Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչ դասեր պիտի քաղի իշխանությունը

Ինչ դասեր պիտի քաղի իշխանությունը
08.04.2016 | 01:33

Քառօրյա պատերազմական գործողությունների առնչությամբ, իհարկե, շատ վերլուծություններ ու գնահատականներ կհնչեն դեռ, մեր ունեցածն ու չունեցածը կհավաքագրենք, իրականության աչքերին սթափ կնայենք ու պետք է, որ այդ ամենից դասեր քաղենք: Անափ հայրենասիրությամբ տոգորված այս օրերից հետո ճիշտ կլինի հեռանանք ավելորդ պաթոսից, հռետորաբանությունից ու վերստին չսխալվենք կարևոր հարցերում:
Նախ՝ խաղաղ «ռեժիմին» անցնելուց հետո անխնա չպետք է ոչնչացվի այս օրերի միասնականությունը` նոր հիասթափությունների ու ընկճվածության ակոս բացելով: Սրա համար թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, որոնց գործողություններից է կախված՝ ժողովուրդը կշարունակի՞ հավատալ իր ուժերին, թե՞ էլի հուսահատ կբռնի գաղթի ճանապարհը: Այո, ուժը տանկերի ու դրանց թվի մեջ չէ, այլ այսպիսի ժողովրդի, որն արժանի է բարեկեցիկ կյանքի: Իշխանությունն այս հարցում թերևս շատ բան ունի մտորելու:
Այսօր ոմանք, «Բաքվում թեյ խմելու» հայրենասիրական մղումներից ելնելով, պնդում են, թե պետք է ռազմական գործողությունները շարունակել ու առաջ գնալ: Մի պահ պատկերացնենք, թե այդպես է: Քանի՞ օր կհերիքեր մարտական ոգին` դիմացն ունենալով գերժամանակակից զինամթերք ու արյունարբու վարձկաններով համալրված բանակ: Կհերիքեր, եթե թիկունքն ամուր լիներ, ասել է` ունենար հզոր տնտեսություն, որ կապահովեր բանակին լիարժեքորեն: Ի վերջո, պատերազմը շատ «թանկ» չարիք է և առանց հարուստ բյուջեի հնարավոր չէ մեծ նվաճումներ ունենալ: ՈՒնե՞նք այդպիսի տնտեսություն: Իհարկե ոչ: Այս տարի աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրացրել, երկարաժամկետ մարտերի՞ են մղում: Պատերազմը երկրի տնտեսությունն արագորեն մսխում է, բայց նախ պիտի ունենալ տնտեսություն, որպես այդպիսին: Իշխանությունն ամենամեծ հետևությունը այս հարցում պետք է անի: Բանակի թիկունքը պետք է նախ հզորացնել:
Եվ արտաքին քաղաքականության դասերը, որոնց առնչությամբ երկրի ղեկավարությունը արդեն որոշ հետևություններ արել է: Հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը»: Երևի այս բլիցկրիգը ինչ-որ չափով փորձաքար էր Հայաստանի համար` հասկանալու` ում հետ ինչպիսի հույսեր կապել և իզուր չոգևորվել ոմանց հարցում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ