Բայց կրկնեմ վերջերս Մոտ հինգ ժամ տևած ասուլիսին ոչ մի նոր միտք չի հնչել, հին ու չարչրկված մտքերն էին՝ նոր մանիպուլյատիվ ձևակերպումներով ու ստերով համեմված։
Լրագրողներից շատերը հնչեցնում էին փաստարկված, հիմնավորված հարցեր, դրանցից ոչ մեկին պատասխան չի տրվում, նա ասում է այն, ինչ ուզում է, մանիպուլացնում է ամենաանտրամաբանական ձևերով։
Հարց են տալիս ութ ամսական երեխայի մոր կալանավորման ու ավտոշարասյան կողմից հղի կնոջը ավտովրաերթի ենթարկելու թեմայով, ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ, ես հետևում նստած էի, դա էլ իմ ավտոշարասյունը չէր, ավտոբուս էր։ Ասում են՝ Արցախի հարցում նման քայլերի գնացիր, ասում է՝ ո՞վ, ե՞ս, ես բան չեմ զիջել։ Ասում են՝ այդ քո ասած «արտապատվիրակումը» ազդելու՞ է Ադրբեջանի տարածքի վրա, թե՞ մենակ մեզ է վերաբերվում, մեկ ասում է՝ այո, հետո նույն ասուլիսի մեջ ինքն իրեն ժխտում է մեկ այլ հարցի պատասխանելիս։ Ասում են՝ Փաշազադեի ասածները ի՞նչ ես բառ-բառ կրկնում, Հիտլերին ու չծխելու մասին անհասկանալի թեմաներ է մեջբերում։ Ասում են՝ ՀՀ պետբյուջեի փողերով ինչու՞ ես «Տգիտությունը ուժ է» նախընտրական քարոզարշավն անում, ասում է՝ դա ՀՀ վարչապետի գրպանի փողն է, ոնց կուզեմ՝ կծախսեմ, ձեզ էլ չեմ զեկուցի։ Մի խոսքով, ոչ մի պատասխան իրեն ուղղված հարցի հետ կապ չուներ։
Բնական է, շարունակում է հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա ու դա անում Աստծո ու Աստծո որդու անունը տալով։ Կեղծ քրիստոնյայի, կեղծ ինքնիշխանի, կեղծ ժողովրդավարի դիմակի ներքո զուտ եկել էր ասելու, որ շարունակելու է հրաժարվել մեր պետական շահերից, մեր կենսական իրավունքներից՝ հավանաբար հանուն ինչ-որ թղթի, որն Ադրբեջանը դժվար էլ թե մի օր ստորագրի։ Ընդ որում, շրջանցում է Ադրբեջանից եկող սպառնալիքները, ռիսկերը, խաղաղության չգնալու անթաքույց ցանկությունը և ձևացնում է, թե իբր «խաղաղություն» է կառուցվում, բայց մոռանում է, որ դա միակողմանի չի կարող կառուցվել։
Կարճ ասած՝ ստել, ստել մինչև վերջ, ստել կիսաճշմարտություններով, աստվածավախ ձևանալով, ստել համառորեն ու անդադար, այնքան, մինչև սուտը դառնա «ճշմարտություն»։ Սա է Փաշինյանի ու նրա թիմի քաղաքական գիծը։
Բայց կրկնեմ վերջերս ասած միտքս՝ ես հակված եմ կարծելու, որ մեր հանրությունը, մեծավ մասամբ, ունի բարոյականության ու գիտակցության այն մակարդակը, որ չընդունի սուտը որպես ճշմարտություն, պատերազմը՝ խաղաղություն, ազատությունը՝ ստրկություն ու տգիտությունը՝ ուժ:
Դա ամրագրելու համար հանրությանը պետք է առաջարկվի քաղաքական բովանդակային լուծում, այլ տարբերակ չկա։
Տաթևիկ Հայրապետյան