Զրուցակիցս հանրահայտ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆՆ է, ԱՍԱԼԱ-ի մարտիկն ու «Վան» գործողության հրամանատարը։
«ՄԻԱՅՆ ԱՊՐԻԼԻՆ ՀԻՇԵՑԻՆՔ, ՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ ԵՆ»
-Պարոն Սիսլյան, ապրիլյան օրհասական, նաև հերոսական օրերին ոմանք այս ու այնտեղ հարցնում էին՝ ո՞ւր է ԱՍԱԼԱ-ն։
-ԱՍԱԼԱ-ն իր ներկա օրվա պարտականությունը կատարել է իր գործունեության տարիներին։ Այսօր էլ, վստահ եմ, որ կատարում է, բայց մեկ այլ ձևով։ Բայց որ հարցնում են՝ ո՞ւր է ԱՍԱԼԱ-ն, ես կասեի՝ իսկ ո՞ւր է էստեղի ժողովուրդը, ո՞ւր է քաղաքացին։ ԱՍԱԼԱ-ի տղերքը Բեյրութի Բուրչհամուդից դուրս ելան և ոտքի կանգնեցին՝ հանուն ազգի և հայրենիքի։ Մեր առջև մեծ երազանքներ չէին դրված, մենք մի գլխավոր հարց ունեինք՝ ամբողջական (մանավանդ՝ Արևմտյան) Հայաստանի ազատագրումը։ Հայաստանի այսօրվա խնդիրը ներքին խնդիր է, սակայն այն վերաբերում է ամբողջ հայությանը, և ես ահա հարցնում եմ՝ իսկ ո՞ւր է ամբողջ հայությունը։
Ասեմ նաև, որ ԱՍԱԼԱ-ն ինչ-ինչ անհավանական հնարավորությունների տեր չէ, նաև քիլլերությամբ չի զբաղվում։ Մեր գլխավոր անելիքը գաղափարական անշեղությունն է։
-Պարոն Սիսլյան, ցավոք, ԱՍԱԼԱ-ն շատերի մտապատկերում ամրագրված է որպես ահաբեկչական կառույց։
-Գաղտնի բանակի գործունեության արդեն հինգերորդ տարում աշխարհն ընդունեց, որ ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ։ Նախկինում «ահաբեկիչ» բառն օգտագործվում էր որպես քաղաքական տերմին։ Այսինքն, այն տարիներին էլ էր հայտնի, որ ԱՍԱԼԱ-ի և մյուս ահաբեկչական կազմակերպությունների միջև շատ տարբերություններ կան։ Այսօր աշխարհը ահաբեկիչը հասկանում է իսլամիստների կերպարում, գաղտնի բանակի մարտիկներն այս իմաստով ահաբեկիչներ չեն։ Կրկին հիշեցնեմ 1984-ի հունվարի 24-ին Փարիզի կենտրոնական դատարանում կայացած մեր դատավարությունը, երբ դատավորն արգելեց մեր նկատմամբ գործածել «ահաբեկիչ» բառը։ Իսկ Ֆրանսիայի ոստիկանապետը մեր ձերբակալությունից անմիջապես հետո, ընկերներիս, Գևորգի ու Արամի հետ, ասաց` ես ձեզ հետ խնդիր չունեմ, ես զինվոր եմ, դուք էլ զինվոր եք։ Մեզ զինվոր անվանելը շատ կարևոր էր մեր ազատագրական պայքարի համար։ Ֆրանսիացի իրավաբաններից մեկն էլ հայտարարեց. «Եթե այս ժողովուրդը պետություն չունի, չի նշանակում, որ նա չպետք է իր բանակն ունենա»։ Փաստ է, որ Հայաստանն ու սփյուռքը չունեին սեփական պետությունն ու սեփական բանակը։ Ֆրանսիացին սա նկատի ուներ, նա ասաց նաև, որ այս տղաները հայկական բանակի զինվորներն են։
-Հայ գաղտնի բանակի առաքելությունն այս օրերին։
-ԱՍԱԼԱ-ի նպատակն Արևմտյան Հայաստանի ազատագրումն է, և այդ պայքարը շարունակվում է։ Բայց քանի որ ես բացահայտված եմ, չեմ կարող նշել պայքարի ռազմավարությունը։ Անկեղծ ասած, դրա կարիքը չկա, ես և ընկերներս այսօր փորձում ենք հատկապես հայ երիտասարդների ազատագրական պայքարի ոգին վառ պահել։
-Պարոն Սիսլյան, ապրիլը ցնցեց և հիացրեց, մեր սահմանները պաշտպանող գրեթե պատանի զինվորներն ու երիտասարդ սպաները մարտնչեցին այնպես, ինչպես Ավարայրում և Սարդարապատում մարտնչել էին նրանց նախնիները։ Միաժամանակ մի ծանր քար դրվեց շատերիս սրտի վրա. զոհված մարտիկները բացառապես չքավոր ընտանիքների զավակներն էին։
-Այո, աղքատ դասակարգի ընտանիքների երեխաները պաշտպանեցին մեր սահմանները և զոհվեցին։ Բայց ես մի ավելի ծանր բան պետք է ասեմ, դժբախտաբար, հայ ժողովրդի 90 տոկոսն է աղքատ։ Պարզ է, որ նրանց զավակները պետք է կանգնեին սահմանի վրա։
-Հարուստների զավակները, եթե կանգնեին, չէի՞ն կռվելու և զոհվելու։
-Մեկ-երկուսը՝ գուցե, բայց ո՛չ օլիգարխների զավակները։ Նրանց մի քանիսին տեսանք Արցախում և տեսանք, թե ինչով են զբաղվել, այդ մասին շատ է գրվել և խոսվել։
-Դուք, Ձեր տեսակը շատ ընդունված և սպասված է սահմանի վրա։
-Ես միշտ եմ այցելել սահմանային զորամասեր։ 1994-ի զինադադարից ի վեր ինձ համար խաղաղություն չի հաստատվել, քանի որ մեր զինվորը դեռ խրամատի մեջ է, պատերազմական վիճակ է, ու ո՞րն է տարբերությունը, երբ մի օր տասը փամփուշտ են կրակում, մյուս օրը տասը հազար փամփուշտ։ ՈՒ զինվոր է զոհվում։ Միայն ապրիլին հանկարծ հիշեցինք, որ հայ զինվորները խրամատներում են և հայ ժողովրդի աջակցության կարիքն ունեն։ Մեր հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, թշնամի երկրներ են, և մենք ազգովին պետք է զինվորի միտք ու հոգի ունենանք։ Բայց այդպես չէ։ Տեսեք, Շվեյցարիան ամենախաղաղ պետությունն է, սակայն շվեյցարացիներն ազգով մեկ զինվոր են։
-Շատ անսպասելի է Շվեյցարիայի օրինակը. խնդրում եմ մեկնաբանեք։
-Նրանք ազգով մեկ աշխարհազորային են, վարժված են զենքին, իրենց տներում ամրակցված զենք ունեն։ Բայց չէ՞ որ Շվեյցարիան աշխարհի ամենաչեզոք պետությունն է։ Իսկ մենք չեզոք չենք, շրջապատված ենք թուրքերով և ազերիներով, որոնց նպատակը մեկն է՝ առհասարակ ոչնչացնել հայությանը։
-Աշխարհը անտարբե՞ր է նրանց բարբարոս նկրտումների հանդեպ։
-Աշխարհը կապիկությամբ է զբաղված, կլինի Ամերիկան, Եվրոպան, թե Ռուսաստանը։ Սրիկա է այդ աշխարհը, ոմանք իրենց համար աշխատանք են ստեղծել, խաղաղարար հանձնաժողովներ են կազմում և գումարներ են վաստակում։
«ԵՐԲ ԳԵՆԵՐԱԼՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԸ ԻՐԱՐ ԿՈՂՔԻ ՉԵՆ ԿԱՆԳՆԱԾ, ՈՒՐԵՄՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է»
-Դեպքերի զարգացման Ձեր տեսլականը։
-Ես լուծումներից մեկն եմ տեսնում. եթե Հայաստանը իրեն անկախ պետություն է համարում, թող անկախ կամք դրսևորի և ընդունի Արցախի անկախությունը։ Այս սրիկա աշխարհը քաջատեղյակ է, որ ՀՀ բանակն է Արցախում, որ Հայաստանի սահմաններն անցնում են նաև Արցախով, բայց շարունակում են իրենց խարդախությունները միջազգային հանձնախմբերում։ Ես վստահ եմ, որ եթե այսօր ադրբեջանցիների շրջանում քվեարկություն անցկացվի և հարց դրվի՝ արդյո՞ք Արցախը կամենում եք ունենալ պատերազմի ճանապարհով, կասեն՝ ոչ։ Նրանք հոգեբանորեն վաղուց են ընտելացել մի մտքի՝ Արցախն իրենցը չէ։ Թող խնդրեն իրենց ալլահին, որ եղած հողն էլ չկորցնեն, որը դարձյալ իրենցը չէ։ Միլիոն տարի պիտի անցնի, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ազգ դառնան։ Թող հանգիստ թողնեն Արցախը, դա իրենցը չէ։ Ինչպես Լեոնիդ Ազգալդյանն էր ասում՝ «Սա Հայաստանն է, և վերջ»։
-Մեր իշխանությունները կարծես առանձնահատուկ դաս չքաղեցին այս ամենից։
-Իշխանությունը պետք է հասկանա, որ ինքն իրեն ուժեղ կզգա, եթե ժողովուրդն է իրեն նեցուկ։ Առայժմ չի զգում։ Իշխանությունը չի կամենում պետություն դառնալ և պարտավորություն վերցնել իր վրա։ Ես ՀՀ քաղաքացի չեմ, ես հայ եմ, և սա է իմ հայրենիքը, ինչից հետևում է, որ ես նախ պարտավորություններ ունեմ հայրենիքիս և պետությանս նկատմամբ, հետո միայն ունեմ ինչ-ինչ իրավունքներ։
-Այսօր ինչի՞ն պետք է ապավինի ազգը։
-Զենքին, զինված դիմակայությանն ու պայքարին։ Արցախի ազատագրումն ու անկախությունը զինված պայքարով ինքնին ամենավառ փաստն է։
-Պարոն Սիսլյան, 1994-ից հետո օր օրի խորացավ անջրպետը շարքային զինվորականության և բանակային բարձրագույն հրամանատարական կազմի միջև, առաջացավ գեներալական խմբիշխանությունը, իր աչք ծակող շվայտ կենցաղով։ Միաժամանակ խորացավ անդունդը ժողովրդի և հայկական բանակի զորավարական դասի միջև։ Գուցե նաև սա՞ հաշվի առնելով սանձարձակվեց մեր ոխերիմ դրկիցը։
-Գուցե, քառօրյա պատերազմը շատ բան հանեց ջրի երես։ Բարձրաստիճան սպան զինվորին պետք է վերաբերվի, ինչպես սեփական որդուն, ոչ թե ինչպես օտար ծառայողի։ Սահմանում կանգնած զինվորը, իր ընտանիքից բացի, նաև հայոց բանակի գեներալի ընտանիքն է պաշտպանում։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ մեր բանակի բոլոր բարձրաստիճան ծառայողները թերություններով լի մարդիկ են։ Բայց երբ տեսնում եմ որևէ զորամասի պետի, ում վիզն ու գլուխն իրարից չեն տարբերվում, քաշն էլ երկու հարյուր կիլոգրամ է, ինքն էլ շքեղ մեքենաներով է ման գալիս, նման զինվորականի բանակում լինելու հանգամանքը չեմ հասկանում։ Նման զորապետը ի՞նչ պիտի ներշնչի իր զինվորներին։
Այսօր մեր զինվորների կյանքում շատ պակասություններ կան։ Զենքից ու հագուստից բացի, զինվորն այսօր այլ բաղադրիչների կարիք էլ ունի, նա համարյա տկլոր է։ Հազար ու մի խնդիր ունի զինվորը, և դրանք անհապաղ պետք է լուծել։ Ով բանակում ինչքան հարստացավ, կարծում եմ, որ բավական է, թող հիմա մի քիչ էլ հայրենիքի, պետության և զինվորի մասին մտածեն։ Երբ ժողովուրդն ու իշխանությունը, այս պարագայում՝ գեներալն ու զինվորը, կողք կողքի չեն կանգնած, ուրեմն պետությունը չկա, սպառված է։
-Զարմանալի է, հազարամյակներով մենք ընտրյալ զորագնդեր ենք մատակարարել ժամանակի հզոր կայսրություններին, սկսած Պարսկաստանից, վերջացրած Բյուզանդիայով ու Ռուսաստանով։ Ամենուր հայ սպայի ու զինվորի անունը եղել է արիության, տաղանդի և հավատարմության խորհրդանիշ։
-Ճշմարիտ է, և ժամանակն է, որ մեր սպաներն ու զինվորները մեր թագավորության համար պայքարեն, չէ՞ որ մենք շատ խնդիրներ ունենք։ Ասեմ նաև, որ հայ զինվորների հետ շփվելիս մշտապես լիցքավորվել եմ դրական էներգիայով։ Սա պետք է պահպանել։
Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ