Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հպարտության պատճառով մենք խորապես տառապում ենք

Հպարտության պատճառով մենք խորապես տառապում ենք
12.10.2022 | 07:20

Մենք բոլորս ուղղակի մխրճվել և սուզվել ենք ուրիշներին դատելու այս պղտոր ճահճի մեջ: Ում ասես և ինչի համար ասես չենք դատում` Տիրոջ իշխանությունը հափշտակելով, մոռանում ենք Նրա պատվիրանը. «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք»:

Մենք ամեն կերպ ձգտում ենք բարձր պաշտոնի ու ճանաչման, իսկ Տերը, իր աշակերտների մեջ նկատելով այս տենչը, ասում էր. «Ով ուզում է ձեր մեջ մեծը լինել, թող լինի որպես սպասավոր» (Մատթ.20.26): Մտածե՞լ ենք երբևիցե տերունական այս խոսքերի շուրջ: Կա՞ մեր մեջ ցանկություն` լինել մերձավորի նկատմամբ սպասավորի դերում: Ո՛չ: Մենք միշտ մերձավորներից ենք ակնկալում ընդունել ծառայություն, մենք մահու չափ վախենում ենք իջնել «սպասավորի աստիճանին», իսկ արդարացումը մեր հպարտության` պատճառ ենք բերում մեր տարիքը, պաշտոնական դիրքը, հոգնածություն, հիվանդություն և այլն: Իսկ հիմա մի վայրկյան պատկերացրեք, թե ինչպես պիտի բարեփոխվեր մեր կյանքը, եթե մեզնից յուրաքանչյուրը, այս պահից սկսած, ընդուներ որպես կանոն` ձգտել իր կարողության, ուժի և հնարավորության չափով ծառայել մերձավորին` մոռանալով սեփական անձը, տերունական խոսքի համաձայն. «Ով ուզում է ձեր մեջ լինել առաջինը, թող լինի որպես ծառա» (Մատթ. 20.27): Եթե դուք վարվեք այդպես ձեր հոգու ներքին կանչով, ի սրտե, ապա անկասկած կզգաք ուրախություն` խոնարհության երանություն: Իսկ մենք, Տե՛ր, մեր գոռոզությամբ և նրանից ծնված վատ ու չար արարքներով թունավորում ենք մեր կյանքը, հեռացնելով մեզ Քեզնից` արգելափակում ենք Աստծո Շնորհի մուտքը մեր հոգիներից ներս, դրա համար էլ չունենք ուրախություն և երջանկություն: Հպարտության պատճառով մենք հոգեպես տառապում ենք` չափազանց հետաքրքրասիրությամբ, կեղծավորությամբ, կամակորությամբ, սեր ունենք վիճելու, անհնազանդ ենք, նախանձ, խանդոտ, չարախոս և ապերախտ: Սուրբ հայրերից մեկն ասում է. «Եթե մարդկային որեւէ առաքինության կամ բարեգործության հիմքում խոնարհություն չլինի, ապա բարի գործը այլեւս բարիք չէ, այլ վնաս է մեզ եւ խորթ է Աստծուն»:


Կա հպարտության ևս մի նուրբ տեսակ, որը շատ վտանգավոր է մեր հոգու համար. դա սնափառությունն է: Այս երևույթը փորձում է մեր արած ամեն գործ դարձնել այնպես, որ այն լինի ոչ թե Աստծո փառքի համար, այլ սեփական անձի մեծարման կամ մարդկանց հաճելի երևալու համար: Սնափառությունը միշտ տենչում է մարդկային փառք և գովասանք: Այս պատճառով, եթե մեկը մի աշխատանք է կատարում կամ բարի գործ` ի ցույց մարդկանց, առաքինությունը դարձնում է միջոց` սնափառության կիրքը բավարարելու համար, այսպիսով բորբոքում է Աստծո բարկությունն իր վրա: Որովհետև այն գործը, որ պիտի կատարվեր Աստծու հանդեպ սիրուց դրդված և Նրա փառքի համար, արվում է սեփական անձի փառքի համար, քանի որ հաճոյանում ենք մարդկանց, որոնց գերադասում ենք Աստծուց, աշխարհի փառքը նախադասում ենք Աստծո փառքին: Ահա թե որքա՜ն հեռու ենք մենք հոգով աղքատ լինելուց, որքա՜ն հեռու ենք սրտով խոնարհներից:

«Երանի սգավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն»

Լացել ու սգալ կարելի է տարբեր բաների համար: Եվ այստեղ երանելի են կոչվում ոչ թե նրանք, ովքեր տրտմում և լացում են աշխարհիկ իրերի համար, քանզի լացել կարող է նաև անուժ կատաղությունը, ստորացած հպարտությունը, վիրավորված եսասիրությունը: Սակայն դրանք բոլորը մեղքի արտասուքներ են` անօգուտ, լացողների համար, քանզի վնասում ենք հոգուն և մարմնին, առաքյալի խոսքի համաձայն. «Այս աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Կոր. 7; 10):


Երանությունն ու մխիթարությունը տրվում է նրանց, ովքեր լացում և սգում են, որ անկատար և անվայել ձևով են ծառայում Աստծուն և նույնիսկ արժանի են Նրա բարկությանը: Ստուգենք հիմա մեր սրտերն ու խիղճը. արդյո՞ք տրտմում ենք, որ ապականել և անընդհատ ապականում ենք Աստծո պատկերը մեր մեջ` մեղքեր գործելով: Որ մենք ամեն օր աղտոտում ենք այդ պատկերը մարմնավոր կրքերով, աշխարհիկ հոգսերին կապվելով, անհավատությամբ, հպարտությամբ, ատելությամբ և նախանձով, անզուսպ պահվածքով, հարբեցողությամբ և այլ կրքերով, ու դրանով մեր Արարչին ենք բարկացնում և փորձում Նրա երկայնամտությունը:
Սգո՞ւմ ենք մենք նրա համար, որ «քրիստոնյա» անունն ենք կրում միայն, որ ստացանք սուրբ Մկրտությամբ, Տիրոջ օրենքը չենք կատարում և ապրում ենք, ինչպես Քրիստոսին չհավատացողներ` կառչած ենք երկրավոր բաներին, չենք մտածում Երկնքի և հանդերձյալ անվախճան կյանքի մասին, մահվան մասին, որ անպատրաստ ենք Աստծո Արդար, Ահավոր ու սոսկալի Մեծ Դատաստանի քննությանը: Մենք ուղղակի անհոգ ենք մեր հոգու փրկության հարցում, մենք բացարձակապես մոռացել ենք այս ամենի մասին:


Սգո՞ւմ ենք մենք այն բանի համար, որ մեր սիրտը ամեն կերպ ձգտում է անել ամեն ինչ Տիրոջը հակառակ: Նույնիսկ եթե աղոթում ենք, զղջում և հաղորդվում ենք Սուրբ և Կենդանարար Խորհրդին, որը կարող է և քարացած սիրտը մոմի պես փափկեցնել, դարձյալ չենք ուղղվում մեր անփութության պատճառով: Եվ մենք պիտի սգանք ու լացենք, որ չենք բերում Տիրոջը հավատքի և սիրո պտուղներ, հեզության և անհիշաչարության պտուղներ, ժուժկալության, մաքրության, ողջախոհության և ողորմության պտուղներ և այլն:


Սգո՞ւմ ենք մենք, երբ`
ա. զգում ենք, որ անմաքուր մտքեր են մոտենում մեր սրտին,
բ. տարվում ենք ագահությամբ, ժլատությամբ և նախանձով,
գ. մեր անձի թշնամու հանդեպ տածում ենք խոր ատելություն,
դ. տարված ենք հարբեցողությամբ, արծաթասիրության ու ընչաքաղցության մոլուցքով,
ե. սրտնեղվում ենք և հակառակվում ծնողներին , մեծերին ու ղեկավարներին:


Չունենք մենք, ո՛վ Տեր, այս մշտական լացն ու տրտմությունը մեր մեղքերի համար, միայն թե խոստովանության ժամանակ ենք փոքր-ինչ իմանում մեր մեղավորության մասին, իսկ ընդհանրապես, մենք ժամանակ չունենք անգամ պատրաստվել խոստովանությանն ու Սուրբ Հաղորդությանը: Ժամանակ չունենք վերհիշել կամ մտածել խոստովանությունից առաջ` ինչո՞վ եմ ես բարկացրել Տիրոջը իմ անձնական կյանքում: Հույս ենք տածում, որ քահանան մեր փոխարեն մեղքերի ցուցակը կկարդա, իսկ մենք կասենք «մեղա»` այդպես էլ չկարողանալով բերել անհատական խոստովանություն: Այն մեզ թվում է չափազանց դժվար և ոչ հարմարավետ:


Իսկ Դավիթ մարգարեն ահա, թե ինչպես է իր մեղքերի համար սրտաբեկվելով ասում. «Ամեն գիշեր հեծեծանքով լվացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի» (Սաղ. 6; 7):

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի Հոգևոր Հովիվ
Տեր Ընծա քահանա Միրզոյանը

Դիտվել է՝ 7344

Մեկնաբանություններ