ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ժողովուրդը փոփոխություն է ակնկալում իր կյանքի բոլոր ոլորտներում»

«Ժողովուրդը փոփոխություն է ակնկալում իր կյանքի բոլոր ոլորտներում»
18.05.2018 | 10:25

Նոր կառավարության տնտեսական քաղաքականությանն է անդրադառնում տնտեսագետ ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ:


-Պարոն Արիստակեսյան, շուտով կառավարությունը խորհրդարանին կներկայացնի իր ծրագիրը։ Ի՞նչ սպասումներ ունեք այս կառավարությունից:
-Ողջունելով կառավարության երիտասարդական թիմին, հույս ունեմ, որ այս կառավարությունն ի զորու է կատարելու թավշյա հեղափոխության ժամանակ հնչեցրած իրենց նպատակադրումները, որոնց համար ժողովուրդը ոտքի ելավ ու պաշտպանեց նրանց: Ժողովուրդն անմիջական փոփոխություն է ակնկալում իր կյանքի բոլոր ոլորտներում: Առաջին փոփոխությունը զինվորների հետ էր կապված, որի արձագանքները եղան, բայց այս տեմպը պետք է պահպանել, ժողովրդի վստահությունը չկորցնելու համար կառավարության ծրագրում պետք է նախանշվեն մի քանի քայլեր: Հասկանում ենք, որ սա ժամանակավոր կառավարություն է, բայց մինչև արտահերթ ընտրություններ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիր պետք է լինի: Առաջին հերթին կառավարությունը պետք է իրականացնի 2014-ին ընդունված ՀՀ օրենքի պահանջը. խոսքը կենսապահովման նվազագույն զամբյուղի և նվազագույն բյուջեի մասին է: Պետք է վերականգնվի եկամուտներից հանվող, չհարկվող շեմը, այսինքն, եկամուտների համար պետք է սահմանվի չհարկվող շեմ: Այդպիսի շեմ գործում էր մինչև 2013 թվականը, երբ 80 հազար դրամը չէր հարկվում, հետո հարկվում էր սանդղակով:
-Բյուջեն ունի՞ համապատասխան եկամուտներ Ձեր նշած փոփոխությունն իրականացնելու համար:
-Բնականաբար, մտահոգություն կա, որ դրանով կկրճատվեն բյուջեի միջոցները, բայց կասեմ նաև, թե ինչպես է հնարավոր նոր մուտքեր ապահովել: Իմ առաջարկը, իհարկե, դժվար քայլ է, բայց դրանով օրինականությունն է վերականգնվում, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Օրենքը 2014-ից կա, բայց մեռելածին է, չի գործում, իսկ որպեսզի եկամուտներ լինեն, պետք է փոխվեն եկամտահարկի, գույքահարկի, ակցիզային հարկի մասին օրենքները, հարկը պետք է լինի պրոգրեսիվ: Եկամտահարկով մինչև 110 հազար դրամը չպետք է հարկվի, 110-250 հազարի դեպքում հարկը սահմանվի 20 տոկոսի սահմաններում, 300 հազարից հետո պետք է սկսվի պրոգրեսիան: Իսկ հիմա մեզ մոտ հետևյալն է՝ մինչև 150 հազար և անմիջապես 2 մլն, այսինքն, չկա աստիճանական սանդղակ: Մենք պետք է պահպանենք Սահմանադրության այն կարևորագույն սկզբունքը, որ հարկային բեռը պետք է հավասարաչափ բաշխվի քաղաքացիների միջև: Այլապես ստացվում է, որ մինչև 150 հազարի հարկային բեռն ավելի բարձր է, քան 2 մլն դրամ եկամուտ ունեցողինը: Այդ պրոգրեսիայի կիրառմամբ լրացուցիչ եկամուտներ կմուտքագրվեն բյուջե: Չեմ ցանկանում, որ այս կառավարության ծրագիրն էլ նախորդի պես լինի գեղեցիկ խոսքերով փաթեթավորված «մարդակենտրոն» ծրագիր, առանց առարկայական նշակետի: Կարեն Կարապետյանն ասում էր, թե իր ծրագիրը մարդակենտրոն է, պետք է կրճատել աղքատությունը, արտագաղթը, ներդրումներ պետք է անել, բայց 2,5 տարվա ընթացքում տեսանք, թե գնաճն ու արտագաղթը ինչ ծավալների հասան: Այսինքն, քայլերը չկատարվեցին: Այս հեղափոխությունը պետք է իրեն այդ քայլերով ապահովի, որպեսզի կարողանան մարդկանց իր կողքին պահել: Այս կառավարությունը նաև պետք է փոխի գույքահարկի մասին օրենքը, անշարժ ու շարժական գույքը պետք է գնահատվի շուկայական, ոչ կադաստրային արժեքով, իսկ 40 մլն դրամ արժողությամբ գույքից սկսած պետք է կրկին կիրառեն պրոգրեսիվ սանդղակ՝ 2-5 տոկոս: Բյուջեի եկամուտների ավելացման համար ամենակարևորը ստվերի կրճատումն է և տնտեսությունը մաքուր դաշտ բերելը: Կառավարությունն իր ծրագրում պետք է հայտարարի նաև հարկային ու վարկային համաներման մասին: Անկախ ֆինանսական փորձագետների գնահատականով` 2005-2013-ին Հայաստանից ամեն տարի դուրս է բերվել 1 մլրդ դոլարին համարժեք դրամ, իսկ 2013-ին ավելի շատ՝ 1,8մլրդ, միջոցներ պետք է ձեռնարկվեն այս գումարները հետ բերելու ուղղությամբ: «1000» դրամների մասին օրենքն էլ բավականին անհաջող է, պետք է վերանայվի ու սանդղակ սահմանվի, որովհետև 56 հազար դրամ ստացողն էլ է 1000 դրամ մուծում, 2 մլն դրամ ստացողն էլ: Այս կառավարության անդամներին վստահում եմ, անձնապես ճանաչում եմ ոմանց և հուսով եմ` այս փոփոխությունները կիրականացվեն:


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ