Մարդկությունն իր ստեղծման սկզբից ապրել է «ով ուժեղ է, նա ճիշտ է» օրենքով մինչև այն ժամանակները, երբ հարստությունն իր հզորությամբ սկսեց մրցել բիրտ ուժի հետ։
Սկզբում ուժը հարստության միակ տերն էր, բայց ուժեղների միջև անխուսափելի մրցակցությունը բոլոր տեսակի բարիքների համար առաջընթաց ապահովեց մարդկության համար։
Իսկ զարգացող հասարակությունը ավելի ու ավելի կարիք ունի խելքի ու փողի, քանի որ զարգացումն ինքը առանց ռացիոնալ որոշումների ու դրանց ֆինանսավորման անիմաստ է։
Այդ հանգամանքը հասարակության մեջ առաջ մղեց խելոքներին և փողատերերին՝ սկզբում վաշխառուների տեսքով, իսկ շատ հետո էլ՝ կապիտալի տերերի տեսքով։
Այսպես ձևավորվեցին ազդեցիկության երեք թևերը՝ ուժի, հարստության և ինֆորմացիայի կրողների տեսքով։
Շատ ավելի ուշ հարստության ու կապիտալի ազդեցիկության աստիճանական աճը բերեց որակապես նոր արդյունքի՝ անձնական սեփականության անձեռնմխելիության օրենքին, որը կտրուկ կերպով դժվարացրեց բիրտ ուժի կողմից դրանց վերահսկումը։
Այս հանգամանքն էլ հնարավորություն տվեց վերպետական շահեր ունեցող և հարստության տեր արիստոկրատիային ու կապիտալի նոր տերերին մտնել ալյանսի մեջ, որն էլ հենց գլոբալիզմի սաղմնային ձևն էր։
Արդեն մեր ժամանակներում, ԽՍՀՄ-ի կոլապսից հետո, ուժային միաբևեռությունը փոխեց աշխարհի տնտեսական դեմքը՝ տեղափոխելով արտադրությունները և, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական արտադրությունները, զարգացած երկրներից դեպի համապատասխան ռեսուրսներ ունեցող և ցածր աշխատավարձով երկրներ։
Այս հանգամանքը միջազգային կորպորացիաներին հնարավորություն տվեց ստանալ ահռելի լրացուցիչ շահ ի հաշիվ մետրոպոլիայի բարձր աշխատավարձերի և դրսի երկրներում աշխատավարձերի հսկայական տարբերության ու տեղական ռեսուրսների օգտագործման։
Եվ որևէ մեկը այս գործողություններում գլոբալ բնույթի վտանգ չէր տեսնում, քանի որ միաբևեռ աշխարհը թվում էր անսասան, բայց այդ ամենը բոլորովին այլ ու անսպասելի հետևանքներ ունեցավ երկու տարբեր պատճառներով, առաջինը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկ երկրորդը՝ Չինաստանի։
Ելցինի իշխանության տարիներին ԱՄՆ-ի նախագահ Քլինթոնը բնական էր համարում Ռուսաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ի կազմում, բայց Եվրոպան, մասնավորապես Հելմուտ Քոլի Գերմանիան, կտրուկ դեմ դուրս եկավ այդ գաղափարին։
Նույնը շարունակվեց Պուտինի ժամանակ, որը ևս ՆԱՏՕ-ին միանալու իր ցանկությանը մերժում ստացավ Արևմուտքից։
Ավելին, ՆԱՏՕ-ն, առանց հաշվի առնելու Ռուսաստանի անվտանգության հետ առնչված ռիսկերը, սիստեմատիկաբար իր շարքերն ընդունեց Արևելյան Եվրոպայի երկրներին, այդ թվում նաև՝ մերձբալթյան նախկին խորհրդային երեք հանրապետություններին։
Ռուսաստանը, այս ամենը համարելով շատ լուրջ գոյաբանական վտանգ իր համար, բազմիցս զգուշացրեց Արևմուտքին դրա մասին, որը վերջինիս կողմից պարզապես անտեսվեց, համարելով, որ Ռուսաստանը այնքան թույլ է, որ ի պատասխան ոչ մի լուրջ քայլ կատարել ու իր համար վտանգ ստեղծել չի կարող։
Մի հանգամանք, որը, ինչպես պարզվում է մեր օրերում, շատ մեծ սխալ էր Արևմուտքի կողմից, և որը ստիպեց Ռուսաստանին դիմել անհրաժեշտ քայլերի՝
վերազինման և Չինաստանի հետ մերձեցման։
Այս ամենն էլ հանգեցրեց ուկրաինական միջնորդավորված պատերազմին Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, որը շարունակվում է առ այսօր և լակմուսի թղթի նման օգնում է պատասխանել այն բարդ հարցին, թե ով ով է այսօրվա աշխարհում։
Ինչ վերաբերում է Չինաստանի հետ կապված հարցին, ապա դրա արմատները գտնվում են սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի մրցակցության մեջ։
Դեռևս Ռիչարդ Նիքսոնի նախագահության տարիներին, պետքարտուղար Քիսինջերի նախաձեռնությամբ, բանակցություններ սկսվեցին Չինաստանի հետ ԽՍՀՄ-ի դեմ ուղղված ալյանս ստեղծելու համար, որն էլ հաջողեց, քանի որ Ռուսաստանի ու Չինաստանի միջև շարունակվում էր գաղափարական հակամարտությունը և, ընդհանրապես, մեծ հաշվով, նրանց շահերի չհամընկնելը։
Մի հանգամանք, որը, այլ կարևոր պատճառների հետ միասին, վճռական նշանակություն ունեցավ ԽՍՀՄ-ի փլուզման գործում։
Նման արդյունքի հասնելու համար ԱՄՆ-ը գնաց որոշ զիջումների՝ տրամադրելով Չինաստանին ֆինանսավորում և տեխնոլոգիաներ, որը բխում էր նաև միջազգային կորպորացիաների շահերից, մի երևույթ, որն ունեցավ շատ հեռուն գնացող հետևանքներ ամբողջ աշխարհի համար, քանի որ ծնեց որակապես նոր պրոցեսներ։
Ընդհանուր առմամբ, արևմտյան ծագում ունեցող արտադրությունների ու տեխնոլոգիաների արտահանումը այլ երկրներ կարող էր իրեն արդարացնել միայն այդ երկրների մարդկանց կայուն աշխատավարձ տալով ու նրանց կրթելով, հանգամանքներ, որոնք ավտոմատիկորեն բերեցին այդ երկրների հզորացմանը և, առաջին հերթին, աշխարհի ֆաբրիկա դարձած Չինաստանի հզորացմանը։
Նույն պրոցեսները բերեցին նաև աշխատատեղերի արտահոսքին արևմտյան զարգացած երկրներից, որն էլ, դարձյալ օրինաչափորեն, բերեց երկու տեսակի էֆեկտի՝ պետության թուլացմանը և միջազգային կորպորացիաների հարստացմանը։
Մի հանգամանք, որը, ի թիվս այլ հետևանքների, սրեց հակասությունը պետության և գլոբալիստների միջև, որն էլ արևմտյան լագերում ներկա պառակտվածության հիմնական պատճառներից մեկն է։
Դրանից բացի, ԽՍՀՄ-ի կոլապսից հետո, առաջնորդվելով այն համոզմունքով, որ միակ թշնամին ջախջախված է, և այլևս լուրջ սպառազինության կարիքը չկա, Արևմուտքը կտրուկ կերպով կրճատեց ռազմական արդյունաբերությունը, քանի որ բիզնեսն այդ ուղղությամբ այլևս էֆեկտիվ չէր։
Մանրամասները թողնելով մի կողմ՝ պետք է ասել, որ ընդհանուր գծերով սրանք էին այն հիմնական պատճառները, որոնք բերեցին այսօրվա համաշխարհային թնջուկին՝ լի աշխարհաքաղաքական հանելուկներով ու գոյաբանական ռիսկերով։
Մնում է հուսալ, որ այս վիճակում միակ հաղթողը կլինի մարդկության առողջ դատողությունը, որն էլ կբերի հակամարտության բոլորի կողմերի համար ընդունելի կոմպրոմիսային լուծումների։
Պավել Բարսեղյան