ՎԱՐԴԳԵՍ ԳՈՒԼԻԿՅԱՆԻ արվեստանոցը Երևանի արվարձաններից մեկում է, լուսավոր է, տրամադրող և հարդարված։ Ինչպես յուրաքանչյուր արվեստանոցում (իսկ ես բազում արվեստանոցներում եմ հյուրընկալվել), այստեղ էլ գունաներկի սովորական ու սիրելի բուրմունքն է դիմավորում այցելուին և ուղեկցում դեպի այս զարմանալի աշխարհի խորհրդավոր անկյունները։
«ՀԱՏՈՒԿ ՀԱԿՈՒՄ ՈՒՆԵՄ ԴԵՊԻ ԱԲՍՏՐԱԿՑԻՈՆԻԶՄԸ»
-Հիշիր մանկությանդ այն շրջանը, որը քեզ ուղղորդեց դեպի կերպարվեստ։
-Մեծացել եմ Սուրբ Զորավոր եկեղեցու բակում, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի հարևանությամբ։ Այսօր, բարեբախտաբար, նրանց երկհարկանի տունը վերածվել է տուն-թանգարանի։ Երևանի այդ հատվածը, առհասարակ խիստ մշակութային, նաև կերպարվեստային նկարագիր ու ոգի ուներ, մոտակայքում քանդակագործ Այծեմիկ ՈՒրարտուի արվեստանոցն էր (ուր այսօր ապրում-ստեղծագործում է ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը), ոչ շատ հեռվում մեծն Սարյանն էր ապրում-արարում, ապրում էին ճարտարապետ-տեսաբան Վարազդատ Հարությունյանը, գեղանկարիչներ Սիմոն Գալստյանը, Ալեքսանդր Շաքարյանը, Աշոտ Միրզոյանը։
-Գույն, հորինվածք, մտահղացում, կերպար։ Ո՞րն է առաջնայինը նկարչի համար։
-Ես այդ ամենը կապում եմ միմյանց։ Նկարի բովանդակությունը նրա հորինվածքի, ձևի հետ շաղկապված է։ Ահա դու դիտում ես կտավներս, պետք է որ նկատես՝ բովանդակությունը պատկերված է իր ձևով, իր յուրահատկությամբ։
-Գույնի ընտրությունը դարձյա՞լ «ծառայում» է բովանդակությանը։
-Անշուշտ, անհնար է տոն պատկերել մռայլ գույներով, ուրախությունը, ցնծությունը չէ՞ որ վառ, արևային երևույթներ են։ Չնայած, կարելի է գեղարվեստական ինչ-ինչ հնարքներ կիրառելով նաև մուգ գունատոներով տոնահանդես նկարել, և դիտողը չի էլ նկատի՝ մո՞ւգ են գույները, թե՞ վառ։ Սա էլ է կերպարվեստի խորհուրդներից մեկը։
-Ե՛վ դիմանկարի ժանրին է տուրք տալիս Վարդգեսը Գուլիկյան, և՛ վերացարկային, և՛ խորհրդապաշտական, նաև չի զլանում, ստեղծում է բնանկարներ և նատյուրմորտներ։ Ով է, այսպես ասեմ, իրական Գուլիկյանը։
-Գուցե բոլորը միասին, բայց գուցե և ոչ։ Այնուամենայնիվ, հատուկ հակում ունեմ դեպի աբստրակցիոնիզմը։ Իմ ստեղծագործություններում կյանքի ռիթմը ստանում եմ հենց վերացական ոճավորմամբ։ Սակայն կարևոր մի բան պետք է նշեմ՝ ստեղծագործողը նախ պետք է ի զորու լինի իր ներաշխարհի ապրումները, իր գեղանկարչական «ես»-ը հասցնելու արվեստասերին, Աստծու պարգևած շնորհը ծառայեցնելու մարդկանց։ Սա է կարևորը, իսկ թե ինչ ճանապարհով, կամ ոճական ինչպիսի հնարքներով է յուրաքանչյուր ստեղծագործող դա իրականացնում, երկրորդական է։
«ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐՈՒՄ ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ՄՏԱԾՈՂ ՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ»
-Դու խորհրդային կերպարվեստում ես կոփվել, ապրել-ստեղծագործել, այսօր այն տարիների գոհունակ ապահովությունը չկա, հայ ժամանակակից կերպարվեստը, պետական ուշադրության տեսանկյունից, լուսանցքում է։
-Պետությունը խրախուսում էր ստեղծագործողին, մասնավորապես կերպարվեստագետին՝ նաև պետական պատվերով։ Նաև անվճար արվեստանոցներ էր հատկացնում և այլն։ Նկարիչը պետք է շահագրգռված լինի, պետք է վստահ լինի, որ իր կտավն ու քանդակը կարժանանան արվեստասեր հանրության, պետության ուշադրությանը և կգնվեն։ Այսօր շատ նկարիչներ կան, շատերը, հավատա, նույնիսկ տաղանդավոր են։ Բայց ահա թե ինչ է ստացվում. նկարիչը մի արժանի գործ է ստեղծում, ցուցադրում է այն, արժանանում է ուշադրության, և վերջ, ստեղծագործողն ու նրա ստեղծածը վերադառնում են ելման կետ՝ արվեստանոց։ Պետությունն այսօր ձեռնպահ է հայ կերպարվեստի նկատմամբ։ Իսկ դա անհեռանկար քաղաքականություն է։
-Ցավոք, իսկապես պետական ռազմավարական ծրագիր, որը կնպաստեր հայ ազգային ժամանակակից կերպարվեստի կանոնակարգմանն ու զորացմանը, նաև նրա միջազգայնացմանը, չկա։ Այնինչ, արդի կերպարվեստի միավորող գլխավոր կառույցը՝ Հայաստանի նկարիչների միությունը, հաղթող է, իր ուժերով կառուցեց, թերևս, տարածաշրջանի լավագույն ցուցասրահները, վերականգնեց «Քանդակի» (ներկայումս «Գեղարվեստի») կոմբինատը, սակայն ֆինանսների սղության և պետական վերաբերմունքի բացակայության պայմաններում անկարող է միջազգայնացնել հայ կերպարվեստը։ Հայ արդի կերպարվեստը «միջազգայնացվում» է Վերնիսաժում։ Ըստ քեզ, ի՞նչ է Վերնիսաժն առհասարակ։
-Նախկինում այնտեղ լավ գործեր էին ներկայացվում, մոտեցումներն այլ էին։ Ժամանակի ընթացքում, շուկայական հարաբերությունների վայրիվերումներով պայմանավորված, Վերնիսաժում գերիշխող դարձավ «շիրպոտրեբը»։ Նկարիչն այսօր Վերնիսաժ է ներկայացնում այն, ինչը պահանջարկ ունի, վաճառվում է։ Իհարկե, չեմ մեղադրում նրանց, ցավում եմ, նկարչի գործը արարումն է, այլ մարդիկ, ծառայություններ պետք է զբաղվեն նրա նկարների իրացմամբ։ Ինչպես, ի դեպ, կատարվում է քաղաքակիրթ աշխարհում։
-Ցավալի է, 25 տարվա անկախ պետություն ենք, սակայն անգամ մշակույթն ու արվեստն են կախյալ վիճակում։
-Գիտե՞ս, դեմ եմ, երբ որպես փաստարկ ոմանք ներկայացնում են խորհրդային տարիների ապահով նկարչի անազատությունը։ Չկար նման բան, այն տարիներին և՛ աբստրակտ գործեր էինք նկարում, և՛ խորհրդապաշտական, և՛ սոցռեալիզմի թեմաներով։ Նկարում և ներկայացնում էինք ցուցահանդեսներում առանց խոչընդոտների։ Խորհրդային տարիներին մենք բավականին ազատ էինք։
-Որքան տեղյակ եմ, խորհրդային շրջափուլում յուրաքանչյուր նկարիչ և քանդակագործ տարեկան մեկ ստեղծագործություն պետությանը ներկայացնելու և դրա դիմաց բավականին լուրջ հոնորար ստանալու «մենաշնորհատեր» էր։
-Այո, բայց կար նաև բավականին խիստ, պրոֆեսիոնալ մոտեցում, ստեղծագործությունը պետք է բավարարեր ինչ-ինչ պահանջների։ Հանձնաժողովն ուշի ուշով գնահատում էր ստեղծագործությունը, նոր միայն այն ձեռք բերում։ Շահում էր երկիրը, շահում էր երկրի նկարիչը։
-Այս քիչ արկածախնդրային հարցս ավանդույթի է վերածվում. այսօր, հանրապետական կամ թեմատիկ ցուցահանդես այցելելով, ո՞ր նկարիչների գործերն ես փնտրում։
-Հարցդ իրոք արկածախնդիր է։ Բայց անկեղծ պատասխանեմ՝ փնտրում եմ մի քանիսին, փնտրում եմ մտածող նկարիչներին։
-Ո՞վ է մտածող նկարիչը։
-Նա, ով շարունակ զարգանում է, դուրս է գալիս իր ուսանողական շրջանից, ապրումի հետ նաև միտք է դնում իր կտավներում։ Հենց այս պահին էլ մի անուն հիշեցի, որին փնտրում եմ ցուցահանդեսում՝ Ռուբեն Ղևոնդյան։
-Կանգնենք ահա այս նկարիդ առջև և փորձենք այն տեսնել միասին։
-Համերգի ժամանակ ինձ ուղղակի գերեց թավջութակահարը։ Կարծես էքստազի մեջ էր, տարված էր ինքնամոռաց։ Սա նաև ընդհանրական կերպար է, ես առհասարակ երաժշտի եմ նկարել, երաժշտությունն եմ փորձել նկարել։
-Վստահեցնում եմ, փորձդ բնավ փորձանք չի դարձել, բավականին գրավիչ և վարպետ գործ է։ Շարունակիր գեղագիտական տքնանքդ քո այս գունեղ և խորհրդավոր հարկի տակ։
-Ես էլ շնորհակալ եմ «Իրատեսին» կերպարվեստի հանդեպ դրսևորած ուշադրության համար։
Զրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ