Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ 45-րդ նախագահ

Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ 45-րդ նախագահ
21.01.2017 | 12:52

Ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանին, փոխնախագահ Մայք Փենսը՝ տիկնոջ հետ, ժամանել են Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցի: Եկեղեցական արարողակարգին ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր:
Սպիտակ տան ու Կապիտոլիումի մերձակայքում անվտանգության առավել խիստ միջոցներ են ձեռնարկվել, հետիոտների ճանապարհները ժամանակավորապես փակվել են: Վաշինգտոնի՝ մոտ ութ քառակուսի կիլոմետրանոց կենտրոնը վերահսկելու համար աշխատում է 28 հազար ոստիկան:
Սպիտակ տան նախասրահներից ու պատերից հանվել են նախագահ Օբամայի լուսանկարները՝ դատարկ շրջանակները թողնելով այսօր պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփին:


Պաշտոնավարումն ավարտող Բարաք Օբաման Սպիտակ տանը դիմավորել է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին ու փոխնախագահ Մայք Փենսին՝ նրանց կանանց հետ: Ֆրանսպրեսի վերջին լուսանկարներում երևում է՝ ինչպես է Օբաման դուրս գալիս Օվալաձև սրահից՝ ավանդույթի համաձայն իր հաջորդի համար անձնական նամակ թողնելով նախագահական գրասեղանին:
Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը միասին թեյել էին՝ մինչ կմեկնարկեին պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունները:

Ցուցարարները փորձում են խոչընդոտել հանդիսավոր արարողությունները՝ արգելափակելով դեպի Վաշինգտոնի կենտրոն տանող ճանապարհները: Առայժմ, սակայն, Թրամփի ընդդիմախոսների այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվում:
Հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Վաշինգտոնի կենտրոն են ժամանում աշխարհի բազմաթիվ նախկին առաջնորդներ ու բարձրաստիճան հյուրեր:
Սպիտակ տնից հեռանալուց առաջ ԱՄՆ առաջին աֆրոամերիկացի նախագահը՝ Բարաք Օբաման, ուղերձ է հղել ամերիկացիներին Twitter-ով:
«Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել ձեզ, դուք ինձ դարձրեցիք ավելի լավ առաջնորդ ու ավելի լավ մարդ»:


ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը՝ տիկնոջ՝ Լորայի հետ, ժամանեցին՝ մասնակցելու նորընտիր հանրապետական նախագահի պաշտոնամուտին:
Նախագահ Բարաք Օբաման և նրա տիկինը՝ Միշելը, ներկայացրել են իրենց ապագա հիմնադրամի կայքը, որը գործելու է Չիկագոյում: Հենց այստեղից է տարիներ առաջ իր քաղաքական կարիերան սկսել ԱՄՆ առաջին աֆրոամերիացի նախագահը, և հենց Չիկագոյից էլ նա վերջին ուղերձը հղեց ԱՄՆ ժողովրդին:
Օբաման պնդում է՝ իր հիմնադրամը լինելու է ավելին, քան լոկ թանգարան, այն «ապրող և կենսունակ կենտրոն է լինելու քաղաքացիների համար՝ ջանքեր գործադրելով ոչ միայն Նահանգների, այլև ողջ աշխարհի համար»:
Ամերիկյան ներքաղաքական կյանքը լուսաբանող լրագրողները պնդում են՝ երդմնակալության արարողությունը մարդաշատ չէ: MSNBC-ի քաղաքական լրագրող Քրիստոֆեր Հեյսը Twitter-ում գրել է. «Ես 2000-ից մասնակցում եմ պաշտոնամուտի արարողություններին, այս մեկը տարօրինակ դատարկ է»:


Երդմնակալությունից օրեր առաջ անցկացված մի շարք հարցումներ վկայում են, որ Դոնալդ Թրամփը լինելու է ամենացածր վարկանիշով Սպիտակ տուն մտնող նախագահը ԱՄՆ նորագույն պատմության մեջ: Ընտրյալ նախագահի քաղաքականությանը այժմ հավանություն է տալիս ամերիկացիների 40-44 տոկոսը:
Դոնալդ Թրամփը, կասկածի տակ է դրել այս հարցումների հավաստիությունը՝ հիշեցնելով՝ ժամանակին էլ միաձայն պնդում էին, թե հաղթելու է իր մրցակից Հիլարի Քլինթոնը:
Նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու նրա տիկինը՝ Հիլարին, որ նոյեմբերին պարտվեց նախագահական ընտրություններում, ժամանեցին միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասնակցելու համար:
Թրամփը և Օբաման ավարտեցին հանդիպումը Սպիտակ տանը և նախագահական լիմուզինով ուղևորվեցին Կապիտոլիում:
Նախագահներ Օբաման և Թրամփը, փոխնախագահներ Բայդենն ու Փենսը, արդեն ժամանել են Կապիտոլիում:


Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Թրամփի ցուցարարների դեմ, երբ քարեր են նետել, պատուհաններ կոտրել Սպիտակ տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Առնվազն երկու մարդ ձերբակալվել է:
Մինչ հարյուր հազարավոր աջակիցներ ու բարձրաստիճան հյուրեր ժամանել են հանդիսավոր արարողությանը, ընդդիմադիրները բողոքի ցույց են անցկացնում մերձակա թաղամասերում, որտեղ հազարավոր ոստիկաններ են տեղակայված:
Փոխնախագահ Փենսի երդմնակալությունից առաջ ելույթ է ունենում սենատոր դեմոկրատ Չաք Շումերը՝ ընդգծելով ամերիկյան արժեքներին հավատարիմ մնալու, միասնական լինելու կարևորությունը: «Մենք կրկին իշխանության խաղաղ փոխանցման ականատես ենք, և ամեն օր պայքարելու ենք մեր Սահմանադրության հիմնարար սկզբունքների և այն արժեքների համար, որ Ամերիկան դարձնում են Ամերիկա»,- հայտարարեց նա:


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ավանդույթի համաձայն, խոստացավ ամեն ինչ անել՝ իր պարտականությունները իրականացնելու, ԱՄՆ Սահմանադրությունը պաշտպանելու համար:
Ձախ ձեռքը դնելով Ավետարանի վրա, որով երդվել էր Աբրահամ Լինքոլնը, Թրամփը արտասանեց՝ «Ես հանդիսավորությամբ երդվում եմ, որ հավատարմորեն իրականացնելու եմ նախագահի պարտականությունները և իմ ամբողջ կարողություններով լավագույնս պահպանելու եմ, նեցուկ եմ կանգնելու և պաշտպանելու եմ ԱՄՆ Սահմանադրությունը»:

Երդմնակալությունից հետո՝ առաջին ելույթում, Դոնալդ Թրամփը երախտագիտություն հայտնեց նախագահ Բարաք Օբամային ու նրա տիկնոջը՝ երկրին մատուցած ծառայությունների համար: Թրամփը պնդում է, որ այսօր Ամերիկայում իշխանության փոխանցում է տեղի ունենում ոչ միայն Օբամայի վարչակազմից՝ իրեն, այլև քաղաքական էլիտայից՝ ժողովրդին: «Նրանց քաղաքական հաղթանակները ձերը չեն եղել, և մինչ նրանք տոնել են, հարյուր հազարավոր ամերիացիներ տառապել են: Փոփոխությունը սկսվում է հենց հիմա, և սա Ձեր տոնն է, սա Ձեր երկիրն է»,- առաջին ելույթում հայտարարեց ԱՄՆ 45-րդ նախագահը՝ հավելելով՝ հունվարի 20-ը դառնալու է մի օր, երբ ժողովուրդը կրկին դարձավ իշխող Ամերիկայում:


Դոնալդ Թրամփը նախ և առաջ միասնության կոչ արեց՝ հայտարարելով. «Մենք մեկ ազգ ենք, նրանց ցավը մեր ցավն է, նրանց հաջողությունը՝ կրկին մերը, մենք միասնական ենք՝ միևնույն ճակատագրով»:
Դիմելով իր երկրի քաղաքացիներին ու աշխարհին, նա հայտարարեց՝ այսուհետ Ամերիկան փոխում է իր ռազմավարությունը. «Տասնամյակներ շարունակ մենք հարստացրել ենք օտար արդյունաբերողներին՝ հարվածելով մեր գործարարներին, պաշտպանել ենք օտար երկրներ՝ մոռանալով մեր սհամանների մասին: Տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել արտասահմանում, երբ ԱՄՆ ենթակառուցվածքները քանդվում են: Օտար երկրներ ենք հարստացրել, մինչ մեր երկրի հարստությունը, ինքնավստահությունը թուլացել է: Մեկ առ մեկ մեր գործարանները քայքայվել կամ դուրս են եկել երկրից, Ամերիկայի միջին խավի հարստությունը հոսել է այլ երկրներ: Սակայն այդ ամենը անցյալում է, այսօր մենք նայում ենք միայն ու միայն ապագային»:


Թրամփը կրկնեց իր նախընտրական խոստումը՝ «Առաջին հերթին Ամերիկան», հայտարարեց, որ իր բոլոր, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումները կայացնելիս այդ կարգախոսով է առաջնորդվելու: «Ես կպայքարեմ հանուն ձեզ և երբեք չեմ լքի, Ամերիկան կսկսի վերստին հաղթել: Մենք կվերադարձնենք մեր աշխատատեղերը, կամրապնդենք սահմանների պաշտպանությունը, հետ կբերենք մեր հարստությունն ու մեր երազանքները»,-հայտարարեց նա:


«Մենք այլևս չենք հանդուրժի քաղաքական գործիչների, որոնք միայն դժգոհում են, սակայն ոչինչ չեն անում: Եկել է գործողությունների ժամանակը, ավարտվել է դատարկ խոսակցությունների ժամանակը»,- հայտարարեց Թրամփը՝ խոստանալով՝ Ամերիկան կրկին սկսելու է բարգավաճել: Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ Թրամփը հայտարարեց, թե Նահանգներն այլևս չի փորձելու իր կենսակերպը թելադրել այլ ժողովուրդների, փոխարենը դառնալով օրինակ նրանց համար:

Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ