ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Եթե հանրապետության ողջ բյուջեն էլ հատկացնենք Գյումրուն, էլի քիչ կլինի»

«Եթե հանրապետության ողջ բյուջեն էլ  հատկացնենք Գյումրուն, էլի քիչ կլինի»
21.06.2016 | 00:16

Փաստորեն, 2015-ին բյուջեի կատարողականը միայն ՀՀԿ-ին դուր եկավ ու մեկ էլ ՀՀԿ- ամերձ պատգամավորներին, սակայն «կողմ» քվեարկողները միայն նրանք չէին։ Հոգսաշատ Գյումրիում, օրինակ, անցած տարում էական ոչ մի փոփոխություն չի եղել, փոխարենը գյումրեցի պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պատրաստակամորեն կողմ քվեարկեց կատարողականին:

-Գյումրին ամենախնդրահարույց քաղաքներից մեկն է: Ի՞նչ է իրականացրել կառավարությունը նախորդ տարի այնտեղ, որ Դուք դրանից գոհացած «կողմ» քվեարկեցիք, պարոն Գրիգորյան:
-Քվեարկությունը միայն Գյումրիով չի պայմանավորված:
-Նաև՝ Գյումրիով, քանի որ Դուք առաջին հերթին այնտեղից ընտրված պատգամավոր եք և լիազորված եք նրանց խնդիրները վերհանելուն:
-Օրինակ, պետբյուջեից գումարներ են հատկացվել քաղաքի երկրորդական փողոցների կառուցապատման համար: Այս տարի ևս այդ աշխատանքները շարունակվելու են: Իսկ ընդհանուր առմամբ, բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր ֆինանսական վիճակը ծանր է, և Գյումրիում բազմաթիվ խնդիրներ կան: Եթե հանրապետության ողջ բյուջեն էլ հատկացնենք Գյումրուն, էլի քիչ կլինի: Հետո բյուջեն ընդունելու ժամանակ պետք է այդ մասին մտածել, ոչ թե կատարողականը հաստատելուց հետո: Եթե իքս հարցը ընդգրկված չէ նախորդ տարվա բյուջեում, ի՞նչ մեղք ունի կատարողականը:
-Բյուջեն նաև քաղաքական փաստաթուղթ է: Ձեր քվեարկությամբ հավանություն եք տալիս գործող իշխանության աշխատանքին: ՀՀԿ-ին հաճոյանալու խնդի՞ր էիք դրել:
-Ձեր տված հարցը կապ չունի բյուջեի կատարողականի հետ: Բոլոր հարցերը նոր բյուջե ընդունելու ժամանակ պետք է տրվեն:
-Դուք հիմա գնահատում եք արդեն կատարվածը և պարզվում է, որ բավականին գոհ եք դրանից, ինչո՞ւ նոր բյուջեի ընդունման ժամանակ չեք մտածել այն ուղղությամբ, ինչի մասին ակնարկում եք:
-Կատարողականը նորմալ է, դրա հետ կապված խնդիր չի եղել: Իսկ ո՞վ է ասել, որ բյուջեի ընդունման ժամանակ ես առաջարկներ չեմ արել:
-ՈՒրեմն Ձեր առաջարկները, կոպիտ ասած, բանի տեղ չեն դրել: Սա առավել ևս հիմք էր, որ ոչ թե կողմ, այլ դեմ քվեարկեիք:
-Լավ, լավ... (հեռանում է- Ռ. Խ.):

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ