ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ընդունված չէ, որ նկարիչը նկարչին դատարան հասցնի»

«Ընդունված չէ, որ նկարիչը  նկարչին դատարան հասցնի»
21.04.2015 | 11:03

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հոբելյանական ցուցահանդես է բացվել Հայաստանի նկարիչների միությունում, որն էլ առիթ հանդիսացավ հանդիպելու ՀՆՄ նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ հետ։

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐԴ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԹԵՄԱ Է, ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ԴԺՎԱՐ Է ԱՅՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՅՏԵԼԸ»


-Նման ցուցահանդեսների կազմակերպումը որքան հպարտանալու առիթ է, նույնքան էլ պատասխանատվություն է։
-Ներկայացված էր 500-ից ավելի ստեղծագործություն։ Հանձնաժողովը, որը ձևավորված է գեղանկարի, քանդակի, գրաֆիկայի և դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինների բյուրոներից, բավականին մանրազնին ու խիստ զննեց ներկայացված աշխատանքները, ցուցահանդեսը թեմատիկ էր և շատ պատասխանատու։ Սակայն երկրորդ փուլում ավելի մեղմ մոտեցանք ընտրությանը, քանի որ շատերը գուցե ոչ այնքան բարձր ստեղծագործական մակարդակ էին ապահովել և թեկուզ լիովին չէին պահպանել ցուցահանդեսի թեմայի պահանջները, բայց սրտով էին մոտեցել գործին, ի վերջո, Ցեղասպանության 100-րդ տարելիցը չափազանց բարդ ու պատասխանատու թեմա է, և չափազանց դժվար է այն կերպարվեստում արտահայտելը։
-Որպես նկարիչների միության նախագահ, ի՞նչ տպավորություն ունեք ցուցահանդեսից։
-Զարմացած եմ և շատ ուրախ, բազմաթիվ նկարիչներ հիանալի աշխատանքներով են հարստացրել այս աննախադեպ ցուցադրությունը։
-Միության կերպարվեստի համալիրի 1-ին և 2-րդ հարկերում ներկայացված են ՀՆՄ անդամների աշխատանքները, 3-րդ հարկում` Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանողների բավականին անկաշկանդ ստեղծագործությունները։
-Առիթը նշանակալից էր. չէ՞ որ լրացել է Փ. Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակը և, անսալով քոլեջի տնօրենության խնդրանքին, ընդառաջ գնալով նրանց, հատկացրինք 3-րդ հարկի ցուցասրահը։ Շատ լուրջ և պրոֆեսիոնալ են ուսանողները մոտեցել խնդրին և, անկեղծ ասեմ, հիանալի աշխատանքներ են ներկայացրել։

«ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՆԵՄԵՍԻՍ»-ԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ
«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ»


-Օրվա խորհուրդը կրկնակի է. ցուցահանդեսի բացումը համընկավ Արա Սարգսյանի հուշաքարի բացման հետ։
-Այլ կերպ լինել չէր կարող։ ՀՆՄ մուտքի ձախ պատին տեղադրվեց Արա Սարգսյանի հուշաքանդակը։ Նա այն գործիչն է, ով 1932-ին դարձավ Հայաստանի նկարիչների միության առաջին նախագահը, Մարտիրոս Սարյանը երկրորդն էր։ Ի դեպ, ես միության 10-րդ նախագահն եմ։ Բացի սա, Արա Միհրանիչը հանրահռչակ «Նեմեսիս» գործողության մասնակիցներից էր։ Այս փաստը, ի դեպ, առաջին անգամ հրապարակվեց ՀՆՄ «Կերպարվեստ» պարբերականի համարներից մեկում և շատերի համար անակնկալ էր։ Քանդակի հեղինակն է նշանավոր Նիկոլայ Նիկողոսյանը, ով, հիշեցնեմ, Երևանին շուք տվող Մ. Նալբանդյանի, Ե. Չարենցի և Հ/Ա զանգվածի զբոսայգիներից մեկում տեղադրված Վահան Տերյանի արձանների հեղինակն է, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ և, առհասարակ, բավականին հեղինակավոր մի կերպարվեստագետ։ Քանդակի գիպսե մոդելը նա ուղարկեց Մոսկվայից, բավականին բարձր որակով ձուլվեցին և նմուշները ՀՆՄ «Գեղարվեստի» կոմբինատում, որոնց երկրորդ օրինակը հեղինակի ցանկությամբ նվիրաբերվեց Արցախի պատկերասրահին։
-Որպես նկարիչ, ի՞նչ մասնակցություն եք ունեցել այս նշանավոր և աննախադեպ ցուցահանդեսին։
-Կոմպոզիցիոն դիմանկարով եմ մասնակցել, որի հենքում Գուրգեն Յանիկյանի կերպարն է։ Սա նոր գործ է, և նպատակս այդ երևելի հայորդուն ավելի ճանաչելի դարձնելն է, ցավոք, մեր իրականությունում նա բավականաչափ հանրածանոթ չէ։ Այնինչ հենց Յանիկյանն է հռչակավոր ԱՍԱԼԱ-ի կնքահայրը։ Նկարի կողքին առանձին պիտակի վրա նրա խոսքերն են գրված. «Պատմությունը մեզ կփաստե, որ խոսքերը անիմաստ են, եթե արդարությունը չի պաշտպանվի ուժով»։

«ԱՅՍ ԱՆԳԱՄ ՍՈՒՏԸ ԳԵՐՄԵԾ ԷՐ...»


-Ցուցահանդեսը նոր-նոր էր բացվել, երբ գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը «մեղադրանքների» տարափ թափեց Ձեզ վրա, շարունակելով միությունում բնավորված մի քանի արհեստավարժ բանսարկուների տխրահռչակ ավանդույթը` ամեն գնով պախարակել միությանը և գործող նախագահին, չներկայացնելով որևէ փաստ ու եղելություն։
Ըստ Ձեզ, ի՞նչ էր սա, ի՞նչ է կատարվում ոմանց հոգում։
-Ձեր նշած «սա»-ն առկա է ամենուր, հանձնաժողովով այս նկարչի աշխատանքը մերժվել էր, ու նա, ինձ համար շատ անսպասելի, ահա նման վարքագիծ է դրսևորում։ Նորից եմ ասում, որ ավելի պատկառելի և պատասխանատու հանձնաժողով դժվար է պատկերացնել։ Հանձնաժողովը ձևավորվում է միության բաժինների կողմից, որոնք էլ ընտրվել են ՀՆՄ համագումարում։ Ես հանձնաժողովում չեմ ընդգրկվում։ Ասեմ ավելին, մրցութային այս հանձնաժողովի անդամներից շատերի ներկայացրած ստեղծագործությունները մերժվեցին։ Եթե հնարավոր է օբյեկտիվության և անաչառության ավելի բարձր մակարդակ ապահովել, կցանկանայի տեղեկանալ։ Սակայն միշտ էլ մեկ-երկուսը, ցավագին ընդունելով որևէ մերժում, փորձում են կեղտ նետել ՀՆՄ-ում կատարվող մեծ աշխատանքների, առհասարակ, միության գործունեության վրա, վաղեմի սովորության համաձայն` ինձ դարձնելով թիրախ։ Ընդ որում, նման մարդիկ մի հնարք են բանեցնում. սուտն ու կեղծիքն այնքան մեծ ներկայացնել, որ շատերի համար հավատալի լինի։
-Գեբելսյան տխրահռչակ քարոզչամեքենայի գյուտն է դա։
-Այս անգամ սուտը գերմեծ էր։ Նրա հետ ես որևէ խնդիր երբևէ չեմ ունեցել, ավելին` անցյալ տարի բացվեց այդ զրպարտչի անհատական ցուցահանդեսը, և ես հանդես եկա ջերմ խոսքերով ու գնահատականներով։ Ցավում եմ նրա համար։
-Առհասարակ, քանի՞ նկարչի գործ է դուրս մնացել ցուցադրությունից։
-Շուրջ հարյուր, այդ թվում` ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի կտավը, քանզի չէր համապատասխանում թեմային։
-Ձեր և Ձեր թիմի շնորհիվ աննախադեպ հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, կարճ ասած` միության փլուզումը դադարեցվել է և սկսվել են նրա վերականգնումն ու համակարգված աշխատանքը։ Սակայն մի քանի բանսարկուներ արժանապատվության տարրական զգացողությանը հրաժեշտ տալով և, անվերապահորեն ինչ-որ ուժերի պատվերը կատարելով, պարբերաբար նենգափոխում են իրականությունը, ձևավորելով որոշակի հասարակական կարծիք, չէ՞ որ հայտնի ժողովրդական մի խոսք կա. «Ծուխն առանց կրակի չի լինում», և հենց սրա վրա էլ նրանք հմտորեն լարախաղությամբ են զբաղվում։ Բայց ինչո՞ւ նրանց դատի չեք տալիս, երբ քաջ գիտեք, որ նման դատը շահելու եք։
-Գիտեք, այնուամենայնիվ, մեզ միավորում է մի այնպիսի մաքրամաքուր երևույթ, որպիսին է կերպարվեստը։ Բացի այդ, ընդունված չէ, որ նկարիչը նկարչին դատարան հասցնի։
-Ներողություն, իսկ նկարիչն ունի՞ բարոյական իրավունք կեղծելու և բանսարկությամբ զբաղվելու, ի վերջո, հարվածի կենտրոնում ի պաշտոնե Դուք եք հայտնվում, սակայն, ըստ էության, պախարակվում է ողջ միությունը։
-Չգիտեմ, բայց գուցե արդեն պատասխան պահանջեմ նման զրպարտությունների համար։


Զրուցեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ