ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իմ ընկերները բանտերում են

Իմ ընկերները բանտերում են
28.06.2025 | 16:11

(բաց նամակ-մենախոսություն)

Վերջերս մեծապես լուռ եմ:

Ե՛վ լիքը ասելիք կար (կա) և՛ հասկանում էի, որ աՍելիքը իմաստ չունի, մեծամասամբ տեղ էլ չի՛ հասնում ու սկի չի՛ հասկացվում, կենտրոնացած էի աՆելիքի վրա:

Իմ ընկերների հետ էի միայն խոսում ու կիսվում մեջիս կուտակվածը:

Իսկ հիմա նրանք բանտերում են... և ես ավելի շատ եմ լռում ու գրեթե ոչինչ չեմ խոսում, չեմ գրում:

«Փախնում եմ» մարդկանցից, ֆեյսբուքից...

Ընկերներս բանտերում չլինեին, «կփախնեի» նաև երկրից ու բոլորից:

Երևի մի քիչ նեղացած եմ խոսում, կարաք չհասկանաք:

Իմ ընկերները բանտերում են, իրենք ինձ կհասկանան:

Մեր (իմ) պայքարը հռչակված էր, որպես չ’անկնկալիքների պայքար:

Իմ միակ ակնկալիքն այս պայքարում ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ՊԱՏԻՎՆ ԷՐ, դրանց վերադարձը, դրանք վերագտնելը:

Քանի որ իմ Հայրենիքն ու Պատիվը գողացել են... կորցրել եմ...

Եվ ես առաջին օրվանից իմ մտքում, հոգում ու սրտում` սա դաջելով եմ մտել պայքարի մեջ:

Բա՞յց…

Կներես Սրբազան (իմ ավագ ընկեր), ես հիմա իմ պայքարից ակնկալիք ունեմ՝ անձնական ու կոնկրետ ակնկալիք:

Դա իմ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է... քանի որ նրանց ազատությունը նույնպես գողացել են:

Եվ ես հիմա պայքարում եմ նաև ու հատկապես դրա համար:

Մեկ -մեկ մտածում եմ՝ լավ է՜է՜է՜ հե՜չ հավես չկա, գլխիս դիսերտացիաներ կկարդաք...

Դուք բոլորդ ուժեղ եք ու խելոք:

Չ՛հանձնվող ու չ՛կոտրվող... տենց չ՛հանձնվելով Արցախ հանձնեցինք:

Լույս Տղեք հողին հանձնեցինք:

Իսկ ես թույլ եմ:

Արցախն ինձնից ուժեղ էր, ես մինչև հիմա չեմ կարողանում այն հանձնել:

Տղեքն ինձնից ուժեղ էին, ես մինչև հիմա ամեն օր, ամեն գիշեր նրանց հետ կռվում եմ, ու նրանք ինձ հաղթում են: Իմ Հավատքն ինձնից ուժեղ է:

Ձեր չտեսած բաների ապացույցն ու ձեր տեսած բաների հերքումն է Հավատքն ինձ համար:

Ինձնից ուժեղ էլի ու լիքը բաներ կան:

Իմ ընկերները բանտերում են, իրենք ինձնից ուժեղ են:

Դանին...

Դանին ինձնից ուժեղ է… ինքը չգիտի:

Ինքը չգիտի, որ իր ընկերները բանտերում են:

Ինքը չի հավատա դրան:

Իր հավատքն իմինից ուժեղ է:

Ինքն ինձնից ուժեղ է:

Ինքն ինձնից ամեն ինչով ուժեղ է:

Սրբազանն իր ամենալավ ընկերն է, Մոսոն իր ընկերն է, Հրայրն իր ընկերն է, Լիդիան իր ընկերն է…

Մի օր Վրեժը հարցրեց.

- Դան, ակցիայից ու՞մ ես ամենաշատը սիրում:

Ինձ համար զարմանալիորեն ասաց.

- Լիդիային...

Որովհետև մի ժամ առաջ Լիդիայի հետ «իրար տվել էին»:

Ինքն ամեն օր ինձ հարցնում է,

- Ա՛րտ, էսօր ինձ մանկապարտեզից դու՞ ես վերցնելու, էսօր Սրբազան պայքար կա՞...

Ասում եմ.

- Չէ՛, չկա, Դան ջան:

Ամեն օր հարցնում է.

- Էսօր ակցիա կա՞, Լիդիան չի՞ գրել ...

Ես էլ իրեն չգիտեմ ինչ պատասխանեմ, ասում եմ.

- Դան ջան, Սրբազանը, Լիդիան, բոլորը երկու ամսով երկրից գնացել են (երեկ հարցնում է՝ էդ երկու ամիսը չանցա՞վ):

Ես իրեն խաբում եմ, ճիշտը չեմ կարում ասել:

Ոնց Արցախի հարցում խաբեցի, ոնց իմ ու իր ընկեր Գագոյի հարցում խաբեցի, որ բենզինի պահեստում վառվեց...

Մինչև հիմա հարցնում է.

- Բա ու՞ր ա Գագոն...

Խաբում ասում եմ.

- Գագոն ուժեղ ա, մնացել ա Արցախում...

Պռինցիպի տենց էլ կա՝ իրենք մնացին Արցախում:

Ինքն ու Գագոն ուժեղ են...

Դանիի համար իր ընկեր Սրբազանը նաև մեծ հեղինակություն է:

Երբ իրեն մի բան եմ ասում, օրինակ՝ մեքենայի հետևը նստի, պարեկները կբռնեն, ասում է` հա՛, ես էլ կասեմ՝ սրբազանից եմ, Սրբազանի ընկերն եմ:

Իր պատկերացմամբ, իր Երկրում իր Ընկեր Սրբազանի առջև փակ դուռ չկա:

Հիմա ես ո՞նց էսքան շուտ իրենից իր Երկիրը խլեմ ... ասեմ՝ քո պատկերացրած Երկիրը չկա, քո ընկեր Սրբազանի վրա դռներ են փակել, Սրբազանին են փակել…

Ես ո՞նց իր հեքիաթը ջարդեմ:

Իր հեքիաթում միայն հաղթանակներ ու բացվող դռներ են:

Իր հեքիաթում միայն կենդանի հերոսներ են:

Իսկ մենք մեռած հերոսների իրականությունում ենք ապրում ու մեռցնում, նոր հետո սիրում:

ես չեմ ուզում իր հեքիաթը սՊանել, ու իր հեքիաթի հերոսներին մեռցնել, որ սիրվեն...

Ջհանդամին տենց «իրական» սերը ...

Իր հեքիաթն ավելի իրական է, քան ձեր կերտած իրականությունը:

Է՜հ, չգիտեմ էլ ինչի ու ինչ եմ էսքան գիժ-գիժ գրում:

ՈՒ՞մ է հետաքրքիր:

Սրբազան, բոլորովին վերջերս Լիդիային մի բան էիր ասել (Լիդիան ինձ ասաց)

- Արթուրը մեր համար բացահայտում էր:

Ինձ էս կյանքում շատ քչերն են բացահայտել, ես միշտ սիրել եմ «թաքնված մնալ», լուռ հետևել ու գործել:

Այս պայքարի մեջ էլ առաջին օրվանից միշտ հեռու քաշված ու լուռ... ու տենց ամիսներ:

Բոլորն ինձ Դանիի պապա գիտեին ու ե՛ն:

ՈՒ տենց էլ կա, ես Դանիի պապան եմ:

Իսկ հայրերը պարտավոր են իրենց զավակների հեքիաթները չարից պաշտպանել:

Դու բացահայտեցիր ինձ, Սրբազան ջան:

ՈՒ ես խոստանում եմ, որ կլինեն ավելի նոր ու հաղթական բացահայտումներ ...

Իսկ հիմա իմ ընկերները բանտերում են:

Իմ ու որդուս Երկիրն ու իմ որդու հեքիաթներն են բանտված:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ.

Պատանի ժամանակ, երբ Սովետը քանդվում էր արդեն ու դրսի հետ կապը բացվում, մի պատմություն լսեց: Ծայրահեղ իսլամական երկրներից մեկում (երկիրը նշելը կարևոր չի) մի մուսուլման քրիստոնեություն է ընդունում:

Նրան դատապարտում են երկար տարիների ազատազրկման և նստացնում մի փոքր մենախցում, որտեղ պառկել անգամ չէր կարող, միայն կարող էր ծնկերը ծալած, ոտքերը փորին պինդ սեղմած նստել:

Էդպես 9 տարի անցկացնելուց հետո մի օր իրավապահները նրան հարց են տալիս.

- Լավ, հիմա պատկերացրու, որ քո Հիսուսը հայտնվում է քեզ ու ասում, պատկերացրու ասենք միջնորդով չէ, ձայնով չէ, տեսիլքով չէ, այլ ինքն անձամբ քեզ ասում է.

«Ես տեսա, որ դու ինձ շատ ես սիրում, ու շատ հարազատ եմ քեզ, ինձ համարում ես քո ամենալավ ընկերը: ՈՒ քո իմ հանդեպ այսպիսի նվիրվածությունը տեսնելով ու գնահատելով` եկել եմ մենակ քեզ մի ճշմարտություն բացեմ, ես չեմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը ... Մուհամեդն : Նրան հետևիր»:

Ի՞նչ կպատասխանես այս «ճշմարտությունն» իմանալուց հետո:

Մարդը պատասխանում է.

- Կասեմ, Հիսու՛ս, դու իմ Ընկերն ես: ՈՒզում ես ճշմարտություն եղիր, ուզում ես մի եղիր: Ինչ կուզես, եղիր: Ինձ համար մեկ է:ինձ քո գրկից ուրիշի գիրկը մի՛ ուղարկիր:

Պատանի տարիքից էս պատմությունը դարձավ ինձ համար ընկերության, հավատարմության, հավատքի և ոչ միայն նշանաբանն ու բանաձևը:

Իսկ հիմա իմ ընկերներն են բանտերում...

Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ