ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կուսակցություններն անհրաժեշտ են համարում համագործակցությունը արտաքին քաղաքական ոլորտում

Կուսակցություններն անհրաժեշտ են համարում համագործակցությունը արտաքին քաղաքական ոլորտում
24.05.2016 | 21:12

Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ. «Մենք` մայիսի 21-22-ը Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներս, կարևորելով` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական համակարգերի հետագա զարգացումը, ժողովրդավարական արժեքների հետևողական ներդնումը, մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների իրացումը, կուսակցությունների համագործակցությունը և քննարկումները համահայկական նշանակության, այդ թվում` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում, քաղաքական գործունեության կազմակերպումն ու իրացումը բացառապես ԼՂՀ և ՀՀ Սահմանադրությունների շրջանակում, հպարտանում ենք ապրիլյան պատերազմի ընթացքում ԼՂՀ պետական կառույցների կազմակերպվածությամբ և Պաշտպանության բանակի ցուցաբերած արիությամբ, անձնազոհությամբ ու հաղթական ոգով և մեր ողջ ժողովրդի դրսևորած միասնականությամբ»:

Ֆորումի մասնակիցները դատապարտել են Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ահաբեկչական գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի, պետական մակարդակով իրականացվող հայատյացության ու անհանդուրժողականության քաղաքականությունը:
Ընդգծելով, որ կուսակցությունները քաղաքացիների քաղաքական, իրավական, սոցիալական, հումանիտար, տնտեսական և այլ շահերի ամենաարդյունավետ արտահայտողներն են, ֆորումի մասնակիցները հավաստիացրել են, որ կուսակցությունները Հայաստանի և Ղարաբաղի ներքին և արտաքին մարտահրավերներին լիարժեք դիմակայելու նպատակով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն իրենց ինտելեկտուալ, կազմակերպչական, կառուցվածքային և այլ կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու համար:
«Կարևորում ենք քաղաքական համերաշխության և հասարակական համախմբվածության կենսական նշանակությունը ազգային անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրների, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման նպատակով: Ամրագրում ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է։

Առաջնահերթություն ենք համարում նման համագործակցությունն ակտիվորեն օգտագործելը մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներում», - ասված է հայտարարությունում:
Պատգամավորները վերահաստատել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը և պատրաստակամությունը՝ դրանք դարձնել պարբերական և մշտապես կազմակերպել Ղարաբաղում՝ ներառելով կուսակցական կառույցների հնարավորինս լայն շրջանակ` կանանց կազմակերպություններ, երիտասարդական թևեր, փորձագետներ և այլն:
Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», «Ազատ հայրենիք», «Ազատություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունները, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն և ՀՅԴ Արցախի կառույցը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, «Հզոր հայրենիք», «Միացյալ ազատական ազգային», Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունները։

Դիտվել է՝ 3322

Մեկնաբանություններ