Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Քաղաքական գինեձոն

Քաղաքական գինեձոն
13.05.2016 | 09:18

Մատռվակին սուգը պատեց,
Գինին հորդաց անուղենիշ,
Հորդաները սևասքեմ
«Տեր, Քեզ մեղա»-ն մրմնջացին
Հոգով լպիրշ։
«Կոլապս»,
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՄԱՏՌՎԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԵՍՆ ՈՒ ՀԱՆԴԵՐՁԸ
(այգաբացը սադրում է ֆելիետոն)


Օ՜հ, վեհաշուք մատռվակնե՛ր, Թորգոմաց տան պահապան... Այստեղ դադար և անելումուտ մի լուսամուտ։ Մեղա՜, մեղա՜, մազեհյուսկեն մի կամրջից քիչ էր մնում, որ գլխիվայր ընկնելով հյուր լինեի Գետառ գետի առնետներին։ Դարձյալ միտքս կոխկրտելով դուք հարցնում եք՝ ինչո՞ւ։ Ի՜մ նաիրյան-հայ ընթերցողներ, դուք քաջ գիտեք, մատռվակը գինի ածող, խնդումներես ծառայողն է, քաղաքական մատռվակը հրեշիկ է, կարմրաթշիկ, սոխակաերգ և, իհարկե, մետաքսահանդերձ։ Ի դեպ, մատռվակյան այս հանդեսը դռնբաց է։ Այս հանդեսում ձեր հանդերձը (ի՜մ պատվարժան մատռվակներ) երեսնիվեր՝ մաքրամաքուր, դարձերեսում, հավատացեք, պղծված է։

ՄԱՏՌՎԱԿՆԵՐԻ ՄԱՏՆԱԳԻՐԸ
(միջօրեն դրդում է պամֆլետի)


Այս գարնանը ծառերը վաղաժամ ծաղկեցին։ Եվ այս տարի հայ զինվորի ու սպայի արյունը դարձավ գինի և խնկարկվեց մեր պատմության խաս-կարասում։ Գնա՜ց, հասավ Ավարայրին, ծիածանվեց Սասնա տանը։
Այս օրերին օրհնյալընծա, մի պահ անգամ ամբողջացան գանձագողն ու նվիրյալը, խենթ մարտիկն ու օլիգարխիկ գեներալը։
Ամբողջացում համազգային, նվիրական ոգեկոչում։ Երբ Արցախի սահմաններում հայոց զարմի արյան զեղմամբ երկիրն է հաղթում, հանրապետության խորքերում չեն դադարում խնջույքները՝ փոթորկուն նվագով և շառաչուն բառաչով։ Ներող եղեք, բայց այդ ինչու պետք է նախ չզեխանա, այնուհետև շուրջպար չբռնի բոռական խավը։ Տեսեք, նրանց արական սեռի բոլոր զավակները գերապահով պատսպարվել են, ոմանք օքսֆորդաբույր համալսարաններում, մյուսները՝ հայրենական գիշերային ակումբներում։ Հայոց խնջույքները բոռական, ինչպես միշտ, ավարտվում են խենթ-խոլական հրավառությամբ, ի հեճուկս ազերիա-օսմանյան հրթիռակոծությունների։ Ի դեպ, Ազերբայջանստանում այս պատերազմական օրերին խնջույքներն անցկացվում են չադրավորված, անշշուկ և ամոթխած։ Գուցե թե սա բնական է. ազերին ոչխար քերթող ելուզակ է, հայերս՝ տաճար կերտող ընտրյալներ։

Սակայն բավ է, վերադառնանք մեր վեհաշունչ մատռվակներին։ Սա է դարի դատավճիռը, պատերազմն այս դարձյալ կավարտվի հօգուտ մեզ և կսկսվի խաղաղ շինարարությունն ամենուր, սակայն արդեն քաղաքական նոր բոռասերնդի ավարառությամբ։

Կոմիտասյան մեղեդիների բրաբիոնազրնգուն հնչյունների ներքո ազատամարտի կտրիճ հրամանատարներից մեկը, յուր զինվորներով զինավառ, անդամագրվեց X նորաբույս կուսակցությանը։ (Կուսակցության այս և որևէ այլ անվանանշումը վայել չէ մեր լճերում, քանզի այստեղ քաղաքական ցանկացած գործընթաց հայտարարված է ազգադավ՝ ընդդեմ հայոց պետականության)։ Է՜հ, տիար կտրիճ հրամանատար, կամա-ակամա մատռվակում ես պետականադավ հացկատակների սեղանին և խոհեմաբար անտեսում ես այն եղերերգը, որ հնչում էր երդիկիդ շուրջը, երբ, եթե հիշում ես, ՀՀՇ-ի հրոսակները շուրջկալեցին օջախդ և գնդակոծում էին օրնիբուն։ Քեզ բռնեցին, շղթայեցին և զնդանը խոթեցին։ Քաղաքական այս նոր պորտապարում, ասա, խնդրեմ, այդ ո՞ւմ գլխին ես ամպհովանի բռնելու։

Տե՜ր իմ Երկնավոր, որքան դառն է արյամբ և ոգով ծնված ազատությունը։ Եվ այն քաղցրացնում են քծնախառն օշարակով, քաղաքական մատռվակությամբ, մարտական հրետանու առաջխաղացմամբ և հետևակի հեռացմամբ... իշխանական սեղաններից։ 1993-ին ՀՀՇ-ն, որը գերիշխող քաղաքական ուժն էր, հանկարծ հայտնվեց ազատագրական ենթատեքստով շաղախված ժողովրդավարական ցնցակաթվածում և «Հրազդան» տոնավաճառը նվիրաբերեց ՀՀԿ-ին։ Ընծան ընդունվեց ցնծությամբ։ Եվ կատարվեց զարմանալին, զարհուրելին, զարզանդելին. «Անկախության բանակ» հռչակավոր զորամիավորման համահրամանատարը, հանրապետական (ազգային-պետական) կուսակցության հիմնադիր-նախագահը (անկասկած, ազնվական յուր հոգեկերտվածքով) պարտքը նյութական փոխհատուցեց մատռվակությամբ քաղաքական։ Մատռվակությամբ՝ քաղաքական գանձագողերի դարչնարյուն սեղաններին։

Մատռվակյան գինին միջուկային պայթյունի ուժ ունի։ Այն ըմպելով (թեկուզ մի թաս), իշխանավոր-բոռը լիաբերան լիցքավորվում է պետականաքանդ ավյունով, նրա արյունը մակարդվում է, դառնում է թարխունագույն մի խյուս, այսինքն՝ թարախ։
Է՜հ, պատվարժան մատռվակներ, մի՞թե սրտերը ձեր չեն տրոփում և վկայում հետևյալը. արդեն գալիք սեպտեմբերին պետական (իմա՝ բոռա-մատռվակային) պարտքը կհատի 6 միլիարդ դոլարի սահմանը, և այս աղետաբեր հրովարտակը կհնչի իններորդ ամսվա 21-րդ օրը, երբ կնշվի անկախ պետականության կայացման 25-րդ հոբելյանը։ Ձեր ջանքերով արդեն 2017-ի սեպտեմբերին, հավատացեք, ՀՀ բնակչությունը (դուք էլ ներառյալ) կկազմի ուղիղ 1 միլիոն մարդ։ Խորհրդանշական մի ելուստմամբ էլ պետական պարտքը կհաստատագրվի 10 միլիարդ դոլարի դիրքում։ Զարմանալի եղելություններ կգան ի հայտ։ Զորօրինակ, ՀՀ քաղաքացի Երջանիկ Հակոբի Բագրատյանի անձնագրում կդրոշմվի 4 կնիք։ Կնիքները կհաստատեն, որ այս դժբախտ Երջանիկը միաժամանակ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, նաև ՀՀ-ի համազոր քաղաքացի է։ Որ նա և՛ աղանդավոր է, և՛ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Որ նա օրվա առաջին կեսին ունի ավանդական սեռական կողմնորոշում, ճաշից հետո, սակայն, նրա մարմնական կրքերն ու մտքերը դառնում են խիստ ազատական։ Եվ ահա Երջանիկը յուր վաստակի ուղիղ կեսը պետք է նվիրաբերի պետբյուջեին։ Որպեսզի շուտափույթ մարվի 10 մլրդ դոլարի (4 տրիլիոն 800 մլրդ դրամի) պետական պարտքը։ Զի խիստ կարիք կզգացվի նոր վարկեր ձեռք բերելու։

Օ՜հ, Երկինք, և օ՜հ, Երկիր, գուցե ուղերձ հղենք քաղաքական հայտնի-անհայտ մատռվակներին՝ ծնկի եկեք ձեր սեփական հուշարձան աղբյուրի առաջ, թարմ շիթի տակ պահեք գլուխներդ և հասկացեք՝ մատռվակությամբ դուք մատնագիր եք հղում դեպի ձեր սեփական-անզուգական անցյալը։
Բայց եթե սպառված եք գլուխն ի ոտ, ապա պատսպարվեք մի անկյունում և գրեք անմար հուշեր։

ՀՈՐԴԱՆԵՐԻ ՀՈԳԵԴԱՐՁԸ
(սարկաստիկ իրիկնահաց)


Արդի պոետ, անուշատող Գոռ, այն էլ Հարությունյան, գինին հորդում է անուղենիշ, և ՀՀ-ում ամեն բան ծաղկում է, ինչպես Եդեմում, և իր վախճանն է գտնում, ինչպես Քավարանում։ Չքնաղ է մեր ներկա երկիրը, երիտասարդ բարեկամս, չքնաղ է և խորհրդավոր։ Տես, մեր լեռնանտառներում գառնուկներն են մայում, քաղաքների խաչմերուկում էլ գայլերն են ոռնում։ Հիմա ոռնա՞նք, թե՞ մայենք։ Մեզ մնում է օրն ի վերջ «Տե՜ր, Քեզ մեղա»-ն արտասանել՝ մտքով պայծառ, սրտով արի։

Առագաստանավը խարիսխ նետեց
Այո, պատվարժան իմ ընթերցողներ, 5,5 տարի նավարկելով հայոց լճերում՝ «Լճից լիճ Հայաստան» առագաստանավը խարիսխ է նետել: Սակայն թող հրճվանքից չթռչկոտեն 3-րդ հանրապետության զարգացմանը խոչընդոտող հակահայերը, քանի որ գալիք ուրբաթ օրը ասպարեզ կիջնենք նոր երգիծաբանությամբ և նոր ձևաչափով: Եվ շա՜տ նպատակային հարվածաշարով: Այստեղ կարևոր մի հիշեցում. ապագա երգիծաշարը ծառայելու է ամբողջական, կայուն և հեռանկարային Հայք-Երկրի (իմա՝ Հայաստանի և Արցախի հայկական հանրապետությունների) կառուցմանը՝ միացյալ ուժերով: Միևնույն լծին ենք լծվելու և՛ ես, և՛ դուք, և՛ իշխանությունները, և՛ մենաշնորհատերերը, և՛ մշակույթի ու արվեստի գործիչները, և՛ արտագաղթի գավազանները պատրաստող հուսահատվածները, և՛ աննկուն չարտագաղթյալները: Եվ մնացածը: Մենք ապավինելու ենք վսեմաշուք Թումանյանի հայտնի մտքին. «ՈՒրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած...»:


Ի տեսություն՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ