Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից, իսկ այն ամենաշատը, որը մենք կարող ենք անել, դա, մեր ժողովրդի վիճակի իմաստով, պրոցեսներին մի քիչ-մի քիչ դրական կամ բացասական ընթացք տալն է։
Բայց չպետք է մոռանալ նաև, որ, որպես կանոն, լուրջ դրական արդյունքի հասնելը շատ մեծ ջանքեր է պահանջում, իսկ կատաստրոֆիկ հետևանքներով բացասական արդյունքի հասնելը՝ անհամեմատ ավելի պակաս ջանք։
Վերջին ասածը ավելի հստակեցնելու համար կարելի է համեմատել որևէ անձի կողմից լավ կյանք կառուցելու համար պահանջվող հսկայական ջանքը նրա ինքնասպան լինելու փոքր ջանքի հետ։
Այս իմաստով, մեր ներկա վիճակը շատ թե քիչ ադեկվատորեն հասկանալու համար առաջին հերթին պետք է հասկանալ գլոբալ ուժերի առճակատման մեր հատվածը, որը Արևմուտքի ու Արևելքի միջև գոյապայքարի մի կտորն է միայն, այն էլ ավելի ինտենսիվացված՝ Իսրայելի ու Իրանի միջև կարճատև պատերազմի ֆոնին և հաշվի առնելով մշտապես ներկա թուրքական գործոնը։
Լավ հայտնի է նաև, որ մեր պատմությունը, մանավանդ վերջին մի քանի հարյուրամյակների պատմությունը, կարելի է փորձել հասկանալ միայն ռուսների ու թուրքերի միջև հավերժական թշնամության ֆոնին և հաշվի առնելով այդ թշնամության մեջ նաև Արևմուտքի կարևոր դերը։
Այս իմաստով, պրոցեսները 21-րդ դարում որակապես այլ ընթացք ստացան Արևելքի, իսկ ավելի կոնկրետ, Չինաստանի ու Ռուսաստանի վերելքի պատճառով, որի հետևանքով որակական փոփոխություններ կրեցին նաև ռուս-թուրքական հարաբերությունները։
ՆԱՏՕ-ի տարածվելը դեպի արևելք և, հատկապես, ուկրաինական իրադարձությունները, սրեցին հակամարտությունը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։
Ռուսաստանն էլ, իր գոյաբանական վիճակի թեթևացման և Արևմուտքի հետ հակամարտության պրոցեսում բախման մի ուղղություն ունենալու համար, փորձեց լավացնել իր հարաբերությունները թուրքերի հետ, որը ենթադրում էր տակտիկական նկատառումներով որոշ զիջումների գնալ նրանց։
Եվ այստեղ, գոյաբանական իմաստով բախման մեջ մտան Ռուսաստանի ստրատեգիական թշնամական գիծը թուրքերի հետ և տակտիկական իմաստով նրանց զիջումների գնալու քաղաքականությունը։
Այդ զիջումներն էլ կատարվեցին Սիրիայում և Հարավային Կովկասում ու, մեկ էլ, թուրքերին արվող տարբեր տեսակի տնտեսաֆինանսական լուրջ լավությունների տեսքով, որի հետևանքներն էլ մենք զգացինք Արցախում և ներկա լարված իրավիճակի տեսքով։
Ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, թուրքերը բոլորովին չէին մոռացել իրենց հին ստրատեգիական թշնամակամ գիծը ռուսական շահերի նկատմամբ, որի արտահայտություններն էին շարունակաբար Ուկրաինային զենք մատակարարելը, Ասադի փախուստը Սիրիայից, Կովկասում իր ազդեցության սիստեմատիկ աճը և այլն։
Վերջին իրադարձությունները, կապված Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման և Ալիևի հանդուգն պահվածքի հետ, հնարավոր է, որ ռուսների մոտ որոշակի կասկածներ առաջացնեն իրենց կողմից թուրքերի հետ հարաբերություններում ստրատեգիական ու տակտիկական մոտեցումները իրար հետ խառնելու կապակցությամբ։
Սովորաբար, թյուրիմացաբար ճիշտ համարվող մասշտաբային տակտիկական որոշումները համարժեք են դառնում ստրատեգիական որոշումներին՝ իրենց շատ լուրջ հետևանքներով հանդերձ։
Պավել Բարսեղյան