Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Երբեք ի շահ ինձ որևէ բան ԱԺ-ում չեմ անում»

«Երբեք ի շահ ինձ որևէ բան ԱԺ-ում չեմ անում»
18.03.2016 | 00:49

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Խոսակցություններ կան, որ հաջորդ խորհրդարանում զգալիորեն կրճատվելու է գործարար պատգամավորների թիվը: ԱԺ-ում գործարարների անհրաժեշտությունը կա՞:
-ԱԺ-ում բոլորի անհրաժեշտությունն էլ կա: Մասնագետներ պետք է լինեն, գործարարներն էլ են մասնագետներ, որոնք մեծ օգուտ են տալիս մեր երկրին: Տնտեսական օրենքների ընդունման ժամանակ նրանք դրական ուղղորդումներ են անում: Եթե մեր հանձնաժողովի նիստերին մասնակցեք, կտեսնեք` ինչքան շտկումներ ենք անում: Իրականությունից վերցրած բաներ ենք ներդնում օրենքներում:
-Եթե այդքան «օգուտ» են բերում, ինչո՞ւ են կարծում, որ գործարարների կարիք խորհրդարանը չունի:
-Չեմ լսել մի իշխանավորի, որ ասի, թե գործարարները չեն լինելու խորհրդարանում: Նրանց առաջ որևէ փակուղի չկա:
-Խորհրդարանում յուրաքանչյուր գործարար պատգամավոր չի՞ փորձում օրենքին այնպիսի երանգ հաղորդել, որը բխի իր բիզնես շահերից:
-Այդպես չէ: Կապ չունի՝ գործարար ես, թե շարքային քաղաքացի: Մարդկային տեսակ գոյություն ունի: Մարդ կա՝ խիստ օբյեկտիվ է: Երբեք ի շահ ինձ որևէ բան ԱԺ-ում չեմ անում, որովհետև, եթե ի շահ երկրի ես անում, նշանակում է՝ դա նաև քո շահերից է բխում:
-Այսօրվա տնտեսական իրավիճակն ի շահ գործարարի՞ է: Ի դեպ, ինչպե՞ս են Ձեր գործերը:
-Դժվարություններ շատ կան, բայց փորձում ենք գրագետ աշխատելով հաղթահարել դրանք: Ո՞վ է ասում, թե խնդիրներ չկան, ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ կա, միայն մենք չենք այդ վիճակում: Մեր տնտեսությունը կախված է Ռուսաստանից:
-Ճի՞շտ է ամեն ինչ բարդել Ռուսաստանի տնտեսության վրա, մեր կառավարությունը մեղավոր չէ՞ այսօրվա իրավիճակի համար:
-Չեմ ասում՝ 100 %-ով պայմանավորված է Ռուսաստանի վիճակով, բայց խնդիրները հիմնականում այնտեղից են գալիս: Աշխատող մարդն է սխալվում: Իհարկե, մեր իշխանավորներն ամեն ինչ չէ, որ ճիշտ են անում, բայց հիմնականում ճիշտ քայլերով են առաջ գնում: Իրենք էլ այս երկրում են ապրում ու լավ ծանոթ են և՛ լավին, և՛ վատին: Շատ հարցեր կան, որոնց եթե կողքից ես նայում, ասում ես՝ այս պաշտոնյան սխալ որոշում է կայացրել, իսկ երբ խորանում ես հարցի էության մեջ, հասկանում ես, որ պաշտոնյան ճիշտ է: Հեռվից մենք ամբողջությամբ տեղեկացված չենք, դրա համար քննադատում ենք:
-Նորից պատգամավոր դառնալու նպատակ ունե՞ք:
-Ծանոթանալով ԸՕ-ին, հիմա արդեն իմ ցանկությունը մեծ չէ: Բնականաբար, մեր երկրի զարգացման հարցում ԱԺ-ն, կարծում եմ, դեռ անելիքներ ունի: Բայց սա միայն ինձնով չի պայմանավորված, կուսակցության որոշում պետք է լինի: Եթե նպատակահարմար համարեն, որ 2017-ին ես պետք է լինեմ խորհրդարանում, ուրեմն կպայքարեմ:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ