ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«ՕԵԿ-ն արտաքին քաղաքական կապերի զարգացման նոր ռազմավարություն է մշակելու»

«ՕԵԿ-ն արտաքին քաղաքական կապերի զարգացման նոր ռազմավարություն է մշակելու»
03.12.2013 | 11:12

Վերջերս քաղաքագետ ԷԴԳԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ նշանակվել է ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատու, ինչից մի քանի օր անց մասնակցել է Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացված համաժողովին: Նրա հետ «Իրատես de facto»-ն զրուցեց նոր կարգավիճակի և համաժողովի մասին:

-Վերջերս Դուք նշանակվել եք ՕԵԿ արտաքին քաղաքական կապերի պատասխանատու: Ի՞նչ է ենթադրում այս կարգավիճակը:
-Այս նշանակումը ինձ համար մեծ պատասխանատվություն է: Կցանկանայի իսկապես շնորհակալություն հայտնել կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին և քաղաքական խորհրդին նման կարևոր պաշտոնում ինձ առաջադրելու և վստահության համար: Ցանկացած կարգավիճակ, առավել ևս նման պատասխանատու պաշտոնում, ենթադրում է արդյունավետ աշխատանք, քեզ վստահված ոլորտի համար նոր հնարավորությունների և միջոցների բացահայտում և ռացիոնալ օգտագործում: «Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես ակտիվ է եղել տարբեր միջազգային կառույցների և այլ երկրների մեր գործընկերների հետ հարաբերություններում` ելնելով սեփական քաղաքական գաղափարախոսությունից և տեսլականից: Պատահական չէ, որ այսօր ՕԵԿ-ը ԵԺԿ անդամ է: Իմ խնդիրն է, պահպանելով և ամրապնդելով առկա կապերը, համագործակցել արտերկրի մեր գործընկերների հետ, ինչպես նաև ստեղծել նորերը: Ցանկացած լուրջ կուսակցության համար արտաքին քաղաքական կապերը, հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկկողմ քաղաքական հարաբերությունների, այլև տարածաշրջանի և գլոբալ քաղաքական տենդենցները զգալու, համապատասխան հետևություններ անելու տեսանկյունից: Յուրաքանչյուր կուսակցության արտաքին քաղաքական հարաբերությունները դիտարկելիս պետք է հաշվի առնել երեք հիմնական բաղադրիչներ. առաջին` տվյալ կուսակցության գաղափարախոսական սկզբունքները և քաղաքական տեսլականը, երկրորդ` տվյալ պետության ներքին և աշխարհաքաղաքական զարգացման հնարավոր հեռանկարները, և երրորդ` գլոբալ քաղաքական միտումները: Այս տեսանկյունից «Օրինաց երկիր» կուսակցության արտաքին քաղաքական կապերը նույնպես ինքնանպատակ չեն: Ելնելով վերը նշվածից` կուսակցության նախագահ պարոն Արթուր Բաղդասարյանի և կուսակցական քաղաքական ղեկավարության հետ քննարկումների արդյունքում առաջիկայում կմշակենք ՕԵԿ առաջիկա տարիների արտաքին քաղաքական կապերի զարգացման նոր ռազմավարություն, ինչը իր մեջ կենթադրի համագործակցություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային և միջազգային կառույցների մեր գործընկերների հետ:
-Այս նշանակմա՞մբ է պայմանավորված նախօրեին Գերմանիայում տեղի ունեցած համաժողովին Ձեր մասնակցությունը, որտեղ ելույթ է ունեցել նաև կանցլեր Անգելա Մերկելը: Կմանրամասնե՞ք` ի՞նչ միջոցառում է եղել, ի՞նչ հարցեր են քննարկվել:
-Այո՛, պետք է նշեմ, որ իմ մասնակցությունն այդ համաժողովին պայմանավորված էր նաև այդ նշանակմամբ: Ի դեպ, այդ միջոցառմանն ինձ հետ մասնակցում էր նաև «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության նախագահ Արմեն Գևորգյանը, ով բոլորովին վերջերս է առաջադրվել այդ պաշտոնում:
-Հայաստանի քաղաքական ուժերից միայն ՕԵ՞Կ-ն է ներկայացված եղել, թե՞ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ևս եղել են: Եվ ընդհանրապես, ի՞նչ աշխարհագրություն է ունեցել համաժողովը:
-Ոչ միայն Հայաստանից, այլև մեր տարածաշրջանից մասնակցում էր միայն «Օրինաց երկիր» կուսակցությունը: Հարևան երկրները նույնպես ներկայացված չէին: Միջոցառումը բավականին մեծ աշխարհագրություն ուներ, մասնակիցների թիվը հազարից ավելի էր: Պատվիրակություններ կային նույնիսկ աֆրիկյան մայր ցամաքից, Մերձավոր Արևելքից` Սիրիայից, Լիբանանից, Իսրայելից, Իրաքից: Բազմաթիվ էին նաև պատվիրակությունները արևմտյան, արևելավրոպական, մերձբալթյան երկրներից, Ռուսաստանից:
-Հայաստանին, տարածաշրջանին առնչվող ի՞նչ թեմաներ են շոշափվել: Անգելա Մերկելի ելույթից ի՞նչ կառանձնացնեիք:
-Հայաստանին վերաբերող հարցեր չեն քննարկվել: Կային հարցեր, որոնք անուղղակիորեն էին առնչվում Հայաստանին: Այսինքն, դրանք ներգերմանական, համաեվրոպական և գլոբալ քաղաքական օրակարգի հարցեր էին, որոնք այս կամ այն ձևով առնչվում են նաև Հայաստանին: Օրինակ` Եվրոպական տնտեսական քաղաքականություն, Մերձավոր Արևելք, ԵՄ ընդլայնում և այդ համատեքստում Թուրքիայում մարդու իրավունքների և կրոնական փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող հարցեր: Այդ ելույթներում և տեսակետներում Հայաստանի և հայության համար կարևոր էր եվրոպական մեր գործընկերների այն մոտեցումը, որ այսօր անհրաժեշտ է պաշտպանել մերձավորարևելյան քրիստոնյա համայնքների իրավունքները, որոնց գոյությունը վտանգված է: Այս դիրքորոշումը կարող է առաջիկայում իր համապատասխան դրսևորումներն ունենալ ԵՄ, մերձավորարևելյան և հատկապես Սիրիայի հետ քաղաքակականության համատեքստում: Սա շատ կարևոր հանգամանք է, երբ հաշվի ենք առնում հայկական ստվարաթիվ համայնքի առկայությունը ինչպես Սիրիայում, այնպես էլ ամբողջ Մերձավոր Արևելքում: Անգելա Մերկելի ելույթը հիմնականում կառուցված էր ներգերմանական խնդիրների վրա` սոցիալ-տնտեսական քաղաքականությունից սկսած թուրքական խնդրով վերջացրած: Տիկին Մերկելը մասնավորապես կարևոր համարեց առաջիկայում պետական պարտքի կրճատման խնդիրը: Ըստ նրա, ավելի լավ է գոյություն ունեցող ռեսուրսներն արդյունավետ օգտագործել, քան մեծացնել պետական պարտքի բեռը: Անդրադառնալով երիտասարդության և ավագ սերնդի փոխհարաբերություններին` Անգելա Մերկելը առաջ քաշեց մի սկզբունք, որը բավականին հետաքրքիր էր: Նա մասնավորապես կարևորեց «սերունդների միջև արդարության» սկզբունքը, որի հիմքում պետք է դրված լինեն ավագ և կրտսեր սերունդների միջև փոխըմբռնումը, համագործակցությունը, փոխզիջումը: Կանցլերը խոսեց նաև մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների տարածման, ներգաղթյալների և ԵՄ-Թուրքիա հիմնախնդիրների մասին: Ի դեպ, թուրքական խնդրին իր ելույթում բավականին հստակ անդրադարձավ նաև Բունդեստագում «Քրիստոնյա դեմոկրատների» խմբակցության ղեկավարը, ով նշեց, որ Թուրքիայի հետագա եվրաինտեգրացիայի հարցում կարևոր է Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը: Սա, կարծում եմ, կարևոր է նաև Հայաստանի համար:
-Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը ինչ-որ ձևաչափով քննարկվե՞լ է, ինչպիսի՞ տեսակետներ կային այդ առնչությամբ:
-Այդ խնդիրը պաշտոնական օրակարգի ոչ մի մակարդակով չի քննարկվել: Սակայն մասնավոր շփումներում որոշակի անդրադարձներ եղել են: Հատկապես ինձ համար հետաքրքիր էր ՈՒկրաինայի «ՈՒդար» կուսակցության ներկայացուցիչների հետ Հայաստանի և ՈՒկրաինայի եվրաասոցացման գործընթացի և հեռանկարների քննարկումը: Զրույցում ես մի փոքր տարակուսանք հայտնեցի ՈՒկրաինայի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարի առթիվ, սակայն մեր գործընկերները բավականին լիահույս էին այդ հարցում: Բայց ինչպես մի քանի օր հետո պարզվեց, ՈՒկրաինայի կառավարությունը հրաժարվեց այդ համաձայնագրի ստորագրումից:
-Համագործակցության ինչպիսի՞ հեռանկարներ նախանշվեցին:
-Նմանատիպ մասշտաբային ցանկացած միջոցառում նոր կապեր, համագործակցության եզրեր ստեղծելու լավ հնարավորություն է: Մեր շփումներում մենք նոր ծանոթություններ և կապեր հաստատեցինք Լեհաստանի, Շվեդիայի, ՈՒկրաինայի, Իսրայելի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Սերբիայի մեր գործընկերների հետ, ովքեր հետագա համագործակցության լավ հիմք են: Իսկ հյուրընկալող կողմի` Գերմանիայի «Երիտասարդական միության» (Jung Union) հետ մեր հարաբերությունները էլ ավելի ամրապնդվեցին:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ