքիան պնդում է, որ օդանավը խոցել են իր ռազմաօդային ուժերը՝ սահմանը խախտելու համար, Ռուսաստանը՝ որ ինքնաթիռը Սիրիայի տարածքում խոցել են զենիթային կայանքից: Սիրիայում մարտական առաջադրանք կատարող Су-24 ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը ի հայտ գալուց քիչ անց թուրքական հեռուստաալիքները սկսեցին հեռարձակել օդանավի կործանման կադրերը: Հստակ երևում է, թե ինչպես է այրվող շարժիչներով ռազմական ինքնաթիռը ազատ անկման հետևանքով բախվում լեռան ստորոտին: Տեսագրություններում նաև հստակ լսվում է պայթյունի ձայնը: Թուրքիայի Anadolu գործակալության տեսագրության մեջ էլ երևում են օդանավի անկումից հաշվված րոպեներ առաջ Су-24-ը լքած և պարաշյուտներով իջնող ռուս օդաչուները: Սրանից էլ քիչ հետո համացանցում ևս մեկ տեսագրություն հայտնվեց, որը, ըստ ամենայնի, նկարահանվել էր արդեն սահմանի սիրիական կողմից: Դրանում լսվում են օդանավի անկումը նկարահանող տղամարդկանց խանդավառ ճիչերը․«Ալլահն ամենազոր է»: Թուրքիայի նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչից արձակված հրթիռով: «Ռուսական օդանավը ներխուժել էր Թուրքիայի օդային տարածք»,- պնդում են Ռեջեփ Էրդողանի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները` հավելելով նաև, որ թուրք օդաչուները Су-24-ը թիրախավորելուց առաջ տասն անգամ զգուշացրել են իրենց ռուս գործընկերներին` պահանջելով լքել երկրի օդային տարածքը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, պաշտոնապես հաստատելով Սիրիայում մարտական գործողություններին մասնակցող Су-24 ռազմական ինքնաթիռի ոչնչացման փաստը, հերքում է թուրքական կողմի պնդումները: «Ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում և խոցվել է ոչ թե այլ ինքնաթիռի, այլ երկրից գործող զենիթային կայանքի գնդակոծության հետևանքով»,- նշում է ՌԴ ՊՆ-ն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Су-24-ի անկումից առաջ օդաչուները վայրէջք են կատարել հայաբնակ Քեսաբից ոչ հեռու գտնվող անտառապատ շրջանում: Ռուսաստանի պետական հեռուստատեսության տեղեկություններով՝ օդաչուները գտնվում են Լաթաքիա նահանգի այն հատվածում, որտեղ կատաղի մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական զորքերի և «Ջաբհաթ ան-Նուսրա» ծայրահեղ իսլամիստական խմբավորման զինյալների միջև: CNN-Turk հեռուստաընկերության տեղեկություններով, սակայն, օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը գերեվարվել է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գործող թուրքմենական ջոկատների զինյալների կողմից:

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ