Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Արդյոք այդ սիմվոլիկ վարձավճարով գրողը կարողացե՞լ է ապրել և ստեղծագործել»

«Արդյոք այդ սիմվոլիկ վարձավճարով գրողը կարողացե՞լ է ապրել և ստեղծագործել»
09.10.2018 | 02:22

Մշակույթի նախարարությունը պետական աջակցությամբ և պետպատվերով հրատարակվող գրականությանը հատկացվող գումարն այս տարի ուղղելու է ստեղծագործողներին և հետազոտողներին տրվող դրամաշնորհային և գրքերի գնման ծրագրերին։ Նոր շեշտադրումներ կան նաև «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրում: Այն պարբերականները, որոնք կստանան մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությունը, ստանձնելու են հոնորար վճարելու պարտավորություն: Գրական հարթակում սպասվող նոր մարտահրավերները բուռն քնարկումների առիթ են տվել: «Իրատեսը» թեմայի շուրջ զրուցել է մշակույթի նախարարության աշխատակազմի մամուլի, գրական դրամաշնորհային ծրագրերի համակարգող ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

-Որո՞նք են 2019-ին սպասվող հիմնական փոփոխությունները:
-Գրահրատարակչության, գրքի հանրահռչակման, գրող-ընթերցող-հրատարակիչ կապի ամրապնդման գործընթացներում մշակույթի նախարարության դերը միտված է ոլորտի համակարգմանը, կարգավորմանը:
Մինչև 2019-ի փոփոխություններին անդրադառնալը, պիտի նշեմ, որ դեռևս ընթանում է 2018-ի ծրագրերի իրականացումը: Այս ընթացքում այն ծրագրերը, որ եկել են նախորդ տարիներից և ունեցել են լայն հնչողություն, շարունակվելու են: Դրանցից է Գրքի երևանյան փառատոնը, որ երկրորդ անգամ որոշ փոփոխություններով տեղի կունենա այս տարվա նոյեմբերին: Շարունակվում է նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը, որով աջակցություն է տրվում արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակելու հայ դասական կամ ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունն աշխարհին ճանաչելի դարձնելն է:
2019 թվականի մշակութային քաղաքականությունն ուրվագծելիս նախարարությունը կարևորել է հիմնաքարային որոշակի սկզբունքներ` դաշտում գործող յուրաքանչյուր օղակի համաչափ զարգացում, սկսած ստեղծագործական գործընթացից, մինչև գրադարան-ընթերցող կապի շարունակականության ապահովում: Այս առումով հատկանշական է փոփոխություններից թերևս ամենաթիրախայինը. եթե նախկինում մշակույթի նախարարությունը գործընթացը սկսում էր հրատարակիչների հետ ուղիղ կապով, և գրողի մասնակցությունն այս շղթայում «երկրորդային» էր, 2019-ին առաջին պլանում գրողն է, գրողի ստեղծագործական ընթացքը: Տրվում է դրամաշնորհ գրողներին, մշակութաբաններին, արվեստի քննադատներին, գրականագետներին` ստեղծագործական, հետազոտական աշխատանքը խթանելու համար:
-Ստեղծագործողներին և հետազոտողներին տրամադրվող աջակցությունն ի՞նչ խնդիր է լուծելու:
-Այս հարցադրումը հիշեցրեց Թումանյանի հոդվածներից մեկը, որում գրողի, առհասարակ ստեղծագործող մարդու խնդիրներով մտահոգ հրապարակախոս-բանաստեղծն ընդգծում է. «Մենակ տաղանդը ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ»: Գրողներին, գրականագետներին, մշակույթի ոլորտը հետազոտողներին աջակցության ծրագիրը «բարեհաջող», նպաստավոր պայմաններ ստեղծելու առաջին քայլն է:
Սա մեկնարկային ծրագիր է, որը, հուսանք շարունակական կլինի, և հաջորդ տարիներին դրամաշնորհը կուղղվի այլ ժանրերի, ուղղությունների ստեղծագործական, հետազոտական նախագծերի:
Մեր օրերում ժամանակակից հայ գրականության, թատրոնի, կինոյի, կերպարվեստի, առհասարակ արվեստի, մշակույթի բոլոր ոլորտների վերաբերյալ մասնագիտական խոսքի անհրաժեշտություն կա, և դրամաշնորհային այս ծրագիրը բացը ինչ-որ չափով լրացնելու հնարավորություն է տալիս:
-Կա՞ն հայտեր, ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:
-ՈՒնենք հայտեր բոլոր ուղղություններով: Դա արդեն ուրախալի է: Սակայն արդյունքների մասին այս պահին վաղ է խոսել: Դրամաշնորհային ծրագիրը, ինչպես նաև գրական այլ նախաձեռնությունները քննում են նախարարությանը կից գործող խորհուրդները: Այս մեթոդը հնարավորություն է տալիս խորհրդակցական, մասնագիտական կարծիքների հիման վրա ունենալու օբյեկտիվ, անաչառ պատկեր՝ զերծ մնալով միանձնյա որոշումներից։ Ընդունված հայտերի ցանկերը կհստակվեն խորհրդի քննարկումների արդյունքում, որից հետո կկարողանանք շոշափելիորեն խոսել արդյունքների մասի:
Բացի այդ, նախատեսվել է գրականության գնման ծրագիր, որի շրջանակում մշակույթի նախարարությունը 2019-ին ձեռք կբերի և գրադարաններին կբաշխի նոր լույս տեսած, արժեքավոր գրականություն հետևյալ ուղղություններով. մշակույթը ներկայացնող հանրամատչելի գրականություն, գիտամշակութային գրականություն, քննադատական տեսություն պարունակող գրականություն, Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված գրականություն: Ծրագրի իրականացումը միտված է գրադարանային հավաքածուների թարմացմանն ու հարստացմանը, հանրակրթության և բուհական կրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի խրախուսմանն ու արդյունավետ կազմակերպմանը:
-Դժոգոհություններ կան առ այն, որ գրողին տրվող գումարը միտում ունի նրան լռեցնելու, «ստրկացնելու»: Ի՞նչ կասեք այս մասին:
-Տարիներ շարունակ աջակցություն է տրվել հրատարակչություններին, որոնք և որոշել են` հրատարակության իրավունք ձեռք բերելու համար գրողին որքան վճարել. հարց է առաջանում` արդյոք այդ սիմվոլիկ վարձավճարով գրողը կարողացե՞լ է ապրել և ստեղծագործել...
Այսօր մշակույթի նախարարությունը շրջադարձային քայլ է անում` նպաստավոր պայմաններ ստեղծելով գրողի ստեղծագործական նախաձեռնությունը խթանելու ուղղությամբ:
Իսկ Ձեր դիտարկմանն ի պատասխան ասեմ, որ ցանկացած նոր բան ամենատարբեր աձագանքներ է ենթադրում, այդ թվում` բացասական:
-Ինչպե՞ս են հրատարակվելու այն գրքերը, որոնք մասնավոր հրատարակիչներին ձեռնտու չեն, բայց պետական նշանակություն ունեն:
-Մշակույթի նախարարության քաղաքականությունն այս ոլորտում միտված է հենց այդ խնդիրը լուծելուն նաև, ցուցաբերվում է աջակցություն գրական այն գործընթացներին, մշակութաբանական, արվեստաբանական, գրականագիտական հետազոտական նախագծերին, որոնք կոմերցիոն չեն, սակայն, արժեքավոր են և անհրաժեշտ, բխում են մեր մշակութային քաղաքականությունից ու ռազմավարությունից, ժամանակի հրամայականից:
-Գրահրատարակչական ոլորտի խնդիրներից որո՞նք կառանձնացնեք:
-«Կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել»: Նորից վերադարձա Թումանյան հրապարակախոսին, ում մտահոգություններն այսօրվա ստեղծագործողի համար առավել արդիական են, ցավոք: Գերխնդիրներից մեկը մնում է գրողի սոցիալական ապահովության հարցը:
Հաճախ գրողը գրքի հրատարակման իրավունքը տալիս է հրատարակչությանը չնչին գումարի դիմաց մի քանի տարի ժամկետով, մեղմ ասած` ստեղծագործում է` չապրելով: Սա մեծագույն խնդիր է: Մշակույթի նախարարության 2019-ի գրական ծրագրերն ու նախաձեռնությունները կարելի Է դիտարկել հենց այս համատեքստում: Պետությունը կանգնում է իր գրողի, մտավորականի կողքին, տալիս է հնարավորություն ապրելու՝ ստեղծագործելով:
Այս առումով 2019 թվականի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրում ևս ունենք նոր շեշտադրում: Այն պարբերականները, որոնք կստանան մշակույթի նախարարության աջակցությունը, ստանձնելու են հոնորար վճարելու պարտավորություն` ժամանակակից հայ գրաքննադատական, արվեստաբանական, մշակութաբանական հոդվածների, ինչպես նաև գրողների ստեղծագործությունների համար (մենք տալիս ենք նրանց այդ գումարը):
Հայաստանում չկա գրատարած ցանց: Սա ևս խնդիր է: Խնդիր է նաև այն, որ, որքան էլ աշխուժանում են այս ոլորտում գործընթացները, ինչքան էլ շատացել են աշխարհի հետ հարաբերվելու եզրերը, այնուամենայնիվ, շատ հարցերում հետ ենք մնում «ժամանակի գնացքից»: Շատ հրատարակչություններ ստեղծում են դեռևս 90-ականներին հատուկ ձևավորումներով, տպագրական որակներով արտադրանք:
-Պետական աջակցության չեղարկումը գրքի գնի աճ չի՞ ենթադրում, առհասարակ, թա՞նկ են, թե՞ էժան մեզ մոտ գրքերը, եթե հաշվի առնենք երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:
-Գրքի ստեղծումը երկար և բարդ գործընթաց է` ստեղծագործական աշխատանք, հեղինակային իրավունքի ձեռքբերում, թարգմանություն, խմբագրում-սրբագրում, ձևավորում, էջադրում, տպագրություն, հարկեր, գրախանութի շահույթի մասնաբաժնի ավելացում արժեքին և այլն: Այս ծախսերը գումարվելով կազմում են գրքի գինը, որը, այո, էժան չէ, հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, սակայն հնարավոր չէ նաև էժանացնել, որովհետև գինը գոյացել է վերը թվարկված ծախսերից:
Պետական պատվերի կասեցման գործընթացով պայմանավորված գրքի շուկայական գնի աճի մասին պիտի ասեմ, որ Հայաստանում տարեկան հրատարակվում է շուրջ երկու հազար գիրք, որի հինգ տոկոսն էր միայն լույս տեսնում մշակույթի նախարարության պատվերով և աջակցությամբ: Հետևաբար, այս հինգ տոկոսը, մեծ հաշվով, չէր կարող ազդել գրքի ինքնարժեքի վրա:
Հավելեմ, որ մշակույթի նախարարությունը գրքի հանրահռչակման, մամուլի, գրական ծրագրերի քաղաքականությունը մշակելիս առաջնորդվում է ոլորտի յուրաքանչյուր օղակի հավասար, համաչափ զարգացման կարևորության սկզբունքով:
Կարևոր են գրողն ու ստեղծագործական պրոցեսը, գրող-հրատարակիչ-գրադարան-ընթերցող կապն ու կապի տրամաբանական զարգացումը, սպառողական կամ քաղաքական նախընտրությունների շրջանակից դուրս մնացող գրականությունն ու գրական նախագծերը և այլն:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ