ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«ԼՂ-ում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը վաղ է քննարկել»

«ԼՂ-ում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը վաղ է քննարկել»
17.12.2015 | 15:39

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորքերի տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում՝ ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ նշելով, որ քաղաքական կարգավորման նախադրյալներ այս պահին չկան: Հարցին, թե ռուս-թուրքական հարաբերությունների սրման համապատկերում ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ԼՂ-ում խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ջեյմս Ապաթուրայը պատասխանել է. «Վաղաժամ է քննարկել իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը: Մենք պետք է ձգտենք հասնել հարցի կարգավորմանը: Ես աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի վերսկսմանը, և 2016-ին ականատես կլինենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի արդյունավետ երկխոսության»:
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին ՆԱՏՕ-ի հետ համագործակցող Հարավային Կովկասի պետությունների ճակատագրին, նա հավաստիացրեց, թե Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները չեն ազդի այս տարածաշրջանի պետությունների հետ իրենց համագործակցության վրա:
«Մենք ընդունում ենք, որ երեք պետություններից ամեն մեկն ընտրել է անվտանգության իր սեփական քաղաքականությունը, որը մենք հարգում ենք: ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններ զարգացնելու համար պարտադիր չէ ձգտել անդամակցության: Մեզ հետ գործընկերային հարաբերություններ կարող է ունենալ և ՀԱՊԿ անդամ երկիրը, և Եվրամիության, և այլ միջազգային, տարածաշրջանային կառույցների անդամ: ՆԱՏՕ-ն ունի Հայաստանի և Վրաստանի կամ Վրաստանի և Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցության հիմքեր: Ամեն դեպքում, մեր կողմից ցանկացած համագործակցություն անհատական է»,- նշեց նա:
Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի պարագայում իրենց հիմնական փաստաթուղթը IPAP-ն է (Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր), որը երկու տարի գործում է:
«Նման ծրագիր համաձայնեցված է նաև Ադրբեջանի հետ, այն դեպքում, երբ Վրաստանի հետ, օրինակ, գործում են միանգամայն այլ մեխանիզմներ՝ Թբիլիսիի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամության համար: Մեր գործընկերային բոլոր հարաբերությունները աջակցվում են 28 կողմնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից: Մեր հարաբերությունները որևէ կերպ կախված չեն Ռուսաստանից, այնպես որ ես չեմ տեսնում ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման պատճառով Հարավային Կովկասի պետությունների և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների վրա անմիջական ազդեցություն»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ