Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թեկուզ թախծահար, մենությամբ լեցուն

Թեկուզ թախծահար, մենությամբ լեցուն
06.07.2025 | 11:46
Գուցե այլեւս ո՛չ Տերն է գալու,
ո՛չ անգամ Եղիան սքանչելագործ,
եւ մնալու ենք անտեր ու անլուր,
մտոք՝ սանձարձակ ու հոգով՝ անփորձ -
մեր ծովածավալ կարոտների հետ,
ցավերի, զղջման ու զրկանքների,
դառնության մեջ ենք սուզվելու հավետ
գուցե՝ մեղսալից, մերժված ու գերի:
Ու դեռ չգիտենք լեզուն գալիքի,
ինչ ոգիներ են մեզ դատում անձայն,
այս հրաշաձիգ, լուսնոտ ճամփեքին
շողում ենք՝ ինչպես խաչ ու մահարձան:
Բայց մնալու ենք մենք նաեւ անկեղծ
շնորհված բազում հրաշքների հետ,
որ չխնայեց Տերը - հանուն մեզ
իր անհուն ձիրքը Նա հոժար վատնեց:
Թիվ մեկ հրաշքն աշխարհն է այս պերճ՝
իր գեղածիծաղ կանաչ-կապույտով,
նա վետվետում է բեղուն սրտի պես՝
տիեզերական անապատի մեջ:
Երկրորդ հրաշքը երկիրն է մեր սաթ՝
ոգու եւ հողի մետամորֆոզով,
նա երկխոսում է Աստծո հետ ազատ,
բայց եւ նե՜ռըն է լսում ,,ժուչոկով,,:
Հրաշավայր է տունը հայրենի -
թեկուզ կորուսյալ, անհաս ու ավեր,
նրա բուրմունքն է մեզ առաջնորդում
ժամանակների դիահոտն ի վեր:
Եվ հրեշտակն է սեր ու վայելքի
պարուրում կրքով մեզ հրաշավուն,
եւ մեր հոգին է դառնում աստղակիր,
ու մեր մարմինն է խենթ թեւավորվում:-
Գուցե Տեր-Աստված դեռ ամեն ինչ չէ
տվել մեզ՝ որպես հատուցում արդար -
մեր խաբկանքների ու զոհաբերման,
սարսափների դեմ տոկալու համար.-
ոչի՛նչ, թե հաճախ մեզ չի ներշնչում՝
հուսալից լինել, երազով՝ ցնծուն,-
մենք հրաշափառ օրերով կանցնենք՝
թեկուզ թախծահար, մենությամբ լեցուն…
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ