ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՈՒղերձ` չգիտեմ ում

ՈՒղերձ` չգիտեմ ում
28.06.2013 | 11:51

Չգիտեմ ում, որովհետև կուզես բաց, կուզես փակ, կուզես չուղարկված նամակ գրիր, միևնույն է, բանի տեղ դնող չկա: Բայց եթե ուզում ես օգտակար բան առաջարկել, պիտի չվհատվես, շարունակես: Ես էլ շարունակում եմ: Կրկին բարեգործության թեմայով:
Ֆիլատելիայում գոյություն ունի այսպիսի բաժին` փոստային-բարեգործական կամ կիսափոստային նամականիշեր. դրանք ունեն հավելյալ արժեք, որը փոխանցվում է այս կամ այն բարեգործական հիմնադրամին, այս կամ այն բարեսիրական ձեռնարկմանը: Այդպիսի առաջին նամականիշերը թողարկվել են 1897 թ. Վիկտորիա և Նոր Հարավային ՈՒելս բրիտանական գաղութներում ու նպատակ ունեին աջակցելու հիվանդանոցների կառուցմանը: XX դ. սկզբին նույնիմաստ նամականիշեր թողարկվեցին Շվեյցարիայում, հետագայում` Էստոնիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Ֆրանսիայում, աշխարհի տասնյակ ու տասնյակ այլ երկրներում:
Ռուսաստանում փոստային-բարեգործական նամականիշեր առաջին անգամ թողարկվեցին 1904 թ. ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ, և ավանդույթը շարունակվեց մինչև 1992 թվականը: Նշեմ այդ նամականիշերի վրա զետեղված մի քանի մակագրություններ` «Գործող բանակի ռազմիկների որբերի օգտին», «Ռազմիկների և նրանց ընտանիքների օգտին», «Օգնություն Պովոլժիեի սովյալներին» և այլն:
Մեր երկրում «Հայփոստ» ՓԲԸ-ն է նամականիշեր թողարկում: Եվ ի՞նչ: 2013-ին շրջանառության մեջ են դրվել եկեղեցիներ գեղաթերթիկը, Սբ. Սարգսի տոնը և կոնյակ: 2012-ին` ի թիվս` հայկական մուֆլոն, փոքր ճագարամուկ, Շագալի «Ամառանոց», Թադևոս Մինասյանցի 100-ամյակ: Մուֆլոնին ու ճագարամկանը դեռ մի կողմ թողնենք, բայց արևմտյան որևէ երկիր կթողարկե՞ր Սարյան կամ Մինաս: Իսկ ո՞վ է Թ. Մինասյանցը, որին բացառիկ պատիվ է վերապահվել. պարզվում է, այդ մարդը 1946 թ. ԽՍՀՄ կապի ժողկոմատում եղել է ՀԽՍՀ լիազորը… Չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս:
Կուզենայի հարց ուղղել չգիտեմ ո՞ւմ` մեր երկրում չկա՞ն աղքատներ, մանկատներ, հիվանդ երեխաներ, ազատամարտիկներ, հաշմանդամներ, ավերակ պատմամշակութային հուշարձաններ, Արցախ, աջակցության կարոտ հազարումի այլ խավ ու ոլորտ: Ինչո՞ւ չի կարելի նրանց օգնելու նպատակով փոստային-բարեգործական նամականիշեր թողարկել: Աշխարհի հարուստ երկրները չեն «ամաչում» այդպիսիք շրջանառության մեջ դնելուց, որովհետև դրանով նաև սերունդ են դաստիարակում: Իսկ մենք, որ բարեգործության հնագույն պատմություն ունեցող ժողովուրդներից ենք, աշխարհին «զարմացնում» ենք մուֆլոնով, ճագարամկով, ժողկոմատի լիազորով:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ