ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Սերժ Սարգսյանը կողմնակից է «գռքաշի» քաղաքականությանը»

«Սերժ Սարգսյանը կողմնակից է «գռքաշի» քաղաքականությանը»
28.06.2013 | 03:35

Հայաստանի քաղաքական կյանքի ամառային անդորրը խանգարվեց «օֆշորային գոտիների» հետ կապված հայտնի պատմությամբ: Ի դեպ, մեր թերթն առաջինն էր, որ այս խնդիրը հրապարակայնացրեց. «Ակվամարին լայկ» ՍՊԸ նախագահ Փայլակ Հայրապետյանը «Իրատես de facto» ակումբում ԶԼՄ-ներին տեղեկացրեց, թե ինչ գործարքների արդյունքում է հայտնվել ծուղակում և վստահեցրեց, որ առաջիկայում նամակով դիմելու է գլխավոր դատախազին, ու եթե դրական պատասխան չստանա, «աստիճանական» կարգով դիմելու է երկրի վարչապետին ու նախագահին: Միայն ավելի ուշ «գաղտնազերծվեց», որ Տիգրան Սարգսյանն էլ է կապված այդ պատմության հետ։ «Օֆշորային» թեմաների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Այս տարի քաղաքական «մեռյալ» շրջանին բավականին մեծ աշխուժություն հաղորդեց «օֆշորային» սկանդալը: Ինչո՞ւ հենց հիմա սա հրապարակային դարձավ, արդյոք դա նաև իշխանական տարաձայնությունների արդյունք չէ՞ր:
-Այս հարցում մի քանի փաստեր են համընկել: Առաջին. աշխարհում միտում է նկատվում Կիպրոսի ներքին գործարքները բացելու, ցույց տալու: Ներքին տարաձայնությունները կարող էին հանգեցնել նրան, որ այս ամենը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեր: Սա ընդհանուր գործընթաց է, այսօր շատ երկրներում են նման սկանդալներ բացահայտվում: Որքան ես եմ տեղյակ, նպատակ կա նաև այլ երկրների օֆշորները բացահայտելու: Աշխարհը կքած է ծախսերի, բավականաչափ մեծ սոցիալական խնդիրների տակ: Տարբեր մասնագետների հետ իմ զրույցից ակնհայտ դարձավ, որ տարբեր հաշվարկներով շուրջ 100 տրիլիոն դոլար «պահված» է հենց օֆշորներում: Սա ընդհանուր խնդիր է, բայց երկրորդեմ` ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ ազգանուն հրապարակելը ներքին խնդիր է:
-Ի դեպ, տեղեկություններ կան, որ վարչապետին ժամանակ և առաջադրանք է տրվել, ըստ որի մինչ աշուն, եթե ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրվի, նրան հրաժարական է սպասում, իսկ մինչ այդ «օֆշորային» սկանդալը նրան չի սպառնում:
-Տիգրան Սարգսյանին և իր կառավարությանը հրաժարական էր սպասում երեկ: Այս ամենը Սերժ Սարգսյանի անմիտ քաղաքականության վրա է կառուցվել: Բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում կառավարությունը միայն կատարող է: Ի սկզբանե սխալ էր նրա նշանակումը, կուսակցականացումը, կենտրոնացումը: Այս ամենը խոսում է Սերժ Սարգսյանի տնտեսական սխալ քաղաքականության մասին: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, Տիգրան Սարգսյանն իրեն սպառել է: Նրա հիմնական իմիջը (թողնենք տնտեսական խնդիրները) քաղաքի դաստիարակված, ինտելիգենտ, Սանկտ Պետերբուրգում կրթություն ստացած, հրաշալի անգլերեն խոսող մարդն է, որն օլիգարխ չէ, կոպիտ չէ, բավականաչափ կրթված է: Եվ սա ճշմարտություն է: Սակայն այս պարագայում մարդը թույլ է տալիս իրեն ներքաշել այսպիսի օֆշորային սկանդալի մեջ: Եթե անգամ ապացուցվի, որ ինքը դրա հետ ոչ մի կապ չի ունեցել, չնայած գնալով դա ավելի բարդանում է, կարծում եմ, հասարակությանը շատ դժվար է համոզել, որ դա իրականությանը չի համապատասխանում: Դրա համար փլվեց ամբողջությամբ այդ իմիջը:
-Սակայն առնվազն տարօրինակ չէ՞, որ նման կրթվածություն ունեցող, տնտեսական գործընթացներում «եփված» անձը կարող էր հենց այնպես հայտնվել նման սկանդալում: Այն դեպքում, որ երկրում կան օլիգարխներ, գործարարներ, չինովնիկներ, ովքեր ևս կարող էին «պոտենցիալ» օֆշորային «հավակնորդ» լինել:
-Տրամաբանությունը հասկանալի է և կարող է կյանքի կոչվել: Նայած ինչ է ակնկալվում վերջում: Օֆշոր չեն ստեղծում միայն նրա համար, որ փողերը պահեն: Գոյություն ունեն նաև քնած, ոչ գործունյա օֆշորներ, երբ փողը դրվում է բանկերում և կապիտալը կուտակվում է: Սակայն կան նաև գործնական քայլերի համար նախատեսված օֆշորներ, ինչը գործել է այս պարագայում, քանի որ խոսքը նաև ադամանդների արտադրության մասին է: Եթե հավատանք այդ ամենին, մարդիկ պատրաստ են դա իրենց անուններով գրանցելու, որ հետագայում խնդիրներ չծագեն: Խոսքը մեծ գումարների մասին է, և պետք չէ իրավաբանական խնդիրներ ստեղծել: Մյուս կողմից էլ, եթե փողը սեփական չէ և օգտագործվում է ինչ-որ «փակ ակումբի» համար, դրա մենեջմենթն այնպես է արվում, որ հենց սկզբից կոմպրոմատն ի հայտ գա: Անպայման չէ, որ հասարակությունն այդ մասին իմանա: Ի սկզբանե մարդուն ստիպում են գործընթացն այնպես տանել, որ միանգամից կոմպրոմատի հարվածի տակ լինի: Սեփական անունով գրանցելը կարող է նաև առանձնահատուկ ցինիզմի արդյունք լինել: Ենթադրենք, որ գրանցողները դա ոչ թե իրենց, այլ զոքանչների, կանանց, բարեկամների, աներների անուններով էին անում: Եթե սա ջրի երես դուրս գար, Տիգրան Սարգսյանն ավելի մեծ հարվածի տակ կհայտնվեր, քան հիմա է: Պատկերացրեք, որ Տիգրան Սարգսյանը գրանցեր դա զոքանչի անունով: Գիտեք, փողն ու իշխանությունը ահավոր գլխապտույտ են առաջացնում:
-Նկատեցիք, որ օֆշորային խնդիրները աշխարհում ընդհանուր բնույթ են կրում: Եթե ավելի տեղայնացնենք խնդիրը, ակնհայտ է, որ մեր հարևան երկրում` Վրաստանում, այս պահին ևս լուրջ գործընթացներ են: Ձերբակալում են նախկին վարչապետին: Մեզանում «Հակակոռուպցիոն» ՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ կապված բավականին ուշագրավ փաստեր դրեց ՌԴ նախագահ Պուտինի «սեղանին»: Ի՞նչ եք կարծում, Հայաստանում Սերժ Սարգսյանը ե՞րբ է սկսելու իր խոստացած բարեփոխումների «ժամանակաշրջանը»:
-Երկու տարի առաջ ձեր թերթով ասել էի, որ համաշխարհային կացութաձևերի մեջ փոփոխությունների խնդիր կա: Այսպես կոչված, բյուրոկրատիան այնպիսի կապիտալի տեր է դարձել, որ լուրջ խնդիրների լուծման բանալիներ է իր վրա վերցրել, ինչը նշանակում է, որ գործող նախագահները, վարչապետերը, բյուրոկրատիան որևէ բան չեն կարող փոխել: Իսկ ի՞նչ պիտի անի Սերժ Սարգսյանը: Նա դեռ երեկ պիտի ամեն ինչ աներ, բայց իրականում ոչինչ էլ չի անում: Կարևոր է հասկանալ` Սերժ Սարգսյանն այս համակարգի մե՞ջ է, թե՞ ոչ: Քայլեր կարող է անել այն մարդը, որը համակարգից դուրս է: Համակարգ ասելով` միայն կոռուպցիան նկատի չունեմ: Այսինքն, կա բուրգ, որի գլխին ես, բայց համակարգից դուրս ես: Դու կարող ես բուրգը շրջել, փորձել փոփոխություններ անել: Իմ տեսանկյունից` Սերժ Սարգսյանը համակարգի մեջ է: Եթե դու համակարգի մեջ ես ու փոփոխություններ պիտի սկսես լայն շրջանակով, ո՞ւմ վրա ես հենվում: Սերժ Սարգսյանը չունի հասարակական լայն զանգվածների աջակցությունը, չունի բյուրոկրատիա, որի վրա կարող է հենվել: Այս պարագայում լուրջ գործընթաց տանել անհնար է: Հիմա բռնեց-հանեց մեկին, ո՞վ է նրան փոխարինելու, այլընտրանքը չկա: Հաջորդ խնդիրը մարդու բնավորությունն է: Մարդիկ կան, ովքեր կողմ են կտրուկ փոփոխությունների, մյուսներն էլ «գռքաշ» քաղաքականության կողմնակից են, այսինքն, ոչ մի բանի ձեռք չտանք, որ քանդվի, խնդիրներ առաջանան: Սերժ Սարգսյանը կողմնակից է «գռքաշի» քաղաքականությանը, նույն դեմքերն են իր շուրջը, նույն ասելիքն է: Կիրառվում է, կներեք, Կաշպիրովսկու մեթոդը: Լավ է, ամեն ինչ հանգիստ է, լավ է, էլի:
-Օրերս ՎՊ-ի նախագահի բացահայտած փաստերը դժվար է տեղավորել «ամեն ինչ լավ է» տրամաբանության մեջ: Բայց, ինչպես միշտ, դրա համար պատիժ կրողներին հասարակությունը չի տեսնում:
-Ի՞նչ է նշանակում վարչապետի ասածը նախարարներին` ով համաձայն չէ, դիմեք դատախազություն: Դու կառավարության ղեկավարն ես, վերցրու այդ զեկույցն ամբողջությամբ և կարճ նամակով ուղարկիր դատախազություն: Ես նրա փոխարեն կգրեի` քանի որ ՎՊ-ի այս բացահայտումները մեծ հարվածի տակ են դնում իմ ու կառավարության վարկը, պահանջում ու խնդրում եմ վերից վար այդ փաստերը ստուգել: Ի՞նչ է նշանակում, ով համաձայն չէ, դիմի դատախազություն: Չհասկացա, դու վարչապե՞տ ես, թե՞ այնտեղ նստած մի նախարար էլ դու ես: Ինչո՞ւ ես ուրիշների վրա գցում այդ ամեն ինչը: Առաջին հերթին քեզ են, չէ՞, մեղադրել:
-Սովորաբար քաղաքական վերադասավորումներ, փոփոխություններ ակնկալվում են աշնանը: Ինչպիսի՞ ներքաղաքական զարգացումներ են հնարավոր:
-Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել: Չեմ ուզում բաներ ասել, որ չեն լինելու: Եթե նկատել եք, իմ գնահատականները հիմնականում համընկնում են իրականությանը: Մի բան հստակ է. Հայաստանը կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին: Չգիտեմ` Սերժ Սարգսյա՞նը դա կանի, թե՞ ներքևից սոցիալական բունտի ձևով կլինի: Նման էլիտայով Հայաստանը ճահճացած վիճակում է, սա երկար չի ձգի: Իմ տպավորությամբ` այս ամենն ավարտվելու է նոր ընտրություններով:
-Արտահե՞րթ:
-Այո, նոր խորհրդարանական ընտրություններ. այնտեղ կհավաքվեն իսկական քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, ԱԺ-ն կլինի քաղաքական մարմին: Դրանից հետո նոր կառավարություն կլինի, որը, իմ կարծիքով, պիտի լինի մասնագիտական, ոչ կուսակցական, ոչ կոալիցիոն:
-Խոսեցինք իշխանության ու նրա թերությունների մասին, իսկ որտե՞ղ է ընդդիմությունը: Ստացվում է, որ ընտրությունից ընտրություն է Հայաստանում ընդդիմությունը «երևում»: Ինչո՞ւ է «մարաղ» մտել:
-Ճիշտ է արել: Առաջին անգամ Հայաստանի ընդդիմությունը ճիշտ քաղաքականություն է վարում, որովհետև Հայաստանում ընդդիմությունը միշտ եղել է հույզերի մեջ: Հայտարարությունների, գործողությունների մեջ միշտ հույզեր են եղել: Լուրջ ընդդիմությունը պիտի ունենա իր տակտիկան: Տեսնելով, որ իշխանությունը քաղաքականությունը ձախողում է, դրան չի մասնակցում: Հիմա ընդդիմության խառնվելու ժամանակը չէ: Հիմա իշխանության քայլերի ժամանակն է: Եթե նայենք ֆորմալ առումով, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն ընտրություններին ստացել են հասարակության քվեների գերակշիռ հատվածը, հիմա ի՞նչ եք ուզում ընդդիմությունից: Մենք գոյություն չենք ունեցել, իրենց են ձայն տվել, թող իրենք էլ անեն, իրենցից էլ պահանջեն: Ընտրություններից ամիսներ են անցել, ի՞նչ ընդդիմություն: Հասարակություն և իշխանություն. սա է այսօրվա թնջուկը: Խելոք ընդդիմությունը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում իր գործը կանի:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ