Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է՝ եթե Հայաստանը սերտացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ և դուրս գա ԵԱՏՄ-ի մաքսային տարածքից, ապա մեր տնտեսությունը կբախվի լուրջ հետևանքների։
Ինչի մասին է խոսքը․
Ապրանքների ազատ տեղաշարժն ու առանց մաքսատուրքի առևտուրը կդադարեն։
Հայկական մրգերն ու բանջարեղենը ռուսական շուկայում կթանկանան 5-20%–ով։ Եթե չցանկանանք թանկացնել, ապա հենց գյուղացին ու արտահանողն են ստիպված լինելու իջեցնել գինը։
Ներմուծվող ապրանքներն ու էներգակիրները նույնպես կթանկանան՝ կորցնելով ներկայիս արտոնյալ գները։
Սա առաջին հերթին հարվածելու է գյուղատնտեսությանը և սպառողների գրպանին։
Երկարաժամկետ հեռանկարում ԵՄ շուկայի հետ ինտեգրումը կարող է բերել նոր հնարավորություններ՝ ներդրումներ, տեխնոլոգիաներ, մրցակցային արտադրություն։ Բայց դրա համար անհրաժեշտ են ժամանակ, մեծ ներդրումներ և ճիշտ քաղաքական որոշումներ։
Այսօր հարցն արդեն հստակ է․ կարճաժամկետում առանց մաքսատուրքերի առևտրից հրաժարումը մեծապես կթանկացնի սպառողական զամբյուղը և կվտանգի գյուղացու եկամուտները։
Ավելին՝ այս պահին տեսանելի չէ այն արտաքին կենտրոնը, որը պատրաստ կլինի ֆինանսապես փոխհատուցել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները կամ ապահովել տնտեսական հարաբերությունների իրական դիվերսիֆիկացիա։
Օրինակ, Բուլղարիան և Ռումինիան ԵՄ-ին միանալու առաջին տարիներին բախվեցին գնաճի, գյուղատնտեսության ճնշման և աշխատուժի արտահոսքի։ Միայն տարիներ անց, ԵՄ ներդրումների և շուկաների հասանելիության հաշվին, նրանք կարողացան հասնել կայուն աճի։
Հետևաբար, խնդիրը պարզ է․ պատրա՞ստ է Հայաստանը վճարել նման գին՝ հանուն թվացյալ քաղաքական ու տնտեսական անկախության, այն պայմաններում, երբ ԵՄ-ն մեզ որևէ կոնկրետ փոխհատուցման կամ անվտանգության երաշխիք չի տալիս։
Իսկ անորոշության պայմաններում նման որոշումները առավել մեծ ռիսկեր են պարունակում։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ