ՎԱՉԵ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Հայ հին և միջնադարյան գրականության» մեր դասախոսն էր։ Բարձրահասակ, թիկնեղ։
Հմայիչ տղամարդ էր, գրավիչ, թավ ձայնով, բարեկիրթ շարժուձևով։
Սրանք բնատուր արժանիքներ են, որ այնքա՜ն շատ են սազում խելացի մարդկանց, «մարդամեջի» գիտության նվիրյալներին։
Մեզ, որ խորհրդային դպրոցում ուսուցանել էին, թե հայոց մեջ ամեն ինչ սկսվել է Մեսրոպ Մաշտոցով, գրերի գյուտով և քրիստոնեության մուտքով ու տարածմամբ, մի պահ քարացանք, երբ հնչեց «Հայոց հին ձեռագրերի ինստիտուտ»-ի` Մատենադարարանի երբեմնի տնօրեն Վաչե Նալբանդյանի հեղինակավոր, այնքա՜ն հիմնավոր ու տրամաբանված խոսքը` Դանիելյան` նախամաշտոցյան գրերի մասին։
Այդ օրվա` նրա ու մեր ուսանողական անցյալի հանդեպ պատկառանքի զգացողությունս մինչ օրս չի անցել։
Հետո պիտի իմանայինք, որ վաստակաշատ գրականագետ-գիտնականը գիտական որոշ շրջանակների կողմից այդ առիթով անգամ հալածվել է։
Սովորական, անազնիվ դրսևորում` բոլշևիկյան, լճացման տարիներին այնքան բնութագրական, ուր հիրավի, հաճախ էր հալածվել, տրորվել ազգայինը, սեփականը, ու մեր հայոց նվիրյալ գիտնականները ստիպված են եղել պաշտպանվել, ինչու չէ, նաև հալածվել։
Հետո Վաչե Նալբանդյանի խորհրդով սկսեցինք թերթել հայոց մագաղաթյա գրերը, մատյանները, ապա` նրա` գիտնական-դասախոսի հանձնարարությամբ, քանիցս Մատենադարան այցելեցինք` այդ մագաղաթյա գրերին, պատմական մանրանկար, վայելչագիր մատյաններին հաղորդակցվելու, որ «Հայոց պատմություն» անվանումն էր կրում։ Գնացինք մեզ ապրելու և գոյատևելու գիր-հարստության արժեքն իմանալու, դրանք արժևորելու, փայփայելու։
Իսկ դրան զուգահեռ` այնքա՜ն հետաքրքիր էին անցնում Վաչե Նալբանդյանի դասախոսությունները համալսարանում։
Ժամանակ անց գիտնականի հետ պիտի թերթեինք Եղիշեի «Վարդանանց պատերազմի պատմության» էջերը, Մովսես Խորենացու «Ողբը» ուսումնասիրեինք մեր կարողացածի չափով, որ ազգի համար ճակատագրական պահերին արդեն ճանապարհ անցած մարդու իմաստությամբ հիշեինք անցյալի ճակատագրական պատերազմների դասերը, որ սովորել էինք ընկեր Նալբանդյանի դասախոսություններին։
Այն օրերին, երբ Վաչե Նալբանդյանն էր բանասիրականի նախկին` կարմիր, տուֆակերտ մասնաշենքի լսարանի առաջին հարկի մեծ լսարանում ոտքը ամուր, հաստատուն դնում հատակին, դաս էր` պահվածքի, վարվելակերպի, տղամարդու կերպարի ճանաչողության դաս։
Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի երբեմնի տնօրեն եղած` ՀՀ ԳԱ ակադեմիկոս Վաչե Նալբանդյանն օգնեց մեզ հասկանալ ու սովորել պատմիչների գրերի, ինչու չէ, գաղտնագրերի բանալին,
«Հայ հին և միջնադարյան գրականության պատմության» դռները բանալու բանալին։
Մի ամբողջ դարաշրջանի «Հայոց պատմագրություն» մատուցեց, մատուցեց գեղեցիկ, հայոց բառագանձով համեմված խոսքուզրույցով, գրաբարյան ոսկեղենիկիով զարդարուն։
Աստվածայինը Գրիգոր Նարեկացու «Մատյան»-ով հասկանալու բանալին տվեց մեզ։
Եվ արդեն ավելի քան չորս տասնամյակ անց Վաչե Նալբանդյանը մնացել է մեր հիշողության մեջ ոչ միայն որպես ներկայանալի, համակրելի, տեսքով տղամարդ, այլև` գրագետ, պատկառելի խոսքով գիտնական, ում իր երբեմնի ուսանողներն այսօր էլ, երախտագիտությամբ են հիշում, այսօր, երբ պատմահայր Մովսես Խորենացու «Ողբ»-ը էլի հայոց սեղանին է։
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ