Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հնարավոր է փոփ երաժշտության համերգը չեղյալ համարվեր, բայց սիմֆոնիկը, կամերայինը` երբեք»

«Հնարավոր է փոփ երաժշտության համերգը չեղյալ համարվեր, բայց սիմֆոնիկը, կամերայինը` երբեք»
21.04.2016 | 20:11

Մեր զրուցակիցը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆՆ է:

-Պարոն Սաթյան, քառօրյա պատերազմից անմիջապես հետո մեկնարկեց հայ ժամանակակից երաժշտության փառատոնը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Թվում էր` կարող է հետաձգվել:
-Փառատոնի անցկացումը շատ կարևոր էր, դրանով մենք ասում ենք, որ ապրում ենք, ինչ էլ լինի, մեր արվեստը կա: Այդ ստեղծագործությունները մնայուն արժեքներ են և ներկայացնում են մեր ազգը: Հնարավոր է փոփ երաժշտության համերգը չեղյալ համարվեր, բայց սիմֆոնիկը, կամերայինը` երբեք: Հայրենական պատերազմի ժամանակ, երբ Լենինգրադը շրջափակման մեջ էր, Ստալինի կարգադրությամբ հնչեց Շոստակովիչի սիմֆոնիան: Ռազմաճակատում ռադիոյով մարդիկ լսում էին ու մտածում, որ Լենինգրադն ապրում է: Լենինգրադում պատերազմի ժամանակ սիմֆոնիկ նվագախումբը նոր երաժշտություն է կատարում: Պատերազմի ժամանակ ստեղծվեց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Երկրի համար ծանր պահերին դու ծայրահեղ վիճակում ես, սկսում ես աշխատել: Սա էլ մեր զենքն է: Ոչ միայն սիմֆոնիկ, կամերային երաժշտարվեստում, նաև երգարվեստում պետք է ամուր լինել: Երբ քառօրյա պատերազմի մասին լուրն ինձ հասավ, մի քայլերգ ծնվեց, որ ռիթմ ունի, ուժ ունի, տոկունություն: Սկզբում երաժշտությունն է ծնվել: Հիմա բառերն են գրում: Արդեն պայմանավորվածություն կա, թե ով է կատարելու: Ընթացքի մեջ են աշխատանքները: Արվեստը միշտ պետք է լինի ու պիտի կարողանա օգնել մեր մարտիկին: Նաև արվեստի, մշակույթի շնորհիվ է հայ ժողովուրդը պահպանել իր գոյությունը: Ինչե՜ր ենք տեսել, ինչքա՜ն կորուստներ ենք ունեցել, երաժշտությունը միշտ կար:
-Հնարավո՞ր է` փառատոնը հետագայում ներառի նաև արտասահմանյան ժամանակակից երաժշտություն:
-Սա հայ երաժշտության փառատոն է, որտեղ հնչում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդ թվում` արտասահմանում ապրող կոմպոզիտորների: Ձեր ասածը ենթադրում է այլ ձևաչափ: Դա կլինի միջազգային փառատոն: Ընտրությունը պետք է լինի առավելագույնս ճիշտ: Մենք շատ ենք լսում, ասենք, ամերիկյան, ֆրանսիական երգեր և լսում ենք այն, ինչ իրենք ներկայացնում են, թույլ են տալիս երկրից դուրս գա: ԱՄՆ-ում, օրինակ, տարեկան ստեղծվում է մոտ 30 հազար երգ, մենք լսում ենք հարյուրը: Ասում ենք` ազատություն, բայց այդ ազատությունը հարաբերական է, իրենք փուլ առ փուլ են պրոպագանդում իրենց երգերը: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք են անում դեսպանատները` ռադիո և հեռուստատեսություն ուղարկելով տեսանյութեր ու ձայնագրություններ:
-Մեր կողմից նո՞ւյնպես «զտում» է լինում:
-Ես միառժամանակ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչության երաժշտական ծրագրերի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էի: Դեսպանատները ուղարկում էին նյութեր, ես, լինելով կոմպոզիտոր, ամեն բան թույլ չէի տալիս հաղորդել: ՈՒզում էի՝ մեր ունկնդիրը լսի լավը: Եթե ամեն ինչ մատուցվի, էքսպանսիային դիմակայելը շատ դժվար կլինի: Առանց այն էլ այսօր ամեն տեղ` սրճարաններում, հասարակական վայրերում, հնչում է օտար երաժշտություն: Գոնե համագործակցեն կոմպոզիտորների միության կամ ռադիոյի ու հեռուստատեսության հետ, որոնք ինֆորմացիա են ստանում ու կարող են առաջարկներ անել: Սա պետք է լրջորեն քննարկվի: Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարող է հնչել ամեն ինչ, բայց հիմնականում` հայկականը: Զբոսաշրջիկներին ներկայացնում ենք այն, ինչ իրենց մոտ կա, լսում են: Համենայն դեպս, ամերիկյան սրճարաններում հայկական երաժշտություն չի հնչում:
-Հաճելի կլիներ, որ երբեմն նաև հայկական երաժշտություն լսեինք օտար երկրների սրճարաններում:
-Դրա համար պետք է դրսի հանրությանը ներկայացնենք հայկական երաժշտություն, պրոպագանդենք, ինչի համար մեծ գումարներ են պետք: Թեև` ոչ միշտ: Հիմա ես լսում եմ մի սկավառակ, որտեղ ամերիկացիները կատարում են հայկական երաժշտություն: Իսկ առհասարակ, խորհելու շատ բան կա: Պետք է մտածենք, հասկանանք, լուծենք այն բացերը, որ մեզ մոտ կան:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ