Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ձկան յուղի անգրագետ փուշը

Ձկան յուղի անգրագետ փուշը
18.09.2015 | 01:28

Բժշկուհի Գրեզետան խորհուրդ տվեց ձկան յուղ խմել։ Ասաց, որ շատ է օգնում հաղթահարելու քաղաքական ընկճախտը։ (Ես վաղուց եմ ընկճախտի մեջ, քաղաքական ենթատեքստով, քանի որ արդեն դժվար է տարբերել քաղաքական գործիչներին, համենայն դեպս բազմակի ճամբարափոխներին, Երևանյան լճի առափնյա մայթին կանգնող 5 հազար դրամից մինչև 250 եվրո սակագին ունեցող կուրտիզանուհիներից)։ Փնտրեցի և գտա մի ապաքաղաքական դեղատուն և գնեցի 600 դրամ արժողությամբ և 100 պատիճ պարունակությամբ տուփը։ Տուփը զարդարված է երջանկաժպիտ ծաղրածուի պատկերով և հագեցած է հարվածային բրենդներով. «P. lahrpham», «Օմեգա», «Բիոկոնտուր»։ Այս ամենին ականատեսվելով` հաղթահարեցի ընկճախտիս 25 տոկոսը։ Շրջում եմ տուփը։ ՈՒղեցույցը հուշում է. «Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում, սննդային ձկան յուղ՝ կատվախոտի և առյուծագու էքստրակտներով»։ Ընկճախտս նահանջեց ևս 25 տոկոսով, մնաց ուղիղ կեսը։ Բացեցի տուփը և ճաշի ընթացքում, համաձայն ուղեցույցի ցուցման կուլ տվեցի 5 պատիճ։ Ճաշն ավարտելով՝ երախտագիտության զգացումի ծովում չխեղդվելու նպատակով որոշեցի աչքով անել ծաղրածուին։ Սակայն շաբաթը շրջանցեց ուրբաթին, շանթահարվեցի՝ կարդալով անվանումը՝ «Жир рыбный»։ Ցնցող է, կոպիտ տառասխալ երջանկաժպիտ ծաղրածուի կարմիր քթից քիչ աջ։ Բնականաբար ընկճախտս վերադարձավ ելման կետ, քանի որ պետք է գրվի «Жир рыбий»։
Ընկճախտս վերականգնվեց, զի վախենում եմ, որ ձկան յուղը ևս նման տառասխալով է պատրաստված։ Մնում է ավելացնել, որ սույն գլուխկոտրուկն արտադրվել է ՌԴ Վլադիմիրի մարզի Ալեքսանդրով քաղաքում, «Պոլյարիս» ՍՊԸ-ի կողմից։ Այն ՀՀ է ներկրում «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ-ի նախաձեռնությամբ։ Այսքանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Այսքանով խնդիրը չի լուծվում. կամ վերոնշյալ պատվարժան ընկերությունները պիտի տառասխալն ուղղեն, կամ էլ ծաղրածուի քիթը ներկեն, թեկուզ կապույտ ներկով։

Դիտվել է՝ 2758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ