ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ամենաինտրիգային դաշինքը

Ամենաինտրիգային դաշինքը
19.02.2017 | 12:39

Այնպես է ստացվել, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն առայժմ ամենասկանդալայինն է ընտրական գործընթացում: Այն ձևավորվեց այլ մասնակիցներով, որոնք շուտով հեռացան դաշինքից` բողոքելով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ստվերային մեծ ազդեցությունից: Դաշինքի նոմինալ առաջատարը Սեյրան Օհանյանն է, բայց նա չունի սեփական թիմ և, ըստ որոշ տեղեկությունների, կատարում է Ռոբերտ Քոչարյանի մենեջերի դերն այս ընտրական ցիկլում:

Դաշինքի անվան մեջ արտացոլված է Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, բայց նա ցուցակում ընդամենը 11-րդն է:
Համամասնական ցուցակում տեղ է գտել քաղկալանավոր Անդրեաս Ղուկասյանը, սակայն դաշինքի վարչապետացուին, մեղմ ասած, խորթ է հեղափոխականությունը: Սեյրան Օհանյանն, իր խոսքով, երկրի կառավարման հարցում տարաձայնություններից բացի, Սերժ Սարգսյանի հետ որևէ խնդիր չունի: Դասական իմաստով`ՕՐՕ դաշինքը, առնվազն նրա առաջնորդն այլընտրանքային դիրքորոշումներ չեն ներկայացնում` տպավորություն ստեղծելով, որ իրենք կարող են ավելի արդյունավետ կառավարել: Նման միավորումները, որպես կանոն, շեշտը դնում են գործող իշխանությունների ռեսուրսների փոշիացման վրա: Այս իմաստով` խիստ ուշագրավ է Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը:

Այս իրադարձությունն երկակի ազդեցություն կարող է ունենալ: Մի կողմից` ՕՐՕ դաշինքը զրկվելու է իշխանությանը լոյալ որոշակի շրջանակների աջակցությունից, մյուս կողմից` հալածյալի կերպարը կարող է նպաստել դաշինքի արմատական ընդդիմության իմիջի ձևավորմանը:
Չի բացառվում, իհարկե, որ իշխանությունները խնդիր ունեն ոչ թե դաշինքի, այլ Վարդան Օսկանյանի հետ: Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԱԳ նախկին նախարարն ապրիլի 2-ից հետո լքելու է քաղաքականությունը:
Սրանք վարկածներ են, մեզ մնում է սպասել իրադարձությունների զարգացմանը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ