«Մինչ մենք ճառում ենք, թե Թուրքիան փոխվել է, նա իր շուրջն է հավաքում թրքալեզու բոլոր ժողովուրդներին»
16.10.2020 | 00:08
«Իրատեսի» զրուցակիցն է թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԸ:
-Այս օրերին ի՞նչ է գրում թուրքական մամուլը, ի՞նչ տրամադրություններ են թուրքական հասարակության ներսում:
-Քանի որ Թուրքիայում վաղուց ազատ մամուլ գոյություն չունի, ու լրատվադաշտն ամբողջությամբ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կաբինետի վերահսկողության ներքո է (բացառությամբ մեկ-երկու միջազգային այլընտրանքային ԶԼՄ-ների), մամուլը միատեսակ է արձագանքում ամեն ինչին, այդ թվում նաև Արցախում ծավալվող իրադարձություններին: Այսինքն՝ բոլորն էլ միակողմանի տեղեկություն են ստանում: Տեսանելի է, որ Արցախում ծավալվող իրադարձությունների ֆոնին ավելի է ընդգծվում թուրքերի ազգայնամոլությունը, և ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց այժմ ավելի է ծայրահեղացվում:
-Մինչև այս պատերազմը Հայաստանում շատերն ասում էին, թե Թուրքիան այլևս նախկինը չէ, «նոր» ու «հին» թուրք եզրույթներն էին առանձնացնում: Ինչպիսի՞ն էր թուրքը 100 տարի առաջ ու ինչպիսի՞ն է այժմ:
-100 տարի առաջ էլ էին հայերը նույն կերպ արտահայտվում: Երբ Եվրոպայում կրթություն ստացած մի քանի երիտթուրքեր հայտնվեցին Պոլսում, հայերն ասում էին՝ թուրքը փոխվել է, սա ուրիշ թուրք է: Եվ հետաքրքիրն այն է, որ ապրելով թուրքի հետ կողք կողքի՝ դեռ շարունակում ենք հավատալ, թե նա փոխվող տեսակ է: Փաստորեն աշխարհի ամենահին ազգերից մեկը լինելով՝ մտածելակերպով մանուկ ենք մնացել: Այլ ազգեր, որ ավելի նոր են, օրինակ՝ հենց թուրքը, քաղաքականության, դիվանագիտության հետ կապված հարցերում շատ ավելի սթափ է գնահատում իրավիճակը: Պատմությունը կրկնվում է, բայց, հուսով ենք, նույն ելքը չի ունենա:
-Պատմության կրկնության թեման շարունակելով՝ Արցախում ընթացող պատերազմը կարո՞ղ ենք պանթուրքական մեծ ծրագրի շարունակությունը համարել:
-Իհարկե, դա պարզից էլ պարզ է: Թուրքիան ոչ միայն մասնակցում, այլև անմիջականորեն ղեկավարում է Արցախի դեմ սանձազերծած պատերազմը: «Թուրքը փոխվել է» ասելով առաջին սխալն ենք գործում, իսկ երբ ասում ենք, թե թուրքը հրաժարվել է պանթուրքիստական ծրագրերից, գործում ենք երկրորդ սխալը: Բոլոր նրանց, ովքեր այդպես են կարծում, առաջարկում եմ մտնել թուրքական պետական հաստատություններ ու տեսնել թուրանիզմի ուղղակի առկայությունն ամենուր: Անգամ այդ երկրի լուրերին հետևելով կտեսնեք՝ պանթուրքիստական գաղափարախոսությունը մեկ ուղղությամբ չէ, որ առաջ են տանում: Ի տարբերություն մեզ՝ աշխատում ու գործում են: ՈՒ մինչև մենք մեր տաք գրասենյակներում նստած ճառում ենք, թե Թուրքիան փոխվել է կամ հրաժարվել է պանթուրքական ծրագրերից, նա շարունակում է աշխատել թե՛ լեզվական, թե՛ ռազմական, թե՛ այլ ուղղություններով, ավելին՝ փորձում է իր շուրջը հավաքել թրքալեզու բոլոր ժողովուրդներին:
-Այս օրերին միջազգային մամուլն ահազանգում է, որ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ են վարձկան-ահաբեկիչները ներգրավվել ադրբեջանական բանակում ու կռվում ընդդեմ Արցախի: Ի՞նչ եք կարծում, դա որևէ կերպ կազդի՞ գերտերությունների ու Թուրքայի հարաբերությունների վրա, թե՞ ամեն բան կշարունակի մնալ կոչ-հորդորի սահմաններում:
-Հիմնական «տոն տվող» երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկան և այլն, արդեն հաստատել են, որ վարձկաններ, այո, կան տարածաշրջանում, բայց միայն արձանագրելը բավարար չէ: Հստակ քայլեր են պետք, որ չեն արվում: Անմիջական գործողություններ իրականացնողներն այս տարածաշրջանի հետ առնչվող երկրները՝ Ռուսաստանը կամ Իրանը կարող են լինել, բայց նրանք նույնպես առայժմ հապաղում են:
-Ինչքան էլ ասենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս օրերին ենթարկվում է պաշտոնական Անկարային, չի բացառվում, որ մոտ ապագայում Ադրբեջանի մասով Թուրքիայի ախորժակն էլ մեծանա:
-Թուրքայի ախորժակն ավելին է, իհարկե, ու դա նկատելի է անգամ այս պահին, երբ ուզում է տարածվել Հունաստանում, Կիպրոսում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, արդեն Երուսաղեմի մասին է խոսում: Իհարկե նրա ախորժակը մեծ է, ու դա հիմնականում կապված է Թուրանի գաղափարախոսության հետ: Այսօր տեղի ունեցող գործընթացները փոքր քայլեր կամ առաջխաղացումներ են, որ Թուրքային հասցնելու են այդ վերջնանպատակին:
-Տեղի հայ համայնքի վիճակն ինչպիսի՞ն է այս օրերին:
-Ինչպես միշտ՝ բարդ: Նորություն չէ՝ Թուրքիայում ինչ էլ կատարվի, միևնույն է, հայ համայնքի կամ ազգային այլ փոքրամասնությունների գլխին է ջարդվում: Իհարկե մտահոգ են, մեծ մասը վախի մեջ է: Օրինակ, հայկական թաղամասերում այս օրերին թուրքերը ցույցեր են կազմակերպել, փորձել սադրել ու հրահրել մեր հայրենակիցներին:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ