Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Չելսին» օգնում է «Լիվերպուլին» ստանձնելու լիդերությունը

«Չելսին» օգնում է «Լիվերպուլին» ստանձնելու լիդերությունը
11.12.2018 | 02:04

Եվրոպական ֆուտբոլային թոփ տերությունների ներքին առաջնություններն այնքան էլ միանշանակ չէին իրենց զարգացումներով, ու դրանում առանձնապես յուրահատուկ բան էր վերապահված ֆրանսիական առաջնությանը, որն աչքի ընկավ բավականին մեծ թվով հետաձգված խաղերով: Ֆրանսիան այս օրերին համակած սոցիալական բողոքի ալիքը կարող է դեռ երկար իրեն զգացնել, ու կարող է ստացվել այնպես, որ իր տեսակի մեջ այս տուրը միակը չլինի; Չարագույժ ենթադրություններ չանենք, բայց և նկատենք, որ այստեղ խախտված է իշխանություն-ժողովուրդ հարաբերակցության խաղաղ գոյակցության հիմնարար հաց և հանդիսություն հռոմեական դասական մոտեցումը, իսկ դրա համար պիտի վճարել, ինչն էլ անում են իշխանություններն իրենց տենդոտ լուծումների փնտրտուքներով: Խոստովանենք՝ բավականին անհաջող: Հուսանք, որ առայժմ:

ԱՆԳԼԻԱ
«Չելսիի» հետ դիմակայությունից առաջ «Մանչեստր Սիթին» արդեն իսկ գիտեր «Բոռնմուտ»-«Լիվերպուլ» մրցակցության արդյունքը, որտեղ հյուրերը հաղթանակի էին հասել 4:0 խոշոր հաշվով ու վաստակել հերթական երեք միավորը, ինչը նշանակում էր, որ աղյուսակի առաջին հորիզոնականը չկորցնելու համար «քաղաքաբնակները» պարտավոր էին հաղթել մրցակցին: Իր հերթին վերջին չորս խաղում չորս միավոր վաստակած «Չելսին» սեփական երկրպագուի մոտ սասանված հեղինակությունը վերականգնելու խնդիր ուներ, որը պակաս մոտիվացիա չէր: Արդյունքում եղավ այնպես, որ «ազնվականների» մոտիվացիան ավելի ծանրակշիռ դուրս եկավ՝ 2:0, իսկ սա նշանակեց, որ «Մանչեստր Սիթին» ոչ միայն կորցրեց երեք միավոր ու առաջին հորիզոնականը զիջեց «Լիվերպուլին», այլև կրեց մրցաշրջանի առաջին պարտությունը:
«Մանչեստր Սիթիի» նկատմամբ «Չելսիի» այս հաղթանակը «ազնվականներին» կարող էր տեղ ապահովել առաջին եռյակում, եթե տուրը բարենպաստ չլիներ Լեստեր արտագնա խաղի մեկնած «Տոտենհեմի» համար: Մորիսիո Պոչետինոյի սաները հանդես են եկել պատասխանատվրության բարձր գիտակցմամբ, խաղը շահել են 2:0 հաշվով, միավորների թիվը հասցրել են 36-ի ու պատվավոր եռյակի դասավորությունը թողել անփոփոխ:
«Չելսիի» պես 34 միավոր ունի իր ակտիվում և «Արսենալը», որը հերթականում նվազագույն հաշվով առավելության է հասել «Հադերսֆիլդի» նկատմամբ:
Վերջին չորս խաղում վեց միավորի տեր դարձած «Մանչեստր Յունայթեդը» խիզախել է աղյուսակի հետնապահի հետ խաղում, հաղթել 4:1 հաշվով ու 26 միավորով հանգրվանել վեցերորդ հորիզոնականում:

ԳԵՐՄԱՆԻԱ
Տուրի բերած ամենամեծ փոփոխությունն այն եղավ, որ տևական ընդմիջումից հետո առաջատար եռյակ վերադարձավ Մյունխենի «Բավարիան»: Երկրի գործող չեմպիոնը սեփական հարկի տակ անպատասխան երեք գնդակի տարբերությամբ առավելության է հասել «Նյուրնբերգի» հանդեպ:
Իր հաղթական մրցելույթների շարքն է երկարացրել Դորտմունդի «Բորուսիան»՝ 2:1: Արտագնայում նրա մրցակիցն է եղել «Շալկեն»:
Դորտմունդցիների հաղթական ընթացքին նույնքան հաղթական է արձագանքել մյուս «Բորուսիան»՝ Մյոնխենգլադբախինը: Նրա օրվա մրցակիցը՝ «Շտուտգարդտը», կարողացել է հավասար խաղ ցույց տալ միայն առաջին խաղակեսում: Մրցակցությունն ավարտվել է 3:0 հաշվով՝ 29 միավորով գլադբախցիների համար ամրագրած պահելով բունդեսլիգայի երկրորդ հորիզոնականը:
Տուրը հավասարապես անհաջող է եղել թե երկրի գործող փոխչեմպիոն «Լայպցիգի» և թե Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» համար: Երկուսն էլ պարտվել են հյուրընկալվելիս: Առաջինը 0։3 հաշվով զիջել է «Ֆրայբուրգին», երկրորդի նկատմամբ նվազագույն հաշվով առավելության է հասել «Հերտան»:


ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի 15-րդ տուրը նշանավորվեց «Յուվենտուս»-«Ինտեր» դիմակայությամբ, որտեղ «ծեր սինյորան» մրցակցին պարզապես թպրտալու շանս չտվեց, որքան էլ գրանցվել է նվազագույն հաշվով հաղթանակ: Միաժամանակ ասենք, որ պարտությունը ոչնչով չսպառնաց մրցաշարային աղյուսակում «Ինտերի» ունեցած երրորդ հորիզոնականին:
Շարունակում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն իր ձեռքերում վստահորեն պահել «Նապոլին», որի մրցակիցը՝«Ֆրոզինոնեն» էր՝ 4:0:
Առայժմ ոչնչով առաջատար այս եռյակին չեն սպառնում մայրաքաղաքային «Լացիոն» ու «Ռոման», սակայն անտարակուսելի է, որ իքս պահից նրանք ունենալու են ավելի խոշոր դերակատարություն, քան պայքարի այս փուլում ունեն: Ի դեպ, երկուսն էլ տուրի հանդիպումներն ավարտել են նույն 2:2 հաշվով: Առաջինի մրցակիցն է եղել հյուր ժամանած «Սամպդորիան», երկրորդինը՝ «Կալյարին»: Նկատենք, որ տանտերերն իտալական «գայլերից» միավորը կորզել են վերջին վայրկյաններին:
«Յուվենտուսն» ունի 43, «Նապոլին»՝ 35, «Ինտերը»՝ 29 միավոր:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի 15-րդ տուրում «Էսպանիոլին» հյուր գնացած «Բարսելոնը» մրցակցությունը շահել է 4:0 խոշոր հաշվով: Կատալոնցիների հաղթանակում իր ծանրակշիռ մասնակցությունն է ունեցել թիմի ավագ Լիոնել Մեսին՝ դառնալով երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Այս հաղթանակից հետո իսպանական ֆուտբոլի առաջատարը «Սևիլիայից» արդեն առաջ է երեք միավորով, քանի որ անդալուզցիներն արտագնայում միավորներ են կորցրել՝ 1:1 խաղալով «Վալենսիայի» հետ:
Միավորներով՝ 28, «Սևիլիային» է հավասարվել տնային խաղում 3:0 հաշվով «Ալավեսին» պարտության մատնած «Աթլետիկոն»: Ի դեպ, տուրից տուր գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ գերազանց մեկնարկն ակնհայտորեն թանկ է սկսում նստել «Ալավեսի» վրա, որը վերջին հինգ խաղում վաստակել է ընդամենը չորս միավոր: Փոխարենը վիճակն է կամաց-կամաց սկսել շտկել Մադրիդի «Ռեալը», որն արտագնայում նվազագույն հաշվով հաղթանակի է հասել «ՈՒեսկայի»՝ նկատմամբ ու 26 միավորով արդեն չորրորդ հորիզոնականում է, ինչն արդեն ավելի քան ռեալ հարթակ է ավելի վեր նայելու համար:


ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի միջնամասում գտնվող «Ռեյմսի» հետ մրցակցությունում առավելագույն միավորներ կորցնելու անպատեհությունից մի կերպ փրկվեց «Լիլն» ու 31 միավորով շարունակեց պահել աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Տանտերերը փրկարար գոլը խփել են հավելյալ ժամանակում, տասնմեկմետրանոցից, մրցավարի եզրափակիչ սուլոցից ընդամենը վայրկյաններ առաջ:
Սակայն Ֆրանսիայի առաջնության այս տուրն առանձնանում էր հետաձգված բավականին մեծ թվով խաղերով, ու դրանց հիմնական պատճառը երկրում բռնկված սոցիալական պայթյունն է, որը պատմության մեջ կմտնի «դեղին բաճկոնավորների» ընդվզմամբ: Իհարկե, թվում է, թե բենզինի գնի թանկացումը պիտի ազդեցություն չունենար անցկացվելիք խաղերի վրա, սակայն այդ թանկացման սոցիալական հետևանքներն են իրականության վրա ներազդողը: Հետաձգված հանդիպումների շարքից են «Պարի Սեն Ժերմեն»-«Մոնպելիե», «Թուլուզ»-«Լիոն» դիմակայությունները, որոնք կարող էին ուղղակի ազդեցություն ունենալ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականում հայտնվածների դասավորության վրա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ