Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Արվեստ, կինո սիրող մարդիկ էին հավաքվել` կիրթ և հավատարիմ հանդիսատես»

«Արվեստ, կինո սիրող մարդիկ էին հավաքվել` կիրթ և հավատարիմ հանդիսատես»
15.10.2013 | 11:34

Օրերս Շվեյցարիայի Ժնև քաղաքում հյուրընկալվեց արվեստագիտության թեկնածու, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոցենտ Սիրանույշ Գալստյանը` շվեյցարահայ համայնքին ի մոտո հայ կինոյի պատմությանը ծանոթացնելու իր մասնագիտական առաքելությամբ: Վերադարձից հետո մենք հանդիպեցինք արվեստաբանին և խնդրեցինք ներկայացնել Եվրոպայի մշակութային կարևոր կենտրոններից մեկում կայացած ձեռնարկման մանրամասները:

-Սիրանույշ, ինչպե՞ս ստացաք Ժնև մեկնելու հրավերը: Կոնկրետ ի՞նչ գործառույթ էր ենթադրում Ձեր հյուրընկալությունը Շվեյցարիայում:
-Ժնև մեկնել էի շվեյցարահայ միության հրավերով, որը Շվեյցարիայի հնագույն հայկական ասոցիացիան է: Միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանի առաջարկությամբ միջոցառումը բաղկացած էր երկու մասից` դասախոսություն և հայկական ժամանակակից ֆիլմի ցուցադրություն: Առաջին մասում` մոտ մեկուկես ժամ տևած դասախոսության ընթացքում, հակիրճ ներկայացրի հայ կինոյի պատմության ընթացքն ու ձեռքբերումները` կանգ առնելով առավել նշանակալից անունների և ֆիլմերի վրա: Խոսքս ուղեկցվում էր տեսանյութի ցուցադրությամբ, որն ընդգրկում էր նշվող ֆիլմերից համապատասխան կադրեր: Այդ հարցում ինձ սիրալիր աջակցեց շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչ Գարո Թորոսյանը: Դասախոսությունը սինխրոն թարգմանվում էր ֆրանսերեն: Եվ պիտի ասեմ, որ, ի զարմանս ինձ, մեր հայրենակիցներից բացի, ներկա էին նաև մի խումբ շվեյցարացիներ, որոնց համար, բացառությամբ Փարաջանովի, անհայտ երևույթ էր «հայկական կինեմատոգրաֆ» ասվածը: Մի խոսքով` արվեստ, կինո սիրող մարդիկ էին հավաքվել` կիրթ և հավատարիմ հանդիսատես, որը աշխատանքային շաբաթվա ավարտին` ուրբաթ երեկո, մոռացած հոգնության մասին, պատրաստ էր մեծ հետաքրքրությամբ ունկնդրելու հայ կինոյին նվիրված խոսք և այնուհետև լիամետրաժ ֆիլմ դիտելու:
-Միայն մե՞կ ֆիլմ ցուցադրվեց երեկոյի ընթացքում ամբողջությամբ:
-Ո՛չ: Խորհրդային շրջանից անցում կատարելով անկախության տարիներին` առաջարկեցի ամբողջությամբ դիտել վավերագրական երկու կարճ ֆիլմ` օպերատոր և ռեժիսոր Աշոտ Մկրտչյանի «Non-Stop» և «Ձմեռային մեղեդի» կինոնկարները, որոնք ժամանակին ընդգրկել էի նաև Լայպցիգի համալսարանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի իմ ելույթում: 90-ականների մեր ոչ դյուրին օրերի կյանքը պատկերող այդ կինոէտյուդներն այս անգամ էլ բավական ուժեղ տպավորություն գործեցին: Կարճ ընդմիջումից հետո սկսվեց միջոցառման երկրորդ մասը` խաղարկային ֆիլմի ցուցադրությունը:
-Համընդհանուր ժխտողականության տրամադրությունները չեն շրջանցում նաև մերօրյա հայ կինոն: Այն դեպքում, երբ ասվում է, որ Հայաստանում կինոարտադրություն չկա, ինչպե՞ս եք կարողացել, այնուամենայնիվ, գտնել ժամանակակից հայկական ներկայանալի ֆիլմ և ցուցադրել այն եվրոպացի հանդիսատեսի համար:
-Իմ ընտրությունը կանգ էր առել Վիգեն Չալդրանյանի` այս տարի էկրան բարձրացած «Ձայն լռության» ֆիլմի վրա: Չեմ թաքցնի, այս կինոնկարն առաջարկեցի` վստահելով առաջին դիտման ժամանակ ստացած տպավորությանս: Եվ, փառք Աստծո, չսխալվեցի: Այն բավական մեծ հետաքրքրությամբ դիտվեց և հուզեց հանդիսատեսին, ու թեև կեսգիշերին մոտ էր արդեն, ոմանք ցուցադրությունից հետո դեռ կարիք ունեին ֆիլմի մասին խոսելու: Նրանք հետաքրքրվում էին, թե ինչպե՞ս կարող են ձեռք բերել այդ ֆիլմի սկավառակը: Հանդիսատեսներից մեկը, որ Ժնև էր եկել Գերմանիայից, խոստովանեց, որ վաղուց չէր դիտել ֆիլմ, որը, բավական սուղ միջոցներով ստեղծված լինելով և հիմնականում երկու հերոսների վրա հենվելով, այդքան լարված հետաքրքրության մեջ պահի կինոդահլիճը… Հրավերի համար շատ շնորհակալ եմ շվեյցարահայ միությանը, իսկ ֆիլմի ցուցադրության իրավունքի համար` Ազգային կինոկենտրոնին, և ուրախ եմ, որ ինձ ընձեռվեց հնարավորություն` մեզնից հեռու եզերքներում ապրող հանդիսատեսին ներկայացնելու մեր ֆիլմարվեստի պատմությունը և ժամանակակից հայ կինոն, որը, ցավոք, քիչ է հայտնի նաև հայաստանաբնակ հանդիսատեսին: Ավելացնեմ նաև, որ ինձ հետ տարել էի «Հայացք մեր կինոյին. Պատմությունը և ներկան» մենագրությանս օրինակներից և Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային կինոյում» գիրքը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ