Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սերժ Սարգսյանը դժգոհ է ՀՀԿ խմբակցությունից

Սերժ Սարգսյանը դժգոհ է  ՀՀԿ խմբակցությունից
24.12.2013 | 02:22

Երեկ Հայաստանի օրենսդիր մարմնում իրավիճակը ջրի երես հանեց խորհրդարանական մեծամասնության տխուր պատկերը: Փոքրաթիվ ընդդիմությանը, կարելի է ասել, հաջողվեց հաղթել մեծամասնությանը, քանի որ, ըստ էության, տապալվեցին ԱԺ-ի աշխատանքները: Ընդդիմությանը հաջողվեց իր ձեռքը վերցնել իրավիճակի տնօրինումը և զարգացումները տանել իր սցենարով, իսկ ՀՀԿ-ն ինքնաբերաբար ենթարկվեց այդ խաղին, առանց որևէ հակափաստարկի: Նախ, դահլիճում պետք է ունենալ ընդդիմության հարվածները դիմագրավողներ ու հակադարձողներ, սակայն հանրապետական խմբակցությունում դրա դեֆիցիտն ակնհայտ է: Արամ Մանուկյանը անարգել ամբիոնը գրավեց, Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ-ականների գրանցման քարտը «գողացավ», իսկ Նիկոլ Փաշինյանն էլ պարբերաբար Հովիկ Աբրահամյանին հիշեցնում էր կանոնակարգ օրենքի խախտումները։
Հերիք չէ, ընդդիմությունն ու «այլընտրանքային» ԲՀԿ-ն մատների վրա խաղացրին խորհրդարանական մեծամասնությանը, նաև սեփական կուսակիցները թիկունքից հարվածեցին ԱԺ խոսնակին: Միայն կոճակ սեղմելու համար խորհրդարան «աշխատանքի» եկած պատգամավորները քսան րոպե չէին կարող նստել իրենց տեղում, կամ էլ շա՜տ կարևոր գործերով բացակայում էին: Այստեղ մի կարևոր դրվագ. պատգամավորներին «բերման ենթարկելու» գործը խմբակցության ղեկավարի պարտականությունների ոլորտում է, իսկ ՀՀԿ «բազմաչարչար» Գալուստ Գրիգորիչը, մեղմ ասած, բավականին «ծերացել» է այս գործի համար: Ոչ միայն չի հաջողվում սեփական թիմակիցների ներկայությունն ապահովել ԱԺ-ում (ի դեպ, նույն վիճակն է արդեն որերորդ անգամ), այլև խմբակցության ներկայացուցիչները չգիտեն իրենց անելիքը: ՀՀԿ խմբակցությունում կարգապահական ամենաթողություն է: Հարց է առաջանում՝ բա դուք ինչի՞ համար եք այդտեղ: Ո՛չ օրենք եք մշակում, ո՛չ ելույթ ունենում, ո՛չ քննարկումների մասնակցում։
Ի դեպ, երեկ քաղաքական գործիչներից մեկը հետաքրքիր մի վարկած առաջ քաշեց: «Թոխմախի Մհերին են բերել, Շմայսին, Բուռնաշին ու շատ այլ հեղինակությունների, դե թող գնան ծեծեն ընդդիմադիրներին: Էդ էլ չեն կարող թասիբով անել, որովհետև անձնապես իրենց շահին չեն դիպչում: Իրենց շատ պե՞տքն է՝ նախագահին ինչ կասեն»:
Այլ խոսքով, խորհրդարանի չեղած դեմքը երեկ լրիվ սևացավ, ու չեղած հեղինակությունը զրոյացվեց: Մեր տեղեկություններով, այս իրավիճակի մասին ամենայն մանրամասնություններով տեղեկացվել է Սերժ Սարգսյանը: Երեկվա իրադարձություններն էլ նրա «մանրադիտակի» տակ են եղել: Նույն աղբյուրի համաձայն, նախագահը բավականին լուրջ դժգոհություն ունի խորհրդարանում տեղի ունեցածի առնչությամբ, մասնավորապես նրան խիստ նյարդայնացրել է այն հանգամանքը, որ ընդդիմության ներկայացուցիչները ամբիոնից իր հասցեին ամենաթունդ քննադատություններն են հնչեցնում, իսկ ՀՀԿ-ում մի կենդանի շունչ չկա, որ արժանի պատասխան տա: Ընդդիմությանը հակահարված տալու համար «բերվածներն» էլ ամենևին հավես չունեն ի կատար ածելու իրենց «առաքելությունը»: Գալուստ Սահակյանն էլ ավելի լավ է ելույթ չունենա, թե չէ ավելի վատ բան է ստացվում: Չի բացառվում, որ երեկվա իրադարձությունների առնչությամբ Սերժ Սարգսյանը «մի նիստանման բան» անի ու մեկիկ-մեկիկ թվարկի, թե ով իր տեղում չէ:
Այնպես որ, չպետք է բացառել, որ գալիք տարում Սերժ Սարգսյանը խորհրդարանի առնչությամբ կտրուկ որոշումներ կկայացնի` աչքի առաջ ունենալով այսօրվա քաոսային իրավիճակը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ